«Գազպրոմ Արմենիան» օրինապահ հարկ վճարո՞ղ է, թե՞ հարկերը թաքցնող․ ՊԵԿ-ը հակասում է ինքն իրեն

«Գազպրոմ Արմենիան» օրինապահ հարկ վճարո՞ղ է, թե՞ հարկերը թաքցնող․ ՊԵԿ-ը հակասում է ինքն իրեն
Այսօր Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։ Ըստ ՊԵԿ-ի, խոսքը գնում է «մի քանի միլիարդ դրամի չափով հարկային պարտավորությունները» պակաս կատարելու մասին: Հաղորդագրության մեջ նաեւ ենթադրությունների վրա հիմնված դատողություններ կան, ասենք՝ այն, որ գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները տարեսկզբին եւ տարվա երկրորդ հատվածում տարբերվել են իրարից, ուստի դրա հիման վրա կարելի է պնդել, որ գործ ունենք չարաշահումների հետ։ Ակնհայտ է, որ այս դեպքում էլ կա շտապողականություն՝ երբ ապացույցների ողջ ծավալը հավաքելու փոխարեն, նախ հայտարարություն է արվում, ապա նոր քննություն կատարվում։ Բայց խնդիրը դա էլ չէ։



Հենց ՊԵԿ կայքի բաց, հրապարակային տեղեկատվությունից օգտվողները հետաքրքիր նրբություն կարող են արձանագրել։ Հարկային չարաշահումներ կատարած ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա՝ 2018-ի ընթացքում առնվազն երկու անգամ հայտնվել է «Օրինապահ հարկ վճարողների» ցանկում։ Այս ցանկում հայտնվողներն անգամ հավաստագրեր են ստացել ՊԵԿ ղեկավարությունից՝ «Օրինապահ հարկ վճարողների հավաստագրեր»։ Այսինքն՝ «Գազպրոմը» օրինապահ հարկ վճարող է ճանաչվել 2018-ի սեպտեմբերին եւ այդ հավաստագրի գործողության ժամկետը մինչեւ 2019-ի մարտի 31-ն է։ Եւս մեկ անգամ «Գազպրոմն» օրինապահ հարկատու է ճանաչվել 2018-ի հունիսի 27-ին եւ հավաստագիրը ուժի մեջ է եղել մինչեւ 2018-ի սեպտեմբերի 30-ը։ Հիմա՝ կամ ՊԵԿ-ը վատ է աշխատել եւ սխալ՝ կեղծ հավաստագրեր է տվել, կամ՝ «Գազպրոմ Արմենիան» օրինապահ հարկատու է եւ նրան զրպարտում են։