Բարձրագույն դատական խորհուրդը բացարձակ անտարբեր է նման դրսևորումների նկատմամբ

Բարձրագույն դատական խորհուրդը բացարձակ անտարբեր է նման դրսևորումների նկատմամբ
«Մինչև հիմա չենք հասկացել, թե ինչն է խոչընդոտում դատավորներին լինել անկախ։ Օրինակ, ինչպես է պատահում, որ դատավոր Հրաչը զանգում է ԱԱԾ պետին՝ զեկուցում ու քննարկում կալանավորի՞ «իքս» մարդուն, թե՞ ոչ։ Էդ որ լծակներն են աշխատում, օրենքի մեջ այդպիսի լծակներ գոյություն չունեն, 30 տարի է չկա տենց լծակ, բայց այդ երևույթները 30 տարի է կան», այսօր դատական իշխանության անկախության վերականգնման թեմայով հանրային քննարկմանն իր մտահոգությունը հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա նաև նշեց, որ ԲԴԽ-ն կարծես դադարեցրել էր իր գործունեությունն այն ժամանակ, երբ իր նշած «իքս» գործով, սակայն բոլորիս հայտնի Ռոբերտ Քոչարյանի գործով, դատական ակտը կայացրած դատավորի հասցեին հնչող հայհոյանքները ողողել էին ողջ համացանցը, իսկ ԲԴԽ լռում էր:



«Ցավում եմ, որ այս ամեն ինչին նաև քաղաքացիական հասարակությունը պասիվ արձագանք տվեց։ Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ դատական համակարգ այս երևույթների միջով լռությամբ անցնելու իրավունք չունենք», ասաց փաստաբանը։



Ալումյանն իր խոսքում վստահեցնում էր, որ մեր դատական համակարգի մեջ կան դատավորներ, որոնք անցած իշխանությունների բիրտ ճնշումների, կոռուպցիոն սխեմաների մեջ կարողացել են մնալ անկաշառ և կարողացել են չենթարկվել ճնշումների․ «Երբ մենք հիմա ընդհանուր առմամբ ամբողջ դատական համակարգի վրա ցեխ ենք շպրտում, մենք էն կոռումպացվածներին այդքան էլ չենք վիրավորում, որովհետև կոռումպացվածները գիտեն, նույնիսկ իրենց շրջապատը գիտի, որ կոռումպացված են՝ ինչպես ասում են՝ թքում ես երեսին ասում է՝ անձրև է գալիս, մենք վիրավորում ենք անկաշառներին»։



Փաստաբանի դիտարկմամբ ինչպես դատավորների մեջ կան կոռումպացվածներ, այնպես էլ փաստաբանների մեջ կան այդպիսիք, իսկ պաշտպանյալները հաճախ կարծում են, թե միայն դատավորն է կոռումպացված։



Իսկ այն հարցին, թե քաղաքացիական հասարակության, այդ թվում նաև իրավապաշտպան գործունեություն ծավալող որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից դատավորների կամ որևէ քաղաքական գործչի հասցեին հայհոյախառն արտահայտություններն ինչպե՞ս պետք է կարգավորվեն օրենքով, միգուցե անհրաժեշտ են կարգավորումներ նման վարքագծի դրսևորման դեպքում կոնկրետ իրավապաշտպանի ծավալած գորունեությունը դադարեցնելու համար՝ Ալումյանը պատասխանեց. «Իրավապաշտպաններին, բոլորին նույն ձևով կանոնակարգել սխալ կլինի, վտանգավոր ծայրահեղություն է»։ Ըստ փաստաբանի նման անձանց կարգի բերելը պետք է իրականացվի քրեական օրենսգրքով և դատական այլ միջոցներով․ «Շատ ափսոսում եմ, որ ոստիկանությունն այդ երևույթներին չի անդրադառնում, ցավում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը բացարձակ անտարբեր է նման դրսևորումների նկատմամբ»։



**Նարա Մարտիրոսյան**