Մարաթոն

Մարաթոն

Անձնագրային եւ վիզաների վարչությունն այս օրերին գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում՝ գրեթե 24 ժամ, որ հասցնեն տեղեկանքներ տրամադրել բոլոր ցանկացողներին։ Խոսքը, բնականաբար, ԱԺ պատգամավորության թեկնածուներին տրվող տեղեկանքների մասին է՝ բնակության եւ քաղաքացիության վերաբերյալ․ 5 տարվա մշտական քաղաքացիության եւ նույնքան էլ Հայաստանում բնակվելու փաստը հաստատող։ Դատելով դիմողների քանակից, ինչպես նաեւ այլ փաստերից՝ պատգամավորի մանդատի մասին երազողների պակաս մեզանում չկա։ Եվ որքան զավեշտալի է պոտենցիալ պատգամավորացուների քանակն ու աժիոտաժը մեր տիպի փոքր երկրի համար, նույնքան էլ զավեշտալի են տարբեր կուսակցությունների ջանքերը՝ ամեն գնով առաջադրվել ընտրություններում, անգամ չունենալով համապատասխան քանակի թեկնածուներ։



Երեկ, օրինակ, Ֆեյսբուքում հայտնվել էր մի առաջարկ, որն առնվազն թափուր աշխատատեղի մասին հայտարարություն էր հիշեցնում․ «Ովքեր պատրաստ են նախընտրական ցուցակներում որպես պատգամավորի թեկնածու, թող դիմեն ինձ»։ Մարզերից մեկից զանգահարած ծանոթս ավելի զվարճալի իրավիճակ ներկայացրեց՝ նորաթուխ կուսակցություններից մեկի նախագահը զանգահարել է մարզում ապրող երիտասարդ աղջկան՝ մարզի ակտիվիստներից մեկին, եւ առաջարկել է գլխավորել իրենց ցուցակը եւ մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ո՛չ կուսակցության, ո՛չ նրա ղեկավարի անունն ինձ ոչինչ չէր ասում։ Վաղը՝ օրվա ավարտին, մենք արդեն կիմանանք, թե քանի ուժ է մասնակցում այս ընտրություններին։



Ովքեր են այդ համարձակները։ Ի վերջո, խորհրդարանական ընտրությունը սպորտային, այն էլ՝ սիրողական, մարաթոն չէ, որ մասնակցեն՝ մասնակցելու համար։ Սա լուրջ քաղաքական գործընթաց է, որին պետք է մասնակցեն քաղաքական պայքարի ունակ եւ խորհրդարանում անելիք ունեցող ուժերը։