Արցախի հարցում ոչ մի քաղաքական ուժ տեսակետ չի հայտնել

Արցախի հարցում ոչ մի քաղաքական ուժ տեսակետ չի հայտնել
Համագործակացություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ շատ էական է քննարկելը ոչ թե այն, թե ովքեր են ընդգրկված կուսակցությունների ցուցակներում, այլ այն, թե քաղաքական այս կամ այն ուժը ինչ գաղափարներով եւ ծրագրերով է մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին, ապագայի ինչ նախագիծ ունի։ Իսկ այս պահին, ըստ նրա, մասնակից ուժերը չունեն ապագայի այդ նախագիծը։ «Եթե չկան այդ ծրագրերը, ապա երկրորդական է, թե ովքեր են ցուցակներում ընդգրկված անձինք»,- ասաց քաղաքագետը։ Հայաստանի համար առանցքային են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, տնտեսության զարգացումը։



Կա՞ն տարբերություններ կառավարող ուժի եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերում այս երկու հիմնահարցերի վերաբերյալ, թե՞ ԱԺ մուտք գործելուց հետո լինելու են կրկին ռուսամետ եւ արեւմտամետ ներկայացող ուժեր։ «Կառավարող ուժը Արցախի հարցում չի արտահայտել որեւէ տեսակետ, ընդամենը կրկնել է նախորդ իշխանության տեսակետը, որ իրենք համաձայն կլինեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման այն տարբերակին, որը կընդունի Արցախի Հանրապետությունը։



Իսկ դա նշանակում է չունենալ տեսակետ, խուսանավել հարցից։ Արցախի հարցի լուծումը սոսկ Արցախի հարցի լուծում չէ, դա Հայաստանի ապագայի խնդիրն է։ Արցախի հարցի լուծումն էլ կախված է նրանից, թե ինչպիսի երկիր մենք կունենանք, պատկերացում կկազմենք, թե ինչպիսի տարածաշրջանում ենք ապրում, ինչպիսի գլոբալ մարտահրավերներ եւ սցենարներ կարող են լինել, եւ ինչպիսի արտաքին քաղաքականություն կարող է իրականացնել Հայաստանը։ Արցախի հարցի լուծումը կապված է արտաքին քաղաքականության եւ աշխարհի ու տարածաշրջանի զարգացումները պատկերացնելու հետ։



Այս առումով Արցախի հարցի մասին որեւէ մեկը տեսակետ չի հայտնել, այդ թվում նաեւ՝ կառավարող կուսակցությունը։ Իսկ լուծումը դա լուծում չէ, լուծումը դա նշանակում է աշխարհայացք, պատկերացում շատ գլոբալ ձեւով, դա նշանակում է աշխատանք վարել եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության ոլորտներում, որն այդ ամենի հանրագումարն է»,- նշեց Ստեփան Դանիելյանը։