Ունեցել ենք ոչ միայն փառահեղ անցյալ, այլև լավ ապագա ենք ունենալու

Ունեցել ենք ոչ միայն փառահեղ անցյալ, այլև լավ ապագա ենք ունենալու
_Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանի հետ․_



**-Դուք ասել էիք՝ ռեբրենդինգ, թարմացում է լինելու, բայց ՀՀԿ նախընտրական ցուցակն ընդամենը կուսակցության անհայտ անդամներով եք լրացրել։**



-Հարցն արհեստական եմ համարում ու իրենով՝ հակասական․ ռեբրենդինգ՝ նշանակում է նաեւ նոր դեմքեր, թարմ դեմքեր, որոնք այս պահին կարող է եւ Ձեզ ծանոթ չլինեն։ Ինչպես նշված է մեր հայտարարության մեջ՝ կուսակցության ամբողջական ռեբրենդինգը պետք է տեղի ունենա համագումարին ընդառաջ, բայց գործող վարչակազմը, իր քաղաքական շահերից ու կապրիզներից ելնելով, միանձնյա որոշում կայացրեց՝ առաջ բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ զրկելով բոլոր կուսակցություններին, այդ թվում՝ Հանրապետականին, ընտրություններին բնականոն նախապատրաստվելու, այդ թվում՝ նախընտրական համագումարի հնարավորությունից։



**-Ինչո՞ւ այն հարյուրավոր գործարարներին, որոնք նախկինում կուսակցության կողքին էին, միշտ կային, մասնակից էին, երդվում էին, չեք հրավիրել ցուցակ, թե՞ իրենք են հրաժարվել, իրենց համարո՞ւմ եք «նավից թռածներ»։**



-Ցուցակում կան մարդիկ, ովքեր պատրաստ են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը՝ հրապարակային նաեւ Ազգային ժողովում, իսկ հիմա՝ նախընտրական արշավում։ Կան մարդիկ, ովքեր, մնալով ՀՀԿ համակիրներ, առաջադրվելու ցանկություն չեն հայտնել, կային մարդիկ, որոնք ուզում էին առաջադրվել, բայց գործող իշխանությունը, տարբեր տեսակի ռեսուրսներ օգտագործելով, կանխել է այդ մարդկանց ներգրավվածությունը մեր ցուցակների մեջ։ Եվ մենք մարդկանց ըստ գործունեության ոլորտների չենք տարանջատում․․․ մենք այդ դասային սկզբունքով չէ, որ առաջնորդվել ենք, թեպետ մաքսիմալ փորձել ենք ներկայացնել հասարակական տարբեր խավեր ընդգրկող ընտրացուցակ։



**-Ի՞նչ տպավորություն ունեք «ՔՊ» ցուցակից։ Նաեւ՝ մյուս 9-ի։**



-Ընտրություններին մասնակից այլ քաղաքական ուժերի ցանկերը մեկնաբանելու կարիք չունենք։ Մենք գնում ենք մեր ասելիքն ասելու, մեր ծրագրային դրույթները ներկայացնելու, մեր առավելություններն ընդգծելու, մեր սխալներն ընդունած, եւ այս 6 ամիսներին, լինելով արմատական ընդդիմություն, Հայաստանի ապագա քաղաքական համակարգում իշխանություններին հակաշռող բեւեռ դառնալու հավակնություններով։ Գնում ենք՝ ունենալով մեր ուսերի հետեւում փորձ, գիտելիք, հնարավորություններ, կապեր, քաղաքական պայքարի կարողություններ ու հմտություններ, սովորած լինելով մեր սխալների վրա, դասեր քաղած լինելով ու շատ հստակ պատկերացնելով Հայաստանի հանրապետական կուսակցության դերը Հայաստանի քաղաքական կյանքում։ Մենք ունեցել ենք ոչ միայն փառահեղ անցյալ ու այսօր՝ դժվար ներկա, այլեւ լավ ապագա ենք ունենալու։ Դրանում վստահ ենք։



**-Ձեզ մեղադրեցին, որ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծում էլի ազնիվ չէիք եւ չէիք նշել անհաջողությունների խորքային եւ շատ ավելի գլոբալ պատճառները, այնինչ դրանց թվում էր կապի խզումը շարքային կուսակցականների հետ։**



-Խորհրդի հայտարարությունը շատ մանրամասն ներկայացրել ենք․ դրանում շատ մանրամասն ներկայացված են քաղաքական գործընթացների մասին գնահատականները, եւ դրանք ուղիղ են, շիտակ, կոնյունկտուրային չեն եւ լրացվել են մեր, այս թվում՝ իմ բազմաթիվ հարցազրույցներում թվարկած բազմաթիվ խնդիրների թվարկումով։ Դատապարտված եմ համարում մեթոդաբանությունը, որով գործող իշխանությունները եւ որոշ լրատվամիջոցներ փորձում են վերաբերվել ՀՀԿ-ի մասնակցությանը՝ նորից խոսելով այն ամենի մասին, ինչն արդեն բերել է ՀՀԿ իշխանության կորստին՝ մեզ տեղին ու անտեղի վերագրվող բազմաթիվ մեղքերի պատճառով, որոնց մի մասը չի էլ հաստատվել, իսկ մի զգալի մասն էլ, այո, տեղի է ունեցել։ Մի մոռացեք, որ մենք արդեն կորցրել ենք իշխանությունը եւ այսօր ընդդիմություն ենք։



**-Սերժ Սարգսյանը չընդգրկվեց ցանկում, չնայած դա գրեթե հայտնի էր։**



-Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ից հետո՝ իր հրաժարականից հետո, ակտիվ հրապարակային քաղաքականությունից հրաժարվել է։ Այս պահին։ Եվ շատ տրամաբանական եմ համարում այն, ինչի մասին Դուք էլ գիտեիք մինչեւ ցուցակի հրապարակումը։



**Անի Պետրոսյան**