Մարտի մեկի դիպուկահարին սպանե՞լ են

Մարտի մեկի դիպուկահարին սպանե՞լ են
_Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հանցաշխարհի ներկայացուցիչների միջեւ «ռազբորկայի» արդյունքում Վանաձորում սպանված դիպուկահարի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված անձ կա։_



Նրան կասկածում են Վանաձորի քրեական հեղինակության դեմ մահափորձ նախապատրաստելու, այդ նպատակով արտասահմանից դիպուկահար հրավիրելու, նրան գումար փոխանցելու ու մահափորձի պատվերը փոխանցելու մեջ։ Նաեւ փորձում են կապել իր առաքելությունն իբր չկատարած դիպուկահարի սպանության հետ:Քննչական մարմինները գերգաղտնիության մթնոլորտ են ստեղծել այս գործի շուրջ։ Ոչ մի անուն չի հրապարակվում։ Մենք պարզեցինք, որ քրեական հեղինակությունը, որի դեմ, իբր, մահափորձ է կազմակերպվել, Շալիկո Մանուչարյանն է՝ «Շալո» մականունով։ Ձերբակալվածը Սամվել Այվազյանն է՝ կարատեի նախկին մարզիչ, որը 2010-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում։ Իսկ սպանված դիպուկահարն էլ ազգությամբ ռուս Եվգենի Կաչակն է։



**Սպանված դիպուկահարը ՀՀ հատուկ ջոկատային էր, ոստիկանության աշխատող**



Փակ աղբյուրից տեղեկություն ունենք, որ Վանաձորում սպանված դիպուկահար Եվգենի Կաչակը եղել է Մարտի 1-ին կրակողների թվում։ Այս վարկածը, որն իրավապահ համակարգում շրջանառվում է, կարծես միս ու արյուն է ստանում։Բանն այն է, որ Վանաձորում 2018 թվականին սպանված դիպուկահարը, որի մահը փորձում են ներկայացնել որպես հանցաշխարհի ներկայացուցիչների միջեւ պայքարի հետեւանք, 2006 թվականից մինչ օրս որպես նշանառու հաշվառված է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես նշանառու։ Մարտի մեկից հետո նա, ըստ նրա ընկերների, ՀՀ իրավապահների հրահանգով եւ նրանց հետ պայմանավորվածության արդյունքում լքել էր Հայաստանը։ Այս տարիների ընթացքում, ապրելով ու աշխատելով Ղազախստանում, նա աշխատանքից չի ազատվել, ոստիկանության զորքերի հաշվառումից չի հանվել, ինչն անուղղակի ապացուցում է, որ ՀՀ ոստիկանությունում տեղյակ են եղել արտասահմանում նրա գտնվելու մասին։ Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթաիում նա աշխատել է ռեստորաններից մեկում՝ որպես թիկնապահ, պարբերաբար վերադարձել է Հայաստան՝ անձնական պատճառներով։ Նա այստեղ ուներ ընտանիք, մարդիկ, որոնց կարոտում էր։ Վերջին անգամ Հայաստան գալուց առաջ Ժենյան ասել է ընկերներին, որ գալու համար հատուկ թույլտվություն պետք է ստանա ՀՀ իրավապահներից։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ իրավապահները, ոստիկանության պաշտոնյաները, նրանք, ովքեր տեղյակ էին նրա գտնվելու վայրի մասին, փաստորեն, թույլատրել են դիպուկահար Կաչակի մուտքը Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, նրանք տեսադաշտում են պահել վերջինիս, հետեւել են նրա տեղաշարժերին։ Բայց Վանաձորում, որտեղ Կաչակը հարազատ ուներ, ռուս դիպուկահարը սպանվել է առեղծվածային հանգամանքներում։ Նրա մարմինը հայտնաբերել են Երեւանում, 3-րդ գյուղ կոչվող թաղամասում գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը։



**Դիպուկահարի մարմինը դրել է հոր գերեզմանին ու փախե՞լ**



Եվգենի Կաչակի սպանության գործով նախաքննությունը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ։ Ի՞նչ գիտեն քննիչները։ Ահա, ինչ հաջողվեց մեզ պարզել՝ համադրելով Կաչակի, նրա ընկերոջ՝ այս գործով ձերբակալված կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանի բարեկամներից, նաեւ քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից ստացած տեղեկությունները։



Ըստ պաշտոնական վարկածի, որն այս պահին փորձում են հիմնավորել, Սամվել Այվազյանը եւ էլի «գործով չպարզված» ինչ-որ անձինք մտադիր են եղել սպանել Վանաձորում բնակվող հեղինակություն Շալիկո Մանուչարյանին, որը լարված հարաբերություններ ունի ռուսաստանցի օրենքով գող Արտյոմ Սարատովսկու՝ Արտյոմ Սարգսյանի հետ։ Քննությունը փորձում է հիմնավորել, որ Շալոն, իբր, անպարկեշտ ձեւով է խոսել Արտյոմ Սարատովսկու հետ։ Վերջինս էլ իր մարդկանց, մասնավորապես Սամվել Այվազյանի միջոցով փորձել է կազմակերպել Շալոյի դեմ մահափորձը։ Ըստ քննության նյութերի՝ Սամվել Այվազյանը, իբր, 200 դոլար է ուղարկել իր ընկեր Ժենյա Կաչակին, որի հետ Ալմաաթիի նույն ռեստորանում թիկնապահ է աշխատել։ Դիմավորել է նրան «Զվարթնոց» օդանավակայանում, ուղեկցել է Արմավիրի մարզի հյուրանոցը, որտեղ «գործով չպարզված անձանց հետ» նրան 15 հազար դոլար է փոխանցել՝ մահափորձը գլուխ բերելու համար, հետո տեղափոխվել է Վանաձոր, որտեղ գտնվելիս է եղել Շալոն։ Վանաձորում Կաչակը, իբր, բնակարան է վարձել, որ իրագործի ծրագիրը, բայց հայտնվել է մեկ այլ «գործով չպարզված» անձանց խումբ, որը խոչընդոտել է պլանների իրագործմանը։ Ապա Վանաձորում սպանվել է Կաչակը։ Այվազյանն էլ, իբր, սպանված դիպուկահար ընկերոջ մարմինը բերել դրել է նրա հոր գերեզմանին ու փախել։



**Օպտիկական հրազեն, որը ոչ ոք չի տեսել**



Այվազյանի հարազատներն այս վարկածը քննիչների հորինվածքն են համարում։ Նրանք վստահեցնում են, որ Այվազյանը ոչ մի առնչություն չունի քրեական հեղինակությունների կռիվների հետ, որեւէ մեկի մահափորձը չի կազմակերպել, եւ որ իրական մարդասպանները բոլորովին այլ են։



Նոյեմբերի 9-ին տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական հեղինակության սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։ Այվազյանի մոտ նման զենք չի հայտնաբերվել, սակայն չի բացառվում, որ հետագայում հրազենը «գտնվի» ու դրվի իրեղեն ապացույցների մեջ։ Սամվել Այվազյանը կրթված անձնավորություն է, Մոսկվայում մի քանի բուհ է ավարտել։ Նախկինում դատվել է ՀՀ սահմանն ապօրինի հատելու համար: Նրան արդեն մի քանի անգամ բերման են ենթարկել թիկնապահի սպանության գործով, սակայն փաստեր չունենալով՝ 2-4 ժամ պահելուց հետո կրկին բաց են թողել։



**Վկան դարբին է, զենքի ռեստավրատոր**



«Փաստերը» հայտնվել են հոկտեմբերի 11-ին, երբ Վանաձորի վարձով բնակարաններից մեկում քրեականների մեջ, իրոք, «ռազբորկա» է եղել։ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ երեք քաղաքացիներ հրազենային վնասվածքներով դիմել են «Վանաձոր» ԲԿ։ Հենց այս դեպքով էլ փորձեցին ձերբակալել Սամվել Այվազյանին, սակայն նա, ըստ հարազատների, Վանաձորի բնակարանում, որտեղ քրեականները կռվել են, ներկա չի եղել։ Ապացույց առ այն, որ Այվազյանն այդ բնակարանում է գտնվել, չկա։ Միակ «փաստացի տվյալը» ցուցմունքն է, որը Սամվել Այվազյանի դեմ գրել է մեկ այլ գործով մեղադրվող անձ։ Այլ կերպ ասած՝ «վկան» Այվազյանի դեմ ցուցմունք գրելիս եղել է քննչական մարմիններից կախյալ վիճակում։ Նա դարբին է, բուդդիստ, զբաղվում է զենքի վերականգնմամբ՝ ռեստավրացիայով։



**Երկու փորձագիտական եզրակացություն՝ մեկ դիակի վերաբերյալ**



Անկախ քննության ընթացքից, ցանկանում ենք հիշեցնել, որ դեռեւս 2008 թվականին Հատուկ քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին մեկ դիպուկահար է եղել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ դիպուկահարները մի քանիսն են եղել։ Կասկածներ կային, որ դիպուկահարի կրակոցից է մահացել Մարտի մեկի զոհերից զինվորական Տիգրան Աբգարյանը։ Այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էլ հերքում էր, որ այդ օրը դիպուկահար է կրակել։ Թիկնապահ, ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատային Ժենյա Կաչակը, որը ենթադրաբար արյունալի դեպքերի օրերին՝ մարտի մեկ-երկուսին, գործողությունների մասնակից է եղել (այդ մասին վկայություն ունենք փակ աղբյուրից), կարող էր թանկարժեք տեղեկություններ հայտնել Մարտի մեկի գործով, սակայն առեղծվածային ձեւով սպանվում է, ապա նրա մահը փորձում են ներկայացնել որպես հանցաշխարհի ներկայացուցիչների միջեւ կռիվների հետեւանք։ Եվս մի փաստ, որը կասկածի տակ է դնում քննության օբյեկտիվությունը՝ դիպուկահարի մահվան պատճառի վերաբերյալ երկու փորձագիտական եզրակացություն կա՝ նախ գրել են, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Երկրորդ եզրակացության համաձայն, մահը վրա է հասել խոշտանգման հետեւանքով։



**ՀԳ**․ _Հուսով ենք, որ քննությունը կպարզի հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործի բոլոր հանգամանքները, իսկ առայժմ ոչ պրոֆեսիոնալի մի դիտարկում՝ անգամ եթե սպանված դիպուկահարի առնչությունը Մարտի մեկին չապացուցվի, 2008 թվականին նրա՝ ոստիկանության հատուկ ջոկատային-նշանառու լինելու հանգամանքը բավական է, որ իրավապահ մարմինները մեծ հետաքրքրություն ունենան Մարտի 1-ի այս շատ կարեւոր վկայի սպանության իրական դրդապատճառների վերաբերյալ, եւ գործը հանձնարարվի մարտի 1-2-ի գործով նախաքննություն իրականացնող ՀՔԾ-ին կամ ԱԱԾ-ին, որը, կարծես, վերջերս փոխել է ուղղվածությունը եւ զբաղվում է տնտեսական հանցագործություններով, որտեղ բյուջե հետ բերելու փող կա։_



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**