Չենք ուզում կարծիք կազմեն, որ բանտում նստած չորս անչափահասների մորը զրկել ենք հացի փողից

Չենք ուզում կարծիք կազմեն, որ բանտում նստած չորս անչափահասների մորը զրկել ենք հացի փողից
Ս/թ նոյեմբերի 14-ին «Համաներումը չտարածվեց Զինվորի մոր վրա, ով չորս երեխա ունի ու գողացել էր 4000 դրամ» վերտառությամբ իմ  հոդվածի առնչությամբ զանգել են Սիսիանի Սոցիալական ծառայությունից։ Հիշեցնեմ, որ դատարանի վճռով Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 6.6 տարվա ազատազրկման, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է և 4 երեխա ունի, դատարանը մեղմել էր պատիժը` սահմանելով 5 տարվա ազատազրկում։ Բանն այն է, որ Հասմիկ Սարգսյանը, ով անչափահասների մայրն է՝ լրագրողներին, լրատվամիջոցներին ներկայացրել էր, որ անչափահասների համար  սոցիալական նպաստ չի ստացել։ Բնական է լրատվամիջոցները հենց այդպես էլ գրել են, որ նպաստ չի ստացել։ Իմ հոդվածում նույնպես անդրադարձել եմ, որ մայրը նպաստ չի ստացել։



Սոցիալական ծառայությունից հայտնում են, բառացի մեջբերում եմ․



«Մեզ համար էլ է անչափ ծանր, որ չորս երեխայի մայրը հայտնվել է բանտում։ Բայց պետք է ասենք, որ նա մինչև 2017 թվականը ներառյալ ստացել է սոցիալական նպաստ։ Օրենքով նպաստ ստանալու համար հաշվառվում են, հաշվառման ժամանակ Հասմիկ Սարգսյանի անձնագիրը եղել է ոստիկանությունում, այդ պատճառով վեց ամիս նպաստ չի ստացել։ Հենց անձնագիրը տվել են, առ այսօր նպաստը ստանում են։



Մենք չեն ք ուզում մարդիկ կարծիք կազմեն, որ մենք անխիղճ ենք ու նման կարգավիճակում գտնվող մորը զրկել ենք հացի փողից։ Շրջաններում մի քիչ ցավագին են նման բանն ընդունում։ Շնորհակալ կլինենք, որ  այդ շտկումը կատարեք, որպեսզի հետագայում լրատվամիջոցները նույն կերպ չանդրադառնան։



ՀԳ Շնորհակալություն՝ արձագանքի համար, Սիսիանի սոցիալական ծառայությանը։



Հասմիկ Բաբաջանյան