Արջի ծառայություն Փաշինյանին

Արջի ծառայություն Փաշինյանին
Մեդիա-փորձագիտական որոշակի շրջանակներ գեներացնում են տեսակետ, թե Հայաստանի երեք նախագահներն ի սկզբանե ճանաչել են ազատագրված տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, ինչը Բաքվին մղել է կոշտացնել բանակցային դիրքորոշումը եւ նույնիսկ գնալ ապրիլյան պատերազմին՝ փորձելով զենքի ուժով պարտադրել կարգավորման իր պատկերացումը: Նույն այդ շրջանակները ներկայացնող լրատվամիջոցներից մեկը վկայակոչում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որ ասել է, թե բանակցությունների պետք է գնալ ամեն ինչ ստանալու դիրքորոշմամբ, դա որակում իբրեւ ԼՂ հարցում նոր իշխանությունների քաղաքական որոշում եւ ամփոփում, որ նախկին երեք նախագահները պետք է հեռու մնան եւ իրենց թիմերը հեռու պահեն ԼՂ կարգավորման հարցում հանրային [դերակատարությունից](https://www.1in.am/2459024.html ):



Որքանո՞վ է արդարացի՝ նախկին նախագահներին արգելել, որ խոսեն ԼՂ կարգավորման իրենց պատկերացումներից, այդ հարցում դիրսկուրս չբացեն՝ փորձելով ձեւավորել հանրային համապատասխան ընկալում՝ այլ հարց է, որին կարելի է անդրադառնալ առանձին խոսակցությամբ: Միայն ընդգծենք, որ կայացած երկրներում, երբ ծագում է կարեւոր նշանակության որեւէ խնդիր, գործող իշխանությունը ոչ միայն դիմում է նախորդներին՝ խորհրդատվությունների ձեւաչափով, այլեւ նրանց առաջարկում է կոնկրետ պատասխանատվություն վերցնել: Հայաստանը չի կարող բացառություն լինել: Եւ ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ անհրաժեշտության դեպքում ԼՂ հարցով խորհրդատվություններ կունենա Սերժ Սարգսյանի հետ: Նման քննարկում, որքան հայտնի է, տեղի չի ունեցել: Թե ինչու՞՝ դժվար է ասել: Բայց, դատելով մամուլի հրապարակումներից եւ փորձագիտական անդրադարձումներից, գոյություն ունի որոշակի շրջանակ, որը Փաշինյանին բառիս բուն իմաստով արջի ծառայություն է մատուցում՝ նրան ներշնչելով, թե պետք է հրաժարվել ԼՂ կարգավորման առաջարկված հայեցակարգից, որդեգրել բացահայտ կոշտ դիրքորոշում: Երեւի այդ տպավորությամբ է, որ Փաշինյանը վերջերս ԼՂ հարցը որակեց համազգային եւ լուծման հիմք անվանեց Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի համաձայնությունը:



Սա բոլորովին նոր մոտեցում է: Եւ եթե այն նախընտրական կարգախոս չէ, ապա պետք է հարցնել, թե ինչպե՞ս է նա պատրաստվում դա մատուցել միջազգային հանրությանը: Ահա այստեղ է, որ քաղաքագիտական արջի ծառայությունն անում է իր գործը: Որովհետեւ բանակցությունը չի ենթադրում ամեն ինչ ստանալու արդյունք: Եւ եթե նման նպատակադրվածությունը պիտի պետության քաղաքականության հիմքում դրվի, այն է՝ փլուզել երկուսուկես տասնամյակ կառուցված բանակցային գործընթացը, ապա կա ավելի կարճ եւ որոշակիորեն տրամաբանական ճանապարհ՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ հռչակագրել հայկական երկու պետությունների իրավական միավորումը եւ հարցը համարել փակված: Միայն թե այդ դեպքում պետք է պատրաստ լինել ցանկացած ֆորս-մաժորի: Ընդհուպ՝ որ միջնորդները կարող են հայտարարել, որ իրենց առաքելությունն ավարտված է: Այս հեռանկա՞րն են առաջարկում Փաշինյանին, այս փորձությու՞նն են բարդում նոր իշխանության ուսերին: