Ժամանակն է, որ վերադառնամ իմ հիմնական գործին

Ժամանակն է, որ վերադառնամ իմ հիմնական գործին
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Արզումանյանը 2013թ-ից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահն է։ 2001թ.-ից Հայաստանի գրողների միության, իսկ 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:



Արզումանյանը հինգ գրքի և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է:



ԵԹԿՊԻ-ի արդեն նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Արդյոք իր հրաժարականը պայմանավորվա՞ծ էր վերջին շրջանում ուսանողների բողոքի ալիքի հետ, ովքեր պահանջում էին իր հրաժարականը, դասադուլ անում, Մուրադյանն ասաց․



«Ընդամենը մի քանի օր առաջ մի գրություն էր տեղադրված համացանցում, որտեղ մի ուսանողուհի հաջողություն էր մաղթում ինձ եւ ասում էր, որ այլեւս չենք ուզում, որ Դավիթ Մուրադյանը լինի ռեկտոր։ Այդ ուսանողուհու գրության տակ վերջին 24 ժամվա ընթացքում ընդմանեը մի 7-8 լայք էր, դա նշանակում է, որ մեր ուսանողության գերակշիռ մասը այդպիսի ցանկություն չունի, բայց այդ ցանկությունը ունեմ ես։ Ես աշխատել եմ 4 ու կես տարի եւ դեռ մինչեւ հունիս ժամանակ ունեի պաշտոնավարելու, սակայն եկա այն եզրակացության, որ ժամանակն է, որպեսզի գան նոր մարդիկ, ես էլ վերադառնամ իմ հիմնական գործին՝ գրիչ եւ թուղթ, իհարկե շարունակելով դասավանդել ինստիտուտում»։



Մուրադյանը ուրախ է ԿԳՆ նախարարի կայացրած «ճշգրիտ եւ գրագետ» որոշման համար, քանի որ Լիլիթ Արզումանյանը շատ համապատասխան եւ արժեքավոր կադր է Թատերականի համար․«Ինքս եմ նրան հրավիրել հարգելով նրա գիտական վաստակը, նրա մասնագիտական մակարդակը եւ հրավիրել եմ մեզ մոտ ամբիոնի վարիչ եւ միայն ուրախ եմ նրա նշանակման համար եւ կարծում եմ, որ լավ օրեր կսկսեն»։



**Սոնա Ադամյան**