Համաներում չեմ ակնկալում մի մարդուց, ով Ֆելիքս Ցոլակյանին նշանակել է նախարար․ «Սասնա ծռերի» անդամ

Համաներում չեմ ակնկալում մի մարդուց, ով Ֆելիքս Ցոլակյանին նշանակել է նախարար․ «Սասնա ծռերի» անդամ
«Սասնա ծռեր» զինված խմբի 11 անդամի գործով ամբաստանյալները դեմ չեն, որ իրենց նկատմամբ համաներում կիրառվի, սակայն, ինչպես Վարուժան Ավետիսյանը նշեց, իրենք ապստամբներ են եւ իրավունք չեն խախտել։



Իսկ Մխիթար Ավետիսյանն էլ ավելացրեց, որ շատ շուտով բոլոր Ծռերը արդարացվելու են։ Համաներման ակտը չի տարածվելու միայն սպանությունների մեջ մեղադրվողների վրա։



Հիշեցնենք, որ ոստիկանների սպանությունների մեջ մեղադրվում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը։



Արմեն Բիլյանը հայտարարեց, թե չգիտի ով է այդ հոդվածը իր վրա դրել, իսկ Սմբատ Բարսեղյանն էլ ավելացրեց, որ համաներում չի կարող ակնկալել մի մարդուց, ով նախկին իշխանության հայտնի դեմքերից մեկին՝ Ֆելիքս Ցոլակյանին, նշանակել ԱԻ նախարար։ Նա այնուամենայնիվ չառարկեց, որ համաներումը կիրառվի։ Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաեւ կյանքից անժամանակ հեռացած Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը։ Նա նշեց, որ այսօր խոսում է Արայիկ Խանդոյանի անունից եւ պայքարելու է, որպեսզի բոլորն արդարացվեն. «Հերոս Արայիկ Խանդոյանը դրոշակը միշտ բարձր է պահել, իսկ ես պայքարելու եմ, որ դրոշակն ավելի բարձր պահվի»։



Թեեւ «Սասնա ծռեր»-ի անդամները դեմ չէին համաներման կիրառմանը, սակայն միայն պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած անձանց կարծիքը լսելուց հետո պարզ կդառնա՝ կկիրառվի համաներումը, թե՝ ոչ։ Եթե տուժողները առարկեն, համաներումը չի կիրառվի։



Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 28-ին, այդ օրը դատարանը կլսի տուժողների կարծիքը։



**Աննա Պապիկյան**