Թումանյանի 150-ամյակը նշելու հնաբույր առաջարկներ

Թումանյանի 150-ամյակը նշելու հնաբույր առաջարկներ
2019-ին պետք է նշվեն Հ․ Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյակները, ինչի առիթով արդեն ստեղծվել են հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովներ, որոնք ղեկավարում է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։



Դեռ շաբաթներ առաջ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը բաց նամակով հանդես եկավ եւ հանձնաժողովի կազմից դուրս գալով՝ նշեց, որ դրանք «մի հերթական ծնունդ» նշելու առաջարկներ են, որոնց ինքը չի ուզում մասնակցել։



Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ընդգրկված է Թումանյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների հանձնաժողովում, ասում է, որ դեռ ապրիլից են ներկայացրել ծրագիրը, եւ առայժմ չգիտի, թե ինչքան մասը կընդունվի հանձնաժողովի կողմից, եւ ինչքանին ընթացք կտրվի ֆինանսական առումով․ «Եղել են առարկություններ, որ մենք գրավոր ներկայացրել ենք այլ կազմակերպությունների ներկայացրած ծրագրերին։ Մի անգամ հանդիպել ենք, մի անգամ էլ գրավոր լրացումներն ենք ներկայացրել։ Կային առաջարկներ, որ շատ սովետական ոճի մեջ էին՝ միջոցառումների մակարդակի վրա, այսինքն՝ հասկանալի էր, որ ոչ մի իդեա, ստեղծարար միտք չկա այդ կազմակերպությունների կողմից, եւ չեմ կարծում, որ կառավարությունը, պետությունը պետք է ֆինանսավորի այդտեսակ միջոցառումները, օրինակ՝ Գրողների միության դահլիճում ինչ-որ միջոցառում անցկացնելու համար թեկուզ 100 կամ 50 հազար դրամ հատկացնի։ Մեր մոտեցումը մի քիչ ուրիշ է, մենք դեռ 2015-ից ենք սկսել պատրաստվել՝ հասկանալով, որ դա շատ լուրջ գործ է, եւ շատ մանրակրկիտ պետք է պատրաստվել, հետո՝ շատ մեծ ներդրումների կարիք կա, դրա համար ստեպ-ստեպ սկսել ենք եւ ինչ-որ բաներ արդեն արել ենք»։



Նարինե Թուխիկյանին շատ բան դուր չի եկել այդ քննարկումների ժամանակ․ «Վատ առումով ինչ-որ հնաբույր բան կար հնչած առաջարկների մեջ։ Ցավոք, Թումանյանը դեռ չի հասկացվել, փոխվել են ժամանակները, ուրիշ մոտեցում է պետք այդ հոբելյանական տարիները կազմակերպելու համար։ Մենք ունենք նաեւ Թումանյանի եւ Կոմիտասի մասով անելիք, որովհետեւ նրանք մտերիմ են եղել, Կոմիտասը ձեռնարկել է օպերա «Անուշ» պոեմի հիման վրա, մենք այդ պատառիկները պետք է ձայնագրենք, թվայնացնենք, այն, ինչ երբեք չի արվել։ Ճամփորդական մեծ ծրագիր ունենք՝ «Թումանյանի հետքերով», ոչ միայն Հայաստանով, այլ նաեւ Վրաստան, Ռուսաստան, Արեւմտյան Հայաստան, Պոլիս, ուր որ ինքը եղել է։ Դրանք ծրագրեր են, որ իսկապես օժանդակության կարիք ունեն, ոչ այնքան ֆինանսական, որքան գերատեսչությունների, դեսպանատների մակարդակով, որ օգնեն մեզ կազմակերպչական հարցերում»։



Առաջիկայում թանգարանն ասուլիսով հանդես կգա եւ ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ է նախատեսված 2019-ին․ «Մեր մոտեցումը հետեւյալն է, որ պետք է անել ֆունդամենտալ աշխատանք՝ պատմությանը թողնելու համար, մյուս կողմից՝ նաեւ ավելի տոնական փառատոնային մի բան, որ ողջ տարվա ընթացքում այդ թումանյանական շունչը զգացվի»։



Թուխիկյանն ընդգծում է՝ կարեւոր քայլերից մեկը Թումանյանի ակադեմիական 10 հատորյակի հրատարակումն է, որի առաջին հատորն արդեն հրատարակվել է բացառապես թանգարանի միջոցներով, 2-րդ, 3-րդ հատորները շուտով կհրատարակվեն հովանավորների միջոցով․ «Շատ գլոբալ հարցեր ենք ձեռնարկել, օրինակ՝ Հ․ Թումանյանի ինքնագրի թվայնացումը, որն արդեն ունենք, թեեւ դեռ կիրառության մեջ չկա։ Հիմա Թումանյանի կյանքի մասին անիմացիա ենք նկարում, սփյուռքի հետ ահռելի աշխատանք ենք սկսել, որն այժմ ընթացքի մեջ է։ Կանենք նաեւ օլիմպիադաներ եւ եկող տարվա մարտից ընթացք կտանք այդ ծրագրին»։



Թումանյանի թանգարանը մեծ գիտաժողով է նախապատրաստում՝ թարգմանական հեքիաթին նվիրված, եւ հիմա սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանին․ «Ուզում ենք լինի մի թեմա, որը բոլորին հայտնի կլինի՝ անկախ ազգությունից։ Գիտաժողովը կանդրադառնա ընդհանրապես հեքիաթի թարգմանական արվեստին։ Շատ բուռն աշխատանքների մեջ ենք, եւ այդ բացը ես զգում եմ, որովհետեւ թե՛ ժամանակն է սուղ, թե՛ դեռ ամբողջովին 100 տոկոսով պարզ չէ, թե կառավարական մակարդակով ինչ է նախատեսված։ Ամեն դեպքում, ինչ էլ լինի, մեր թանգարանը պետք է փրկի դրությունը»։



Թանգարանի կողմից ներկայացված Թումանյանի 150-ամյակի ծրագիրը կազմում է մոտ 50 մլն դրամ։ Տնօրենը նկատում է՝ չի կարելի նույն չափով գումար տալ նաեւ հոբելյանական տարվա համար, սպասում են ավելին․ «Ամեն դեպքում, ինչ էլ տան կամ չտան, միեւնույն է՝ մենք անելու ենք, կփորձեմ առավելագույնս մոբիլիզացնել մեր ուժերը»։



Հոբելյանական հանձնաժողովը գլխավորում է մշակույթի նախարարը, հանձնաժողովի կազմում են ԳԱԱ-ն՝ իր ինստիտուտներով, Գրականության ինստիտուտը, գրականագետներ, սփյուռքի, ԿԳՆ ներկայացուցիչներ, ՀԳՄ-ն, Լոռու մարզպետարանը։



Ժամանակը թռչում է, Թումանյանն էլ հակառակի պես ծնվել է փետրվար ամսին՝ կատակով հավելում է Թուխիկյանն ու ընդգծում, որ 2019-ը իրենց համար կսկսի ոչ թե հունվարի 1-ին, այլ փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը։ Այդ օրը թանգարանը հսկա հեքիաթային դիմակահանդես է ներկայացնելու։



«Կուզեի թումանյանական կենտրոններ ամենուր լինեին, եւ ամբողջ Հայաստանն ակամա հուշեր այդ մասին բաներների, պատվո դրոշների տեսքով։ Անընդհատ մեր աչքն այդ մարդկանց կերպարներին, ասույթներին բախվեր։ Մենք նման առաջարկ արել ենք, որ Երեւան մտնող ցանկացած ճանապարհ, հատկապես օդանավակայանից Երեւան մտնող այդ ճանապարհը կարգի բերվի այդ առումով։ Մենք քաղաքապետարանին կառաջարկենք նաեւ, որ մեր փողոցը թանգարանից մինչեւ Խանջյան երկու մայթերով Թումանյանի բաներները դրվեն»,- ասում է Թուխիկյանն ու հավելում, որ եթե կամք եղավ, ամեն ինչ կարվի։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**