Ադրբեջանը եւ Ուկրաինան ավելի են հեռանում միմյանցից

Ադրբեջանը եւ Ուկրաինան ավելի են հեռանում միմյանցից
Բաքվի պետական համալսրանը հրաժարվել է նախնական պայմանավորվածությունից՝ Ուկրաինայի դեսպանատան հետ կազմակերպելու «գոլոդոմոորին» նվիրված կլոր սեղան: Ինչպես հայտնի է, Ուկրաինան պնդում է, որ 1932-33 թվականերին Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունները սովահարության հատուկ քաղաքականություն են իրականացրել, որին զոհ է գնացել, տարբեր հաշվարկներով՝ 3-ից մինչեւ 7 միլիոն ուկրաինացի: Այդ խնդիրն Ուկրաինայում պատմական փոշիներից մաքրվել եւ հանրայնացվել է անկախությունից հետո՝ պատճառ դառնալով Ռուսաստանի հետ գաղափարախոսական սուր տարաձայնությունների: Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ուկրաինացիների նկատմամբ առանձին խտրական քաղաքականություն ԽՍՀՄ իշխանությունները չեն վարել, երևույթն ընդհանրական էր՝ կապված գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանին բնորոշ շեղումների եւ դրանցից ախանցված բարդությունների հետ:



Ուկրաինան «գոլոդոմորը» հավասարեցնում է ցեղասպանության եւ այդ ուղղությամբ համապատասխան տեղեկատվա-քարոզչական քայլեր է ձեռնարկում ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում: Այդ թեմայով միջոցառումների անցկացման վայրերից մեկն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է: Ուկրաինան եւ Ադրբեջանը ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են եւ ֆորմալ առումով նույն քաղաքակրթական եւ քաղաքական արժեքներ պետք է կրեն: Նախկինում հենց այդպես էլ կար: Ի մասնավորի՝ «գոլոդոմորին» նվիրված ուկրաինական նախորդ միջոցառումն անցկացվել էր Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Այս տարի նման պայմանավորվածություն Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատունը ձեռք էր բերել Բաքվի պետական համալսարանի հետ, սակայն միջոցառումից երեք օր առաջ ԲՊՀ ղեկավարությունը դրժել է պայմանը: Նոյեմբերի 15-ին միջոցառումը մեկնարկել է Բաքվում Ուկրաինայի դեսպանատանը, իրավականորեն՝ ուկրաինական տարածքում: «Ռուսաստանի ներկայիս կառավարությունը պատասխանատվություն չի կրում Ստալինի արարքների համար, մի՞թե Ռուսաստանում որեեւէ մեկը կդժգոհեր, եթե »գոլոդոմորին» նվիրված միջոցառումն անցկացվեր ԲՊՀ-ում»,- հռետորական [հարցադրում է արել](https://minval.az/news/123839682 ) «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Էլխան Շահինօղլուն:



Ադրբեջանցի քաղաքագետն այսպիսով հասկանալ է տվել, որ ԲՊՀ ղեկավարությունը միջոցառման կազմակերպման հարցում ոչ թե ինքնուրույն, այլ՝ իշխանությունների հրահանգով պայմանավորված որոշում է կայացրել: Պաշտոնական Բաքուն չի ցանկացել իր վրա կենտրոնացնել Ռուսաստանի իշխանությունների դժգոհությունը եւ փաստացի դավաճանել է Ուկրաինայի հետ ռազմավարական հռչակված հարաբերություններին: Վերջին շրջանում Ուկրաինա-Ադրբեջան հարաբերություններում նկատելի է սառնությունը: Անոնսավորված էր, որ մինչեւ այս տարեվերջ պաշտոնական այցով Կիեւ կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բայց այդ ուղղությամբ տեղեկատվության բացակայությունը հուշում է, որ այցն, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Տեւական ժամանակ Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման աղբյուր հանդիսանալուց հետո Ուկրաինան, երբ ինքն է բախվել մարտահրավերնեերի, պաշտոնական Բաքվի համար դադարել է հետաքրքիր լինելուց:



Ակնհայտ է, որ Ուկրաինան եւ Ադրբեջանը հեռանում են միմյանցից: Առաջինն ընտրել է անվտանգության եւ տնտեսական համագործակցության եվրաատլանտյան միջավայրը, երկրորդը ջանում է ասոցացվել Ռուսաստանի հովանու ներքո եվրասիական ռազմաքաղաքական եւ առեւտրատնտեսական կառույցներին: Այս իրավիճակում ուկրաինական «գոլոդոմորը» ոչ մի հույզ Ադրբեջանում չի հարուցում: «Վաղն Ուկրաինան անտարբեր կգտնվի Խոջալոուի ողբերգության նկատմամբ»,- զգուշացնում է Էլխան Շահինօղլուն: Բայց մի՞թե Խոջալուն հուզում է Ադրբեջանի իշխանությանը: