Արցախն արտաքին քաղաքական այլ առաջնահերթությու՞ն էլ ունի

Արցախն արտաքին քաղաքական այլ առաջնահերթությու՞ն էլ ունի
Լրատվամիջոցները վերատարածել են «Ազատ Արցախ» թերթին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի [հարցազրույցը](https://www.tert.am/am/news/2018/11/15/artsakh-mfa/2845370), որի ամփոփիչ եւ, թերեւս, հիմնական միտքը ձեւակերպված է այսպես. «Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը»: Նախ, ի՞նչ է նշանակում Արցախի միջազգային ճանաչումը «կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը»:



Այսինքն, ԱՀ միջազգային ճանաչմանը հետեւելուէ ինչ-որ անշրջելի խաղաղ գործընթա՞ց: Թե՞ դրանով խաղաղ գործընթացն ավարտվելու է, սկսվելու է նորը՝ միջպետական հարաբերությունների հաստատում, ինտեգրացիա տարածաշրջանային եւ միջազգային կառույցներին, այլ երկրների հետ բնականոն հարաբերություններ: Տպավորություն է, թե ԱՀ արտգործնախարարը ոչ թե որոշակի հեռանկարի պատկերացում է փոխանցել, այլ պարզապես հավուրպատշաճի միտք հնչեցրել՝ ուշադրություն չդարձնելով, թե այն ինչպես կընկալվի շահագրգիռ երկրների եւ միջազգային կառույցների կամ փորձագիտական հանրության կողմից: Դիվանագիտական տեքստը պետք է պարունակի պետական նպատակադրվածության գոնե տողատակային ամրագրում: Այս դեպքում, ցավոք, գործ ունենք առավելապես իրավիճակային պատկերացումների հետ: Եւ բանը հասել է նրան, որ Արցախի միջազգային ճանաչումը հռչակագրվել է ոչ թե որպես արտաքին քաղաքական գլխավոր կամ, թերեւս, միակ առաջնահերթություն, այլ՝ առաջնահերթություններից մեկը:



Մինչդեռ միջազգային ճանաչման ձգտող պետությունը դրանից զատ որեւէ այլ նպատակ իր առջեւ չի կարող դնել: Նրա արտաքին քաղաքական մյուս բոլոր քայլերը պետք է լինեն ընդամենը միջոց, հնարավորության իրացման փորձ՝ հասնելու հիմնական նպատակին՝ միջազգային ճանաչման: Երբ դա տեղի ունենա, կծագի արտաքին քաղաքական առաջնահերթություններ մշակելու անհրաժեշտություն: ԱՀ արտաքին գործերի նախարարը, մինչդեռ, այն աստիճան է տուրք տալիս քաորզչականությանը, որ հայտարարում է, թե Արցախը հենց ներկա՝ չճանաչված կարգավիճակով, պատրաստ է Իրանի հետ երկկողմ հարաբերությունների: Իսկ Իրանը պատրա՞ստ է: Իսկ Հայաստանից բացի որեւէ երկիր Արցախի հետ հարաբերությունների հաստատման ազդակ իսկ արտահայտե՞լ է: Ի՞նչ կարիք կա տրվելու նման զգացմունքայնության: Եւ ո՞վ է հասցեատերը: Արցախի հանրությու՞նը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրնե՞րը: Առհասարակ՝ ո՞րն է նման, իրական ոչ մի քայլով չհիմնավորվող, հայտարարությունների իմաստը: Արցա՞խն էլ է մտել նախընտրական ռեժիմի մեջ: