Ստարտը տրվեց
Եվ այսպես, թեւակոխեցինք նախընտրական փուլի առաջին շրջանը՝ կուսակցությունները խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացրին։ Այս բարդ օրերին 11 քաղաքական ուժ հանդգնեց մասնակցել պայքարին, որոնց մեջ գոնե երեքի մասնակցությունն անակնկալ էր մեզ համար․ ՔՈ կուսակցություն՝ Քաղաքացու որոշում, որը երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներից կազմված նորաստեղծ կուսակցություն է՝ ընդամենը օրեր առաջ գրանցված։
Երկրորդը՝ թեեւ փորձառու քաղաքագետ Լեւոն Շիրինյանի առաջնորդությամբ, բայց կրկին նորաստեղծ՝ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» երկար անվանումով կուսակցությունն է։ Եվ երրորդը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, դարձյալ երիտասարդներից կազմված եւ անհայտ կենսագրությամբ։ Եթե գումարենք նաեւ «Սասնա ծռերին», որը նույնպես կարելի է նորաթուխ կուսակցություն համարել, չնայած ակունքները 2016 թվականից են, պարզ կդառնա, որ քաղաքական ներկապնակը բավականին նորացվել է։ Թեեւ, անշուշտ, կան նաեւ հնաբնակներ, որոնց մեջ էլ թերեւս ընթանալու է հիմնական մրցակցությունը։
Առաջատարները, իհարկե, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են՝ ընտրություններին մասնակցելու եւ պառլամենտական բազմամյա փորձով, «Օրինաց երկիրն» ու Դաշնակցությունը, որոնց շանսերը դժվար է բարձր գնահատել, եւ, բնականաբար, նոր իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, եւ նրա նախկին դաշնակիցները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Մենք» դաշինքով հանդես եկող «Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները»։ Քիչ չէ փոքրիկ Հայաստանի եւ մի բուռ ընտրող ունեցող երկրի համար։ Մի կողմից այս բազմազանությունն այլընտրանքի հնարավորություն է տալիս ընտրողին, մյուս կողմից՝ ձայներ փոշիացնելու եւ խոշոր կուսակցությունների օգտին պրոցեսները գեներացնելու հավանականություն։
Կարծիքներ