Նոր գիրք՝ տեղում չդոփելու համար

Նոր գիրք՝ տեղում չդոփելու համար

Լույս է տեսել համաշխարհային բեսթսելեր դարձած «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ըստ հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի, «Լաբիրինթոսից դուրս»-ը բավականին հետաքրքիր ու լավ մոտիվացիոն գիրք է, կարդալով՝ ընթերցողը կհամոզվի, որ գրքի շնորհիվ կարող է իր կյանքում բազում փոփոխություններ կատարել:



«Լաբիրինթոսից դուրս» գրքի թարգմանիչը Նազելի Կարապետյանն է: Նա արդեն հասցրել է թարգմանել «Ո՞ւր է իմ պանիրը» բեսթսելերը, ինչպես նաեւ Սպենսեր Ջոնսոնի ու Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»»: Թարգմանչի խոսքով՝ «Ո՞ւր է իմ պանիրը» այնքան ուժեղ եւ տպավորիչ գործ էր, որ սկզբում չի պատկերացրել, թե հեղինակն էլ ինչ կարող էր ավելացնել: Սակայն կարդալով «Լաբիրինթոսից դուրս»-ը՝ հասկացել է, թե որքան նոր շերտեր է հեղինակը բացահայտում եւ այդպիսով ամբողջացնում իր ասելիքը «Ո՞ւր է իմ պանիրը» առաջին գրքի հետ։ «Այս պատմության մեջ արդեն մենք տեսնում ենք, որ Լաբիրինթոսը ոչ թե պարզապես ֆիզիկական տարածք է, որից, ի վերջո, դուրս է գալիս Հըմը, այլ նրա գլխում տեղ գտած եւ կարծրացած, ոչ պետքական, ճշմարտությանը չհամապատասխանող համոզմունքները, նրա մտածելակերպը, որը խանգարում էր նրան առաջ գնալ: Երբ նա թողնում է Լաբիրինթոսը, նա թողնում է հին բեռը, նա թողնում է իր հնացած համոզմունքները եւ կառչում այն համոզմունքներից, որոնք նրան բարձրացնում են եւ ոչ թե ներքեւ քաշում»,- նշում է գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանը:



«Լաբիրինթոսից դուրս» գիրքը հիանալի միջոց է՝ տեղում չդոփելու համար: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնն ի սկզբանե գրել է «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը՝ իր կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով: Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով եւ տեսնելով, թե որքան էր այն օգնում նրանց կյանքում եւ աշխատանքում, նա պատմությունը գրքույկի վերածեց: Այնուամենայնիվ, Սպենսերը զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան: Եվ հեղինակը ձեռնամուխ է լինում նոր գրքի ստեղծմանը: «Ո՞ւր է իմ պանիրը» ընթերցողներին ցույց էր տալիս իրենց կյանքում եւ աշխատանքում փոփոխությանը հարմարվելու ճանապարհը: Իսկ այժմ «Լաբիրինթոսից դուրս»-ն առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոտք դնել այդ ճանապարհին եւ ոչ միայն հարմարվել փոփոխությանը, այլեւ փոխել սեփական ճակատագիրը: