Հայոց կույրերն ու փիղը

Հայոց կույրերն ու փիղը
Մի անգամ համալսարանում դասախոսության ժամանակ Ռոմիկ Սարդարյանն արծարծեց Կառլ Մարքսի այն հանրահայտ միտքը, որ պատմության շարժիչ ուժը դասակարգային պայքարն է՝ միաժամանակ կոմունիզմի նպատակը դասակարգերի վերացումն է։ Ես նրան հարց տվեցի՝ բա խեղճ պատմությունն առանց դասակարգային պայքարի ինչպե՞ս է շարժվելու։ «Մեր կառավարության որոշումներով»,- հնչեց մարտունեցի համակուրսեցուս պատասխանը։ Հայաստանն անկախանալով՝ մի կրակոցով երկու նապաստակ խփեց՝ դասակարգային պայքարն ու կառավարության որոշումները դարձան նրա պատմության «շարժիչ» ուժերը։ Հիմա մեր պատմությունն այնպես է շարժվում, որ հետեւից չես հասնի։ Դասակարգային պայքարը կա, փառք Աստծո։ Հայաստանում մի քանի օլիգարխ գործարարներ ու մի ամբողջ իրավազուրկ, ընչազուրկ ու անպաշտպան ժողովուրդ կատաղի պայքարի մեջ են՝ օլիգարխներն ուզում են ժողովրդին 80 հազար դրամով աշխատեցնել, ժողովուրդը պայքարում է իր գոյությունը քարշ տալու համար։ Կառավարություն ունեինք՝ աշխարհը չուներ։ Նրա ամեն մի որոշումից հետո փողատերերը գործարան էին բացում՝ ստեղծելով 80 հազար դրամանոց հազարավոր աշխատատեղեր։ Ախր, մանր պետությունների ի՞նչ խելքի բանն է խոշոր բիզնեսը։ Ժողովրդին շահագործելով հարստություններ կուտակած գործարարների համար այսօր ՀՀ-ում հասանելի են ամեն տեսակի վարկեր։ Արդեն հարստացածները կարող են ամեն ինչ անել, իսկ այն շնորհաշատ ու փորձառու մարդիկ, որոնց քցել ու խաբել են առայսօր՝ իշխանությունների հետ կեղտոտ գործարքների չգնալու համար, նրանք ի՞նչ անեն, երբ առանց գրավի ու վարկային պատմության մի տուփ ծխախոտի փող չեն կարող բանկերից պոկել։ Բա մեր մանր ու միջին բիզնեսն ո՞ւր է։



Նախկինում գիտաարտադրական հիմնարկներում աշխատած մասնագետներն այսօր տաքսի են վարում, բանջար են վաճառում, իսկ նրանց գլխներին կանգնած են տգետ իշխանավորներն ու նրանց ճակատագիրն են որոշում։ Մեր պատմությունը հիշեցնում է այն հունական առասպելը, որի հերոսը, մարմնավորելով Հայաստանի մերօրյա իշխանություններին, սարն ի վեր մի ժայռակտոր է ուզում գլորել։ Որտե՞ղ է այն միջավայրը, որում ամեն մի քաղաքացի Հայաստանում իր փորձն ու գործը հաց պետք է դարձնի։ ԽՍՀՄ-ում, կոոպերացիայի դարաշրջանում, հայերն իրենց գործարարական հմտություններով դղրդացրին երկիրը։ Այնուհետ Հայաստանի իշխանությունները մեր երկրում ազգային բուրժուազիայի ծաղկման սկիզբ դրեցին, քանդեցին երկիրը, որ նորը կառուցեն, բայց… ինչպես ռուս մուժիկը կասեր՝ ломать не строить։ Մենք լավ տեսանք հինը քանդողներին էլ, նորը կառուցողներին էլ։



Լրատվությունը երեկ մի ցավալի լուր տարածեց՝ Երեւանում սկսել են քանդել ապօրինի շինությունները։ Ժողովուրդ, շինությունը մեղք չունի, դա հո թմրանյութի մեշոկ չէ։ Իշխանության ուղեղում միայն ոստիկաններն ու տրակտորնե՞րն են։ Իսկ չի՞ կարելի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ այդ շինությունները բռնագրավվեն պետության կողմից ու վաճառվեն, իսկ ստացված գումարները ծախսվեն քաղաքի մյուս հոգսերը հոգալու համար՝ ներդրողների գլուխներն «էստի համեցեք»-ով տանելու փոխարեն։ Կարգին Հայկոն մի կարգին որոշում չէ՞ր կարող կայացնել՝ Կոզբադինի գործը տրակտորների վրա դնելու փոխարեն։ Երեւանի ավտոդողերի գործարանն իր շինություններով մեր քաղաքի տարածքի կեսն է կազմում։ Այդ շինությունները մասնակի վերանորոգելուց հետո կարելի էր մի մեծ բնակելի թաղամաս ստանալ՝ չնչին կոպեկներով, ու այնտեղ բնակեցնել հազարավոր տնանկ հայ ընտանիքների։ Այդ տարածքի շինությունները մինչ օրս քանդվում են՝ մի քանի մեքենա մետաղական ջարդոն կորզելու համար։ Ինչո՞ւ մեր իշխանությունները գոնե մի տոկոսով փայ չմտան աշխարհի հետ կիրառական տնտեսական քաղաքականության գործի մեջ։



Հայոց կույրերից ինչքան խոսես՝ կխոսվի։ Իշխանություն կոչվող մեր աղբանոցից ինչ հոտ ասես գալիս է։ Այդ կույրերն այդպես էլ չտեսան Հայաստան-պետություն փղին։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ սա չարիք է, պետք է այն քանդել ու ավերել, Քոչարյանն ասաց՝ քարավանից հետ ընկած ուղտ է, պետք է նրա վրա ինչքան ոսկի կա, ցած բերել ու կաշին քերթել, Սերժիկն էլ նրա կնճիթը բռնելով ասաց՝ թարս աճած խիար է, թող թուրքերը տանեն՝ աչքները կտրվի մեր կազինոներից։ Ցավն այն է, որ այդ կույրերը խարխափելով՝ ոչ թե քաղաքական լաբիրինթներում ելք են որոնել, այլ միայն ոսկի ու թմրանյութ՝ ըստ էության, մոլորության մեջ գցելով մի ողջ ժողովրդի։ Հիմա անցյալից դասեր քաղելու ժամանակն է։



Հայաստանը թողած՝ ազգովի ՀՀԿ-ին ենք ռեմոնտ անում՝ Նիկոլին անհապաղ ընդդիմություն է պետք։ Օլիգարխները նեղ օրվա համար նորից քաղաքական կառույցներ են գեներացնում։ Քաղաքական իշխանությունը բարեգործական ծառայություն չէ։ ԱԺ-ն քաղաքական քավարան չի կարող դառնալ։ Օրենսդիր կառույցներն ամբողջ աշխարհի պետություններում իրենց պետությունների առջեւ ծառացած խնդիրների լուծման համար օրենսդրական դաշտ են մակածում։ Աշխարհի բոլոր պետությունների քաղաքացիներն իրենց երկրի օրենսդիրներին ընտրում են տվյալ երկրների գերակա խնդիրներն իրենց 5 մատների պես իմացողներից, դրանց լուծումների համար ճիշտ, պայծառ ծրագրեր առաջարկողներից ու դրանց իրագործման համար պատասխան տվողներից։ Մեր երկիրն անդունդ գլորող երեկվա քաղաքական կուսակցությունները մի заход էլ է ուզում ընտրվել։



Վերոհիշյալ քննադատությունը Կարգին Հայկոյի նկատմամբ ես հնչեցրի այն պատճառով, որ տեսնենք, թե ինչքան խակ են մեր քաղաքականության այգու մրգերը, որ ոչ թե մեր նոր տնկած ծառերը պետք է քոքահան անենք, այլ դրանք բեջարենք, հողը պարարտացնենք պետականահոգ քաղաքական գաղափարներով, քաղաքացիական սթափությամբ։ Մեր ծիրանենիների վրա չպատվաստենք խոզի կաղին տվող երեկվա ծառերի ողկույզները։ Մեր հեղափոխության գործը նոր թափ պետք է առնի առաջիկա ընտրություններում՝ մեր կողմից դրսեւորվելիք արդարամիտ քաղաքացիական մոտեցումներով։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» գիտական կենտրոն**