ՊՈԱԿ-ների մասին օրենքը վերաձեւվել է․ կլինեն նոր մրցույթներ

ՊՈԱԿ-ների մասին օրենքը վերաձեւվել է․ կլինեն նոր մրցույթներ

Մի շարք ՊՈԱԿ-ներ, այս էլ ինչքան ժամանակ է, չունեն տնօրեններ։ Խնդիրն այն է, որ մրցույթներ չհայտարարելու հանգամանքը կապված է ՊՈԱԿ-ների մասին օրենքի հետ, որն այս ամիսների ընթացքում փոփոխության էր ենթարկվում։ Արդյունքում՝ միասնական նոր կարգ է մշակվել արդարադատության նախարարության կողմից, որն արդեն հաստատվել է։ Ըստ այդմ, առաջիկայում, նոր կարգի համաձայն, կանցկացվեն բոլոր ՊՈԱԿ-ների մրցույթները։ 

ԿԳՄՍՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարգը հաստատվել է ապրիլին, բայց կարգից բխող բավականին գործառույթներ կային, որոնք պետք է իրականացվեին, որպեսզի նոր հնարավոր լիներ հայտարարել մրցույթներ․

«Պետք է հարցաշարեր կազմվեին, հարցաշարերը մուտքագրվեին, համապատասխան այդ ծրագրին` ամփոփաթերթեր պատրաստվեին։ Բավականին ծավալուն աշխատանք կար։ Հիմա կարծես թե ավարտել ենք նախապատրաստական այդ աշխատանքները եւ սկսում ենք արդեն հայտարարությունները տալ։ Հիմա մենք ժամանակացույց ենք կազմում եւ տվել ենք բոլոր ՊՈԱԿ-ների անունները, որտեղ պետք է լինեն մրցույթներ։ Ի դեպ, այս վիճակը միայն մշակույթի թեւում չէ, սպորտում էլ ունենք, կրթությունում էլ, հետաձգված մրցույթները շատ են, ըստ հերթականության` բոլոր մրցույթները կհայտարարվեն։ Հիմա մենք մշակույթի մասով մեկ մրցույթ արդեն հայտարարել ենք՝ Արմավիրի գրադարանի համար»։ 

Թե երբ է հերթը հասնելու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին, որտեղ տնօրենի պաշտոնի համար մրցույթ պետք է հայտարարվեր դեռ փետրվարին, ԿԳՄՍ ներկայացուցիչն ասաց. «Առայժմ ոչ մի հանձնարական Օպերայի հետ կապված չկա»։ Իսկ առաջնահերթությունների տրամաբանությունը սա է՝ նախ, այն ՊՈԱԿ-ները, որտեղ ավելի երկար ժամանակ մրցույթ չի հայտարարվել: «Օպերայից առաջ կան 3-4 ՊՈԱԿ-ներ, որտեղ ավելի շուտ են լրացել տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետները»,-նշեց նա։    

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում անդրադառնալով օրենքում տեղ գտած խմբագրումներին, թե մասնավորապես որ կետերն են փոխվել, նախարարության ներկայացուցիչն ասել էր․ «Գործերի ընդունման ժամկետ է փոխվել, առաջ գործերն ընդունվում էին 30 օրում, հիմա՝ 15 օրում, նաեւ մրցույթի անցկացման կարգը, հարցազրույցի փուլը, թեստերի քանակն է փոխվել՝ ավելացել է, հիմա յուրաքանչյուր մասնակից 80 հարցից բաղկացած թեստ պետք է լրացնի, նախկինում ամենաշատը 50 է եղել։ Բացի այդ, նախկին՝ 5 տարվա փոխարեն այսուհետ կպահանջվի 4 տարվա հանրային ծառայության ստաժ, 5 տարվա մասնագիտական, աշխատանքային ստաժ եւ 3 տարվա համապատասխան ոլորտի ստաժ»։

Ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում պետությունը գնացել է ցանկացած քայլի (նվազեցնելով պահանջվող ստաժը, հանելով այս կամ այն կոչումը)՝ իր ուզած թեկնածուներին նշանակելու կամ իր ենթակայության ներքո գործող կառույցները, ՊՈԱԿ-ներն ավելի կառավարելի դարձնելու համար: