Ամեն մարդ իր թիմով ավելի հեշտ ու արագ է աշխատում

Ամեն մարդ իր թիմով ավելի հեշտ ու արագ է աշխատում
Օրեր առաջ՝ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի որոշմամբ, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ նախկին ռեկտոր Շահեն Շահինյանն ազատվեց պաշտոնից իր դիմումի համաձայն, թե ինչու, նա մեզ հետ զրույցում նշել էր մի քանի պատճառ․ «Նախ՝ աշխատանքը հսկայածավալ է, պատասխանատվությունը՝ շատ մեծ, եւ ինչ-որ ժամանակ է գալիս, որ զգում ես՝ այդ ծանրաբեռնվածությունը կարող է ազդեցություն ունենալ քո կյանքի վրա։ Տարիք է գալիս, որ պետք է առողջության մասին մտածել, ընտանիքի հետ շփվել, կյանքում ուրիշ բաներ էլ կան, բացի աշխատանքից»։ Շահինյանին, սակայն, որոշ խոսակցությունների համաձայն, այդ որոշումը պարտադրվել է։



Ինչպես տեղեկացանք, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն արդեն որոշակի կադրային փոփոխություններ է արել, մասնավորապես՝ աշխատանքից ազատել է Կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, երաժշտագետ Մհեր Նավոյանին, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, բայց չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է մեկ այլ երաժշտագետ՝ Ծովինար Մովսիսյանը։



Խոսակցություններ են շրջանառվում, որ պաշտոնից ազատվել է նաեւ ուսումնական գծով պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը, ում այդ պաշտոնում փոխարինելու է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը։ Վաղարշակ Հարությունյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը․ «Ես հիմա դասի եմ, նման խոսակցություն չի եղել, եթե նման բան լիներ, գոնե ինձ տեղյակ կպահեին, կարող է հետո լինի, չեմ բացառում, բայց հիմա դեռ նման բան չկա»։



Ռեկտորի ԺՊ Սոնա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչով են պայմանավորված կադրային այդ փոփոխությունները։ «Քանի որ ես եկել եմ, ապա դա արդեն փոփոխություն է, այսինքն՝ այդ փոփոխությունը չի կարող միայն ռեկտորի մակարդակով լինել, դա պիտի շարունակվի՝ ձեւավորելով այդ փոփոխությունների շարքը։ Այստեղ ոչ թե Մհեր Նավոյանի խնդիրն է, ով ինձ համար շատ հարգելի մարդ է, պարզապես թիմի եւ փոփոխությունների հարց է։ 10-ից ավել տարի Մհեր Նավոյանը ղեկավարել է պրոռեկտորի պաշտոնում, եթե իմ փոփոխությունն արդեն կայացվել է, դա չես կարող մեկ անձով սահմանափակել, հասկանո՞ւմ եք, անհնար են միայն մեկ մարդով փոփոխությունները։ Դա բնական գործընթաց է։ Ի դեպ, նախկին ռեկտոր Շահեն Շահինյանն էլ որ եկավ, ինքն էլ իր փոփոխությունները բերեց, յուրաքանչյուր մարդ իր թիմով ավելի հեշտ, թեթեւ եւ արագ է աշխատում եւ այն տեսլականը, որ ունի, սկսում է ավելի դյուրին իրագործել։ Հետո՝ գիտեք, ես անկապ տեղը չեմ ստանձնել այս պարտականությունները, ես կոնկրետ նպատակներով եւ արդեն ինչ-որ գործողությունների նախնական մշակմամբ եմ եկել»։



Հետաքրքրվեցինք՝ դա նշանակո՞ւմ է, որ Վաղարշակ Հարությունյանն էլ առաջիկայում կազատվի պաշտոնից։ «Ես դրա մասին դեռ չեմ ուզում խոսել, որովհետեւ հիմա ընթանում է աուդիտ, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 8-9-ը, դրանից բխող հազարումի բան կարող է լինել։ Աուդիտն ինձ պետք է կառուցվածքային փոփոխություններ առաջադրի, դա նշանակում է, որ շատ բան կարող է լինել, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխություններ»։



Այս օրերի ընթացքում Հովհաննիսյանն ամեն օր ուսանողների հետ հանդիպումներ է ունեցել եւ հիացած է նրանց տեսակով: «Դուք չեք պատկերացնի, թե ինչ խելացի, հրաշալի ուսանողություն ունենք, եւ նրանց առաջարկները 2 օր է՝ լսում եմ, որոնք հարյուրավոր են, եւ այդ ամեն ինչը համակարգել չեմ հասցնում։ Պետք է համակարգել, հասկանալ, թե ինչն այս րոպեին հրատապ կարող է լուծվել, ինչը՝ մեկ օր հետո։ Աշխատում եմ ամեն ինչ արագ անել, բայց աուդիտն այնպիսի բան է, որ ես չեմ կարող դրանից առաջ ընկնել։ Ինձ ասում են՝ սկզբից դասախոսների հետ հանդիպեիք, հետո՝ ուսանողների, բայց ես ուսանողների հետ հանդիպելով, չէ՞, պետք է գնամ խոսեմ դասախոսների հետ ու նոր փոփոխություններ անեմ։ Ես, ճիշտն ասած, աշխատում եմ հստակ կողմնորոշումներ դնեմ, որ ամեն մարդ իմանա՝ ինքն ինչի համար է պատասխանատու եւ ինչ գործ պետք է անի։ Չեմ ասում, որ այդպես չի եղել նախկինում, ես որեւէ մեկի աշխատանքը չեմ եկել քննադատելու կամ վարկաբեկելու, այդպիսի նպատակներ չունեմ, պարզապես որ նշանակվել եմ, ուրեմն, որպես հետեւանք՝ նաեւ փոփոխություններ պետք է լինեն»,- իր խոսքն ամփոփեց Հովհաննիսյանը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**