Դարի հոգսերն ու մարտահրավերները

Դարի հոգսերն ու մարտահրավերները
_Սկսենք հոգսերից։ Մեր հանրապետությունում հազարավոր դատապարտյալներ են համաներման շնորհիվ ազատ արձակվում։_



Թե նրանք ինչպես կներգրավվեն մեր հասարակության մեջ, դա չէ դարի հոգսը։ Ինչի՞ց վախենալ, եթե մեր հասարակության մեծ մասը հանցագործ է՝ ոմանք բռնվել են ու փողով ազատվել, ոմանք բռնվել ու բաց են թողնվել՝ հանդիպելով սիրո եւ հանդուրժողականության ալիքին, ոմանք պետք է բռնվեին, սակայն վերին նախախնամության կամքով չեն բռնվել, ոմանք էլ նոր պիտի բռնվեն, բայց հլա վախտը չէ։ Տակն ի՞նչ մնաց՝ մի երկու մարդ, էն էլ ես ու Նիկոլն ենք՝ մարդա երկու սռոկ ատբիտ արած։ Այսօր մեր հոգսը պատմական հոգս է։ Լուծարվեց ԱԺ-ն։ Քանի՜-քանի քաղաքական «սուրբ» գործիչներ զրկվեցին իրենց «ազգահաճո եւ պետականանպաստ» աշխատանքից։ Միայն ՀՀԿ անդամներն ավելի շատ են, քան համաներումով պատժի կրումից ազատվողները, որոնք իրենց համար խելոք նստած էին, իսկ ՀՀԿ-ն մեր երկիրը քանդում՝ իր երկիրն էր կառուցում։



Մեր եկեղեցիներից մեկում անհետացել էր պատմամշակութային արժեք ունեցող մի գորգ։ Մի շատ բանիմաց ու գրագետ ոստիկանի ուղարկել էին եկեղեցի՝ գողին գտնելու։ Նախօրոք նրան տեղեկացնում են, որ, ըստ անանուն մի զանգի, գողը տնից է։ Էս ոստիկանը տերտերներից մեկի ուղեկցությամբ շրջում է եկեղեցում՝ ուզում է ծանոթանալ այդ եկեղեցու ծառայողների հետ։ Տեսնելով պատերին կախված սրբապատկերները՝ մտածում է, թե դրանք այդ եկեղեցու ծառայողների նկարներն են։ Մատը դնելով սրբապատկերներից մեկի վրա՝ հարցնում է․ սա ո՞վ է, ի՞նչ է աշխատում։ Տերտերն ասում է՝ սա Սուրբ Կարապետն է, նա՝ Սուրբ Գեւորգը, այ, էն մեկը՝ Սուրբ Պողոսը… Ոստիկանը գոռում է՝ այ մարդ, որ սաղդ սուրբ եք, բա խալին ո՞վ է գողացել։



30 տարի գիշեր-ցերեկ արժեքներ ենք ստեղծել՝ քաղաքական արժեքներ։ Հիմա միայն պարզվեց, թե այդ արժեքները քանի յաշիկ բանան արժեն։ Ազգովի բողոքում էինք՝ չկա գիտություն, չեն կիրառվում բարձրագույն տեխնոլոգիաները։ Մեր Գիտությունների ազգային ակադեմիան Քոչարյանի ու Սերժի օրոք պետության փողերի ամենամաքուր լվացարանն էր։ Էլ գիտությունը պոչո՞վ է լինում։ Կուզենայինք հասկանալ մեր ակադեմիական գիտության կարծիքը երկրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, սակայն наука пока молчит։



Հիմա շատ դժվար է լինելու նիկոլականների վիճակը։ «Դուխով» գլխարկներ կրողներն իրենց շալվարների վրա՝ հետեւի կողմից, պետք է տեղադրեն լուսաֆորներ եւ կարմիր գույնի աղյուս նկարեն, որը կնշանակի՝ մուտքն արգելվում է։



Հիմա մի քիչ հեռվից գալով՝ անցնենք դարի մարտահրավերներին։ Ժողովուրդ ջան, ի՞նչ անենք, որ մենք մեզ չխաբենք։ Վաղուց արդեն աշխարհի շատ ազգեր ու ժողովուրդներ իրենց պատմությունն իրենց ձեռքով են կերտում։ Իսկ քո երկրի պատմությունը, ժողովուրդ ջան, նրա կերտողներից դու մի քանի ամիս առաջ հազիվ առար։ Քեզ աշխարհը տվեց բաց հասարակություն ունենալու, ժողովրդավարությամբ պետականություն ամրապնդելու եւ այն հաստատուն պահելու տեխնոլոգիան։ Ասինքն՝ մեզ տրվել է քաղաքակիրթ քաղաքականություն վարելու գործիքը, իսկ մենք մեր բաց հասարակության հարթակն արդեն տրամադրել ենք տասնյակ քաղաքական կուսակցությունների՝ հայհոյախոսությունների ու գռեհկաբանությունների համար։ Նրանցից շատերն իրենց թառլան տաղանդը փոխանակ բաստուրմա ծախելու գործի մեջ դնեն, ուզում են մեր ազգի պատմությունը կերտել։ Զարուհի Փոստանջյանը խոստանում է քաղաքական նոր ռումբեր պայթեցնել։ Ասում է, թե Նիկոլ Փաշինյանը Սերժի դրածոն է։ Այ մարդ, այս քաղաքական գործիչն ո՞ւմ բրածոն է ասես։ Խեղճ Սերժ Սարգսյանը, եթե գիշեր-ցերեկ ուռած չլիներ, մի լավ բան ինքն իր ձեռքով կաներ «իր» ժողովրդի համար, խերի մեջ կկորեր, էսօր էլ թռած չէր մնա, էլ Նիկոլին ինչո՞ւ էր փառավորում՝ վրան առանց նալոգ դնելու։



Ռուսաստանի նավթե տրեխները մաշվել են արդեն։ Տնտեսական մրցավազքում նա պարտվում է խոշոր տերություններին։ Նա մոտ 600 անգամ տարածքով մեծ է Հայաստանից։ Նրա ամեն մի բնակչին մի կոլխոզի չափ տարածք է ընկնում, բայց նույնիսկ ամառվա կեսին Թուրքիայից է պոմիդոր առնում։ Նա չի սիրում աշխատել, ապրում է միայն պատերազմելով, աշխարհն իրար խառնելով, պետություններին իրար դեմ հանելով, նրանց վրա ժանգոտ զենքեր ծախելով ու սամագոն խմելով։ Իսկ մենք նրա գրկում տնտեսական երջանկություն ենք ուզում գտնել։ Նրա հետ բարեկամություն անելը միշտ էլ պատերազմից ավելի թանկ է նստել մեր վրա։ Նրա կազմի մեջ ներքաշվելով՝ կորցրինք Արեւմտյան Հայաստանը, նրա սոցիալիզմի մեջ ներքաշվեցինք եւ, որպես նոր ձեռքբերում, կորցրինք Նախիջեւանն ու Արցախը։ Հիմա էլ թազա տեխնոլոգիա ենք տեսել՝ բա մերը չլինի՞, մտանք ԵԱՏՄ ու, որպես ձեռքբերում, կորցրինք մեր տնտեսական ու քաղաքական ազատությունը։ Մենք Ռուսաստանի ոսկե վանդակից դուրս պետք է պրծնենք, քանի դեռ նոր եղեռն չի սկսվել։ Ղուրանի մեջ ասվում է՝ այն ձեռքը, որը կտրել չես կարող, պաչիր ու գլխիդ դիր։ Ժողովուրդ, էլ ոտ ու ձեռք մնա՞ց աշխարհում, որ չպաչենք ու մեր գլխին չդնենք։ Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում։ Սա է այսօր մեր կենաց հարցը։ Ժողովուրդ, ե՞րբ ենք մեր քաղաքական դաշտն ազատելու հորթարածներից ու կթվորներից։ Սրա՞նք են քեզ օգնելու քյալլա տալ աշխարհի ու ճակատագրի հետ։ Մեր բաց քաղաքացիական հասարակությունը եկեք չամլացնենք, ֆեյսբուքյան միջավայրի մակարդակի քաղաքական հարթակ չդարձնենք։ Եկեք ընտրաձայներ տանք այն քաղաքական ուժերին, որոնք տեսնում են մեր ազգի առջեւ ծառացած գլոբալ խնդիրներն ու պատրաստ են ժողովրդին տանել դրանց լուծմանը՝ անվտանգ ու հեռանկարային ճանապարհներով։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_