Ասեցի՝ ինչի ես հանցագո՞րծ եմ. ՔՊ-ում նեղացրել եւ ճամփու են դրել եզդիներին

Ասեցի՝ ինչի ես հանցագո՞րծ եմ. ՔՊ-ում նեղացրել եւ ճամփու են դրել եզդիներին
«Եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Թամոյանը պնդում է՝ նոր ԱԺ-ում իրենց համայնքը ներկայացուցիչ չի ունենալու։ Բանն այն է, որ իրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են ներկայացրել եզդիների հոգեւոր առաջնորդ Բրո Հասանյանի եւ Ազիզ Թամոյանի թոռնիկի՝ Խըդր Հաջոյանի թեկնածությունները, սակայն ՔՊ-ն այն մերժել է։



Ազիզ Թամոյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես նախորդ գումարման, այնպես էլ ստեղծվելիք ԱԺ-ում եզդի համայնքից ոչ ոք չի լինելու․ «Թող համայնքով այդ հարցը կարգավորվեր։ Մեզ ասում են՝ ուրիշ կուսակցություն գնացեք, մենք էլ ասում ենք՝ ոչ, մենք իշխանավորների կողքն են եղել, սա է մեր խնդրանքը։ Ես գիտեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» քրդամետներին է ընդգրկել, քրդամետներին փողոցից բռնել, բերել են։ Նենց մարդ պետք է ընդունի, որ համայնքը ընդունի։ Եթե մեր տղաները՝ Բրոն եւ Խըդրը, չընդունվեն, ապա ով ուզում ա լինի, մենք չենք ճանաչելու»։



Բրո Հասանյանն էլ նշեց՝ իրենց համայնքից առաջադրված ոչ մի թեկնածու միության նախագահի համաձայնությունը չունի․ «Մեր համայնքից միության նախագահի համաձայնությամբ ընտրվող չի եղել, միության հետ պետք է անպայման խորհրդակցվի, որովհետեւ մենք ազգային միություն ունենք եւ հաճելի կլինի, որ ազգային միությունը եւ ազգը տեղեկացված լինեն։ Համայնքը նման դիրքորոշում ունի, որ թեկնածուն լինի համայնքի սերը վայելող անձնավորություն։ Մեր օրենքը այդպես է պահանջում, քանի որ պետք է ազգային մարդ լինի։ Այն եզդի համայնքի թեկնածուները, որոնք կան, ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ»։



Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը Արտաշատ համայնքում ՔՊ-ի շտաբ է ներկայացրել իր փաստաթղթերը որպես պատգամավորության թեկնածուի, սակայն նրան ասել են՝ բացառում ենք Ձեր թեկնածությունը․ «Ասացին՝ բացառվում ա Ձեր թեկնածությունն էլ, ասեցի՝ ինչի՞ ես հանցագործ եմ։ Ինձ շատ սառը ձեւի ընդունեցին ՔՊ-ում, զարմացա ես, ասեցի՝ եթե ես իմ թեկնածությունը դնում եմ, ապա տեղյակ եմ համայնքից, մարդկանց վերաբերմունքից։ Նախ անկախության տարիներից եմ ես քաղաքականության մեջ, բոլորն ինձ ճանաչում են, մշտապես եղել եմ ընդդիմադիր։ Երեկոյան զանգում են, ինձ ասում են՝ բացառվում ա Ձեր թեկնածությունը։ Երեւանում ՔՊ-ի շտաբ նույնպես դիմել ենք, էլի ասեցին, որ ձեր համայնքից արդեն կա։ Նման պատասխաններ, ոնց որ մարդու հիասթափեցնեն, ուղղակի զարմանալի ա․ չէ որ մենք սրտանց ուզում ենք շարունակել, շարունակել մեր բարեփոխումները»։



Բրո Հասանյանը նաեւ նշեց, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում իրենց համայնքից ընդգրկված են լինելու Ռուստամ Բաքոյանը եւ Թեմուր Ջնդոյանը, իսկ ԲՀԿ-ում՝ Սայիդ Ավդալյանը։



**Աննա Պապիկյան**