ՊԵԿ-ի պարզաբանումը մեր հոդվածին

ՊԵԿ-ի պարզաբանումը մեր հոդվածին
#### Hraparak.am կայքում հրապարակված ««[Գազպրոմ Արմենիան» օրինապահ հարկ վճարո՞ղ է, թե վճարող է, թե՞ հարկերը թաքցնող. ՊԵԿ-ը հակասում է ինքն իրեն](https://www.hraparak.am/posts/5bec0923eda44306b2b29fbe)» վերնագրված նյութի վերաբերյալ



«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 2018 թվականի հունիսի 27-ին, որի գործողության ժամկետը եղել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը և հոկտեմբերի 10-ին՝ գործողության ժամկետը՝ 2019 թվականի մարտի 31-ը:



«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը հաստատվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրամանով, որը փոփոխվել է ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 572-Ա հրամանով: Նշված հրամանները տեղադրված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» ենթաբաժնում:



Համաձայն կարգի, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հաշվետու ժամանակաշրջանում հարկման ընդհանուր համակարգում գործող հարկ վճարողի կողմից իրականացված փաստացի գործունության իրավաչափության վերաբերյալ հարկային մարմնի պաշտոնական հավաստումն է, իսկ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հարկ վճարողի դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարից մինչև դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամիսը ներառող ժամանակահտվածը: Օրինապահ հարկ վճարող համարվելու համար հարկ վճարողը հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետք է բավարարի հետևյալ չափանիշներին, որոնք նշված են նաև հավաստագրի ձևատեսքում.



1. հարկային և մաքսային մարմիններ օրենսդրու­թյամբ նախատեսված հաշվարկների (հաշվետվություն­ների), այլ փաստաթղթերի և տեղեկություն­­ների ներկայացում (այդ թվում՝ նախկինում չներկայացրած հաշվարկների, փաստաթղթերի, տեղեկությունների մասով)՝ սահմանված կարգով և ժամկետներում,

2. հարկերի, տուրքերի և (կամ) վճարների (այդ թվում՝ կանխավճարների) վճարում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում,

3. դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից հաշվառվող, ՀՀ պետական բյուջեի հանդեպ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (հարկ, տուրք, վճար, տույժ, տուգանք),

4. հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրած էական (ոչ ավել քան շրջանառության 0.05 տոկոսը) իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ստուգումների ժամանակ ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանից տարբերվող ժամանակաշրջան):



«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր, քանի որ հարկ վճարողի կողմից հարկային մարմնին դիմելու պահին ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով բավարարել է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված կարգի վերը նշված պահանջներին: Այսինքն՝ տրված հավաստագրերով հարկային մարմինը հավաստել է, որ հաշվետու ժամանակահատվածի (2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն՝ առաջին դեպքում, և 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ն՝ երկրորդ դեպքում) ընթացքում հարկ վճարողը թույլ չի տվել հարկային հաշվարկների ներկայացման և վճարումների կատարման գծով իրավախախտումներ, դիմումը ներկայացնելու պահին չունի ժամկետանց պարտավորություններ և այդ ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից իրավախախտումներ չեն արձանագրվել, ինչը չի նշանակում, որ հավաստագրերը տրամադրելուց հետո ևս հարկ վճարողի կողմից իրավախախտումներ չեն կատարվի կամ հարկային մարմնի կողմից իրավախախտումներ չեն արձանագրվի կամ չեն կարող արձանագրվել՝ թեկուզ և դրանք վերաբերեն նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին: Հավաստագրերը տրամադրելուց հետո հարկ վճարողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կամ հարկային մարմնի կողմից արձանագրվելու հնարավորությամբ կամ հավանականությամբ է պայմանավորված, որ հավաստագրերը տրամադրվում են կարճ ժամկետներով՝ հավաստագրի տրման օրվանից մինչև հաջորդ եռամսյակի վերջին օրվա ավարտը, որի ընթացքում կամ դրանից հետո արձանագրված իրավախախտումները հաշվի են առնվում դրանից հետո ներկայացված դիմումների քննարկման ժամանակ:



Հետևաբար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրված հավաստագրերը կեղծ չեն, դրանք տրվել են գործող կարգի համաձայն, որը բնավ չի նշանակում որ ընկերության մոտ հավաստագրերը տրամադրելուց հետո իրավախախտումներ չեն կարող արձանագրվել: Հակասություններ փնտրելու կամ «հետաքրքրիր նրբություն» արձանագրելուց առաջ խորհուրդ ենք տալիս օգտվողներին ծանոթանալ օրիանապահ հարկ վճարողներին հավաստագրեր տրամադրելու ընթացակարգին, որը հրապարակված է ՀՀ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքի վերը նշված ենթաբաժնում, կամ հենց տրված հավաստագրին:



**ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին**