Կադրային ջարդ «Գրիգոր Լուսավորիչում»․ հերթական «զոհը» պատմում է, թե ինչ է կատարվում հիվանդանոցում. ձայնագրություն

Կադրային ջարդ «Գրիգոր Լուսավորիչում»․ հերթական «զոհը» պատմում է, թե ինչ է կատարվում հիվանդանոցում. ձայնագրություն
«Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնի աշխատակից, բուժքույր Քրիստինա Ղասաբյանը տեղեկացրեց մեզ, որ, ի թիվս այլոց, իրեն նույնպես ԲԿ տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանը ստիպում է դիմում գրել ու հեռանալ աշխատանքից՝ պատճառաբանելով, որ Ղասաբյանը ունեցել է բժշկական ապրանքների ավելցուկ, որոնք հայտնաբերվել են պահեստում․



«Իբր նոր տնօրեն է նշանակվել։ Իհարկե դեռ ոչ մի դրական բանով չի առանձնացել տնօրենը։ Եկած օրվանից փորձում է ու մեկ-մեկ էլ մոտը ստացվում է աշխատողներին աշխատանքից հեռացնել, միակ նպատակը իր դեռ դա է, ոնց ինքն է ասում՝ «ես այստեղ եմ, որ մինասյանականներից մաքրեմ»։ Երևի տեղյակ չէ, որ 1700 աշխատող Մինասյանի օրոք են ընդունվել աշխատանքի։ Բայց, արի ու տես, որ իր կուրսեցիներին, ովքեր ժամանակին ՀՀԿ-ականներ ու «մինասյանականներ» էին, հիմա էլ՝ չգիտեմ ինչական, չի հեռացնում, ովքեր ժամանակին լավ կոռուպցիայով էին զբաղվում ու մինչև օրս էլ շարունակում են, դեռ աշխատում են, ես ունեմ ապացույցներ։ Ասեմ ավելին՝ աչք է փակում շարունակվող կոռուպցիայի վրա, քանի որ տեղեկացված է այդ մասին։ Եթե կոռուպցիայի դեմ ենք պայքարում, եկեք ճիշտ պայքարենք։ Ինչպե՞ս է ստացվում, որ ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանը դեռ աշխատում է։ Գյոզալյանը ժամանակին ամեն անվճար վիրահատությունից գումար էր վերցնում․ եթե հիվանդը տալիս էր 80 000 դրամ, այդ դեպքում 5000 դրամ ՝ և 50 000 դրամի դեպքում 3000 դրամ էլ հասնում էր բուժքույրերին։ Հիմա մեր վարիչը թութակի պես կրկնում է՝ «պայքարում ենք կոռուպցիայի դեմ», ինքը շարունակում է վերցնել, բայց արդեն բուժքույրերին չի հասնում, ու որ իր դիմակը չբացվի, իրեն լավ ճանաչողներին աշխատանքից հանել է տալիս։



Մեր հարգելի տնօրենն էլ ոչ ներվ ունի, ոչ էլ հավես՝ ծննդատնով զբաղվելու, ամբողջությամբ հանձնել է Արենին։ Նա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չգիտի՝ ինչ է մտնում իր աշխատանքային պարտականությունների մեջ, չի կատարում համայց (обход) վերակենդանացման բաժանմունքում, չի տիրապետում գործի բնույթին, ընդհանրապես անտեղյակ է աշխատանքային օրենսգրքից։ Ես ծննդատան վիրահատարանի ավագ բուժքույրն եմ, ապրում եմ թոշակառու մորս հետ։ Արենի թեթև ձեռով և նորանշանակ անփորձ տնօրենի պատճառով արդեն գործազուրկ եմ, ունեմ հիփոթեք, ու հիմա շնորհիվ վերը նշվածների կկորցնեմ և բնակարանը։ Արենին շատ լավ եմ ճանաչում, քամելեոնը այդքան արագ գույնը չի փոխում, ինչքան Արենը։ Մինչև հեղափոխությունը բառիս բուն իմաստով ծառայում էր ՀՀԿ-ին, Արա Մինասյանին, հետո շատ արագ ձևով դարձավ «հեղափոխական»․․․․ Արենի վաղեմի երազանքն էր ինձ աշխատանքից հեռացնել, վերջին 3 տարում ամեն աստծո օր դրանով էր զբաղվել։ Նույնիսկ իմ բաժանմունքի քույրերին վարձել էր, որ ինձ հետևեն ծննդատան պատերից դուրս, ձայնագրում էին իմ խոսակցությունները ու տանում Արենին։ Դա դեռ Ա․Մինասյանի ժամանակ, երբ իմացա բողոքեցի Մինասյանին, վերջինս Արենին խիստ նկատողություն տվեց։



Այդ օրվանից Արենը ավելի ակտիվ էր ոտքիս տակը փորում՝ երազելով գոնե մի փոքր սխալ գտնել իմ աշխատանքում։ Եվ ահա եկավ նոր տնօրենը, որը Արենի ընկեր Կարենի կուրսեցին է, Արենը նոր թափ առավ․․․Արդեն 3 անգամ է մտնում տնօրենի մոտ, իմ հեռացման հարցը դնում։ Արենի նախաձեռնությամբ կատարվում է արտահերթ ինվենտարիզացիա, որի հետևանքով պարզվում է, որ իմ մոտ ավել պարագաներ կան, որոնք 2013 թվականին հիվանդանոցը ԱՄՆ-ից օգնություն էր ստացել բժշկական պարագաներ (ատսոսի խողովակ), պարագաների քանակության շատ լինելու պատճառով իմ բաժանմունքին տրված պարագաները մինչ օրս չեն վերջացել։ Պարագաները ստացման օրվանից մինչ օրս գտնվել են բաժանմունքի պահեստում և օգտագործվում են ըստ անհրաժեշտության։ Նորանշանակ տնօրենը ինձ հանձնարարում է կազմել ներքին մատյան, գրել ավելցուկի մասին և հանձնել վիրահատարան։ Տնօրենի պահանջը կատարում եմ, անցնում է մեկ շաբաթ, առավոտյան ինձ տալիս է խիստ նկատողություն, (որն ըստ Աշխատանքային օրենսգրքի տրվում է 2 նկատողությունից հետո, որոնք չեն եղել), երեկոյան ասում է՝ դիմում գրի ազատման, և սպառնում, որ եթե չգրեմ ոստիկանություն կզանգի, նույն բանը կրկնում է Արենը։ Հարցնում եմ՝ ի՞նչ փոխվեց, մի շաբաթ առաջ ոնց ասացիք այնպես էլ արեցի, պատասխանում է՝ «էն ժամանակ լավ չէի մտածել»։ Ստացվում է ինքնակամ դիմումի համաձայն ազատման դեպքում՝ նույնիսկ հիպոթեքի ապահովագրությունից չեմ կարող օգտվել։ Նշանակում է աշխատանքից գողանալու համար հեռացնում են, բայց իրականում մաքուր աշխատելու համար էլ են հեռացնում։ Համաձայն վերը նշածիս՝ ծննդատանը տիրող կոռուպցիայի մասին, ներկայացնում եմ ցուցակ, որը կազմվել է արդեն Արման Հովակիմյանի օրոք։ Ցուցակում նշված են հիվանդների պատմությունների համարները, ամսաթիվը և անուն ազգանունները, որոնք վճարել են վիրահատող բժիշկներին 50 000-80 000 դրամ»,- **«Հրապարակի»** հետ զրույցում ասաց Քրիստինա Ղասաբյանը։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/45911339_288691841774551_5899508485841747968_n.jpg?_nc_cat=104&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=fb451da7cf002cb5813b43be075e0238&oe=5C851DBF)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46104281_2174207559503917_4454407021877264384_n.jpg?_nc_cat=109&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=214a36789a001b370aace86d8fb00f69&oe=5C69D01B)



Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ տնօրենի պաշտոնակատարի հետ։ Հովակիմյանն ասաց, որ եթե դիմում չգրի, ապա ամեն ինչ այլ ճանապարհով կգնա․ «Ունեցել է ապրանքներ, որոնց տիրապետել է միայն ինքը, բանալին ունեցել է միայն ինքը, և այդ ապրանքների մեջ եղել են պետգնումներով գնված ապրանքներ, որոնք դուրս գրվելուց հետո անընդհատ հայտնվել են այդ պահարանում, մնացածը մեր իրավասությունների սահմաններում չէ, մնացածը արդեն ըստ օրենքի»։



**-Այդ դեպքում ինչո՞ւ չեք հրավիրել օրինապահ մարմիններին, եթե գտել եք, որ դա չարաշահում է, կամ ինչո՞ւ Դուք չեք ազատում աշխատանքից, այլ ստիպում եք, որ ինքը դիմում գրի և հեռանա։**



-Եթե ինքը դիմում չգրի, մնացածը այլ ճանապարհով կգնա, եթե կգրի․․․



**- Այսինքն՝ բարի կա՞մք եք դրսևորում։**



-Ոչ, դա բարի կամք չէ, ամեն ինչ լինելու է օրենքով այս հիվանդանոցում։ Մնացածը արդեն ես չեմ պարզելու, ես ուրիշ շատ այլ գործառույթներ ունեմ։



**- Դուք ասե՞լ եք, որ պատրաստվում եք «մինասյանականներից» ազատվել։**



-Ես նման բան չեմ ասել, ու իմ աշխատաոճը այս 3 ամիսների ընթացքում ցույց է տալիս հակառակը, որ իմ աշխատանքում նման ձեռագիր չկա, և աշխատելու են բոլոր այն մարդիկ, ովքեր լինելու են պրոֆեսիոնալ, կոմպետենտ և համապատասխանելու են իրենց աշխատանքին։ Եվ եթե Դուք ապացույցներ եք ուզում, ապա պարոն Մինասյանի արյունակից հարազատներն են այստեղ աշխատում, կարող եք գալ, հանդիպել և զրուցել իրենց հետ։



**- Քրիստինա Ղասաբյանը պնդում է, որ Ձեր ղեկավարած հիվանդանոցի ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանը հիվանդներից գումարներ է վերցրել և շարոնակում է վերցնել, Դուք էլ «ներվ» չունեք, նույնիսկ «աբխոդ» չեք անում։**



-Դե դա իր իրավունք է, որ որոշի ու հասկանա, թե ինչն է արվում, ինչը չի արվում, հիմա Դուք պետք է ինձ հարցեր տա՞ք, թե ինչ է ասվել․․․։ Իսկ չի՞ ասել, որ իմ գալուց հետո՝ առաջին իսկ օրվանից, հրաման է տրվել, որ հիվանդներից ընդհանրապես, նույնիսկ 100 դրամ գումար չպետք է վերցվի, ով էլ վերցնի, հեռանալու է աշխատանքից։ Մարդիկ կան, որոնք ազատվել են աշխատանքից՝ չհասկանալով այդ ամենը։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, ես պետք է թույլ տամ, որ բժիշկները ծնունդից գումա՞ր վերցնեն։ Իմ գալուց հետո բժիշկները սկսել են ստանալ մանկաբարձական ծրագրով պետպատվերի իրենց բոնուսները, որը նախկինում չի եղել, և դրա հիմնական նպատակը վատ երևույթներից խուսափելն է։ Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, բայց իմ պաշտոնին կարող են լինեն նաև ոչ կլինիցիստ բժիշկներ, և «աբխոդ» անելը իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես «աբխոդ» անելու իրավունք էլ չունեմ և կլինիկական աշխատանքների մեջ խառնվելու իրավունք չունեմ։



**Կորյուն Սիմոնյան**