Կա մտավախություն, որ Փաշինյանը կարող է դառնալ հանգամանքների գերին․ Մամուկա Արեշիձե

Կա մտավախություն, որ Փաշինյանը կարող է դառնալ հանգամանքների գերին․ Մամուկա Արեշիձե
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար մոտենում է վճռական պահը, երբ պետք է անի այնպես, որպեսզի չդառնա երկրի միակ ղեկավարողը, քանի որ դա հղի է բացասական բազմաթիվ հետեւանքներով։ Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն։



Փորձագետը գտնում է, որ չնայած այն բանին, որ Փաշինյանն ունի հիմա մեծ աջակցություն, սակայն ժամանակի ընթացքում դա ավելի բացասաբար կազդի նրա իշխանության վրա։ Շատերը կսկսեն խոսել, որ նա իշխանությունը վերցրել է ձեռքը եւ այլն։ Արեշիձեն իհարկե չի մտածում, որ Փաշինյանը կգնա ավտորիտարիզմի, սակայն նաեւ ունի մտավախություն, որ նա կարող է դառնալ հանգամանքների գերին։



«Փաշինյանը մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ չէ, եւ նրա համար դժվար կլինի միակուսակցական պառլամենտի նման մեծ ապարատը ղեկավարել այն դեպքում, երբ չկա ընդդիմություն եւ հակառակ կարծիք»,- ասել է քաղաքագետ Արեշիձեն` անդրադառնալով Հայաստանում առաջիկա դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։