Իտալացիների արկածները Վայոց ձորի մարզում

Իտալացիների արկածները Վայոց ձորի մարզում

2018թ. հոկտեմբեր ամսից Վայոց ձորի մարզում մեկնարկեց «ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման եւ լայն  կիրառման միջոցով» «Արեւաձոր» դրամաշնորհային ծրագիրը  (ծրագրի ղեկավարն է իտալացի Էնրիկե Բարչելլին): Ես Եղեգնաձորի տուրիզմի տարածաշրջանային կենտրոն հայտ ներկայացրի՝ ծրագրին մասնակցելու համար: Հայտն ընդունվեց առանց առարկության, ինձ ասացին, որ այն համապատասխանում է ծրագրի պահանջներին: 2019 թվականի հունիս ամսին կազմակերպվեցին հայտատուների դասընթացներ (մասնակիցների թիվը 40-ն էր)։

Դասընթացների ավարտից հետո ինձ համար անհայտ պատճառով անկախ գնահատման հանձնաժողովի կողմից իմ հայտը դրական չի գնահատվել (խմբից նաեւ15 անձ չի ընդգրկվել դրամաշնորհ ստացողների ցուցակում): Այստեղ զարմանալ կարելի է․ ծրագրից դուրս մնացած մարդկանց հայտերն ինչո՞ւ են ընդունել, եթե դրանք չէին համապատասխանում ծրագրի պահանջներին, եւ հրապարակավ չեն հայտարարվել հայտի մերժման պատճառները։

Այդ մասին ընդամենը մի շաբլոն նամակով բոլորին հայտնել են, որ հանձնաժողովը մերժել է  հայտը (նամակի սկզբնամասում գրված են ծրագրի եւ հայտատուի անունը, միջնամասում՝ իրենց անորոշ պատասխանը, իսկ վերջում նշված է՝ «հանձնաժողով»՝ ո՛չ անուն, ո՛չ ազգանուն եւ ո՛չ էլ ստորագրություն)։ Իմ կարծիքով, հանձնաժողովը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել այդ գործընթացին, եւ կասկածներ ունեմ, որ առկա են կոռուպցիոն երեւույթներ:  

Օրինակ. ի՞նչ զուգադիպություն կարող է լինել, որ մեկ գյուղում՝ մի ընտանիքի երեք անդամներ, մեկ այլ գյուղում՝ ընտանիքի երկու անդամներ, իսկ մյուս գյուղում շահառուն  չունի բիզնես, ընդգրկվել են դրամաշնորհ ստացողների ցուցակում եւ այլն:

Վերը նշված փաստերի վերաբերյալ ես նամակ գրեցի Իտալիա՝ պարոն Էնրիկե Բարչելլիին՝ պահանջելով տալ պարզաբանում անկախ հանձնաժողովի կողմից կատարված անհասկանալի գործունեության վերաբերյալ։ Նա, խուսափելով պատասխանատվությունից, ընդամենը պատասխանել է, որ դա հանձնաժողովն է որոշել,  այսինքն, ինքը՝ որպես ղեկավար, այստեղ անելիք չունի:

Ես գտնում եմ, որ այս կազմակերպությունը, օգտվելով մարդկանց սոցիալական վատ վիճակից, մինչեւ վերջ չի ներկայացնում ծրագրի պահանջները․ իրենց ծրագրի  շահերից ելնելով, հայտատուներին խաբելով, համոզելով՝ բերում նստեցնում են իրենց, այսպես կոչված, «խելք սովորեցնելու» դասերին, վերջում իրենց ուզած ձեւով ընտրում շահառուներին՝ ոտնահարելով մյուսների քաղաքացիական իրավունքը (մասնակիցներից ոմանք անչափահաս երեխաներին են թողել ու եկել մասնակցելու դասերին, մյուսները՝ իրենց բիզնեսը): Ես համոզված եմ, որ եթե մարդկանց ամբողջությամբ ծանոթացնեն ծրագրին,  նրանց մի զգալի մասը կհրաժարվի մասնակցելուց:
Այս հարցերի վերաբերյալ շատ կառույցների եմ դժգոհությունս հայտնել, պատասխանը եղել է նույնը` իրենց փողերն են, իրենք ոնց ուզենան, այդպես էլ կծախսեն: 

Մենք նոր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք եւ թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքներն ու արժանապատվությունը:


Բաբկեն ՄԿՐՏՉՅԱՆ 
Վայոց ձորի մարզ, գյուղ Վերնաշեն