Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարաբերություններն ունեցել են նաեւ գաղտնի փուլ

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարաբերություններն ունեցել են նաեւ գաղտնի փուլ
Պարզվում է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը իրենց հարաբերությունները գաղտնի են պահել մի քանի ամիս։ Ընդ որում հարաբերություններն աշխարհին հայտնի են դարձել առանց սիրահարների համաձայնության։ Գրող Էնդրյու Մորտոնն իր` «Մեգան՝ հոլիվուդյան արքայադուստր» գրքում ներկայացնում է արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի սիրավեպի առաջին ամիսները եւ այն, թե ինչպես է եղել, որ արքայազնը ստիպված է եղել հանրայնացնել հարաբերությունները։



Այս մասին գրում է Sunday Express-ը։ Հենց այս պարբերականն էլ առաջինն է հաղորդել 2016-ի հոկտեմբերին սիրահար զույգի մասին։ Եղիսաբեթ 2-րդի թոռը փորձել է թաքցնել իր հարաբերությունները հասարակությունից։ Այն ժամանակ նա ապրում էր Տորոնտոյում Մեգանի հետ եւ կարող էր հեռու պահել Մարքլին մամուլի ուշադրությունից: Սակայն առաջին իսկ շշուկների ի հայտ գալու հետ հարաբերություններին միջամտեց թագավորական ընտանիքը։ Թագավորական ընտանիքի խոսնակը նույնիսկ զանգահարել է արքայազնին ու ստիպել, որ նա խոստովանի մամուլի հրապարակումների հավաստիությունը։



Այդ բանից հետո զույգի խաղաղ կյանքի վերջը եկած կարելի էր համարել։ «Մեր կյանքն այլեւս երբեք նախկինի նման չի լինի»,- Մեգանին զգուշացրել էր արքայազնը։ Մի ամսից արդեն արքայազնը պաշտոնական հայտարարություն արեց, եւ Մեգան Մարքլը սովորական դերասանուհուց դարձավ ամենահայտնի մարդկանցից մեկն աշխարհում։