Փոխմարզպետը սպառնացել է տնօրենին, ԱԱԾ-ն էլ՝ տնօրենի եղբորը

Փոխմարզպետը սպառնացել է տնօրենին, ԱԱԾ-ն էլ՝ տնօրենի եղբորը
Չարենցավանում այսօր հիշել էին հեղափոխության օրերը, երբ «դուխով» դուրս էին գալիս ու ճամփա էին փակում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Այսօր Չարենցավանի թիվ 3 դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները նորից դուրս էին եկել փողոց՝ արդեն հանուն իրենց տնօրեն Լուսինե Կարապետյանի, որն օրերս կայացած ընտրության արդյունքում չի վերընտրվել տնօրենի պաշտոնում։ Դպրոցի կոլեկտիվը, աշակերտներն ու նրանց ծնողները միասին այսօր վաղ առավոտից հավաքվել էին դպրոցի բակում՝ հայտարարելով գործադուլ և դասադուլ։ Այնուհետև ցուցարարները դուրս եկան փողոց ու քայլերթ իրականացրին՝ հընթացս փակելով նաև ճանապարհները, մինչև որ Չարենցավան ժամանեցին Կոտայքի փոխմարզպետն ու կրթության վարչության պետը։



Խնդիրն այն է, որ նրանք չեն ընդունում իրենց նոր տնօրենին՝ Աննա Բալյանին, որը մեկ այլ դպրոցից ժամանած ուսուցիչ է, քանի որ համարում են, որ կառավարման խորհրդի կողմից դպրոցի տնօրենի ընտրությունն անցկացվել է ուղղորդումներով և ճնշումներով, ինչի արդյունքում Լուսինե Կարապետյանը մեկ ձայնի տարբերությամբ չի ընտրվել։ Մինչ այդ եղել է երեք թեկնածու՝ Աշոտ Ուդումյանը, որը ստացել է 2 ձայն, Աննա Բալյանն ու Լուսինե Կարապետյանը, որոնք ստացել են 3-ական ձայն։ Երկրորդ փուլում արդեն Կարապետյանն ստացել է 3, Բալյանը՝ 5 ձայն։



«Լուսինե Կարապետյանն այն տնօրենն է, ում օրոք իսպառ վերացել է դպրոցում դրամահավաքությունը, նրա ղեկավարման տարիներին մեր դպրոցում չի եղել կաշառակերության որևէ դեպք, տիկին Կարապետյանի շնորհիվ մեր դպրոցի աշակերտների թիվը 241-ից հասել է 820»,- ասում էին ծնողկոմիտեի անդամները, աշակերտներն ու ուսուցիչներն իրենց ելույթներում։



Որոշ ժամանակ անց դպրոց ժամանեց նաև դեռևս գործող տնօրեն Լուսինե Կարապետյանը, որը, ինչպես տեղեկացանք, վատառողջ էր և տանը բուժում էր ստանում, մի կերպ ոտքի է կանգնել ու ժամանել դպրոց, որ հանդիպի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի հետ։



Կարապետյանը մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակը համարեց խայտառակ իրավիճակ՝ նշելով, որ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն իրեն զանգել, սպառնացել է այս հարցով, նաև իր եղբորն են այսօր գիշերը հրավիրել են ԱԱԾ և սպառնացել, որ դատական գործ կբացեն իր դեմ, եթե չդադարեն այս ակցիաները։



«Էն իրավիճակը, որը ստեղծվել է իբրև թե օրենքների պահպանությամբ, իրականում ոչինչ չի պահպանվում։ Ինչ անում էին հին ռեժիմները, նույն մեխանիզմները նորերն են գործածում»,- **Hraparak.am**-ին ասաց նա։



**-Ո՞ր օրենքն են խախտում։**



-Օրենք կոնկրետ խախտված չէ, առերես ամեն ինչ ճիշտ է, բայց այն, որ դպրոցի խորհրդի կազմը փոխվել է, մարզպետն իր թեկնածուներին ներկայացրել է, և նրանք ամեն ինչ արել են՝ սպառնացել են, մեր ծնողին աշխատանք են խոսք տվել, գյուղապետերն ու քաղաքապետերն իրենց դրսից թեկնածուներին ուղղորդել են, վերջնական ընտրությունը եղել է բացարձակ ուղղորդված։ Ու ոչինչ էլ չի փոխվել։ Ոնց նախկինում մարզպետներն իրենց թեկնածուներին էին անցկացնում, նույնը հիմա է։



**-Դուք այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, կարծեմ ՀՀԿ անդամ էիք։**



-Ես եղել եմ ՀՀԿ անդամ, դուրս եմ եկել, քանի նոր նախարարն ասաց, որ մանկավարժներն ու տնօրենները կուսակցական չպիտի լինեն։ Իսկ էս ամենը գալիս է նրանից, որ ընթացակարգը հինն է։ Երբ որ ութ հոգի են դպրոցի խորհրդում, և չորսը էն գլխից արդեն մարզպետի ներկայացրած մարդիկ են։ Մյուս չորսից երկուսը ծնող են, երկուսը՝ ուսուցիչ։ Բոլորն էլ մահկանացու մարդիկ են, կարելի է ճնշում գործադրել, փոխմարզպետը զանգել է ինձ, սպառնում է, գոռում է, ես իրեն ասում եմ՝ ես հիվանդ եմ, չեմ կարող դուրս գալ, բարձր տոնով հետս՝ Դուք հասկանո՞ւմ եք հետևանքները, հենց հիմա էս արեք, հենց հիմա էն արեք, ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է։ Մենք շատ հույս ունեինք, որ նախարարը սև-սպիտակը թողած՝ կզբաղվի իր պարտականություններով, կփոխվի վերջապես էս տնօրենների ընտրության խայտառակ կարգը։ Անգամ եթե ձայները հավասար կիսվում են, կրկնակի քվեարկությամբ, միևնույնն է, որոշում է մարզպետը։ Իրենք ինչքան էլ ասեն ուղղորդված չէ, չենք խառնվել, միևնույնն է, կասկածը, որ արդեն ուղղորդված էր այն փաստը, որ շատ ուշ ինձ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին ուրիշներին բազմաթիվ առաջարկներ անելուց և մերժում ստանալուց հետո․․․Չե՞ն ուզում հետս աշխատել, խնդիր չունեն, բայց մարդավարի ձև գոյություն ունի։ Փոխմարզպետն ինձ ասում է՝ սերնդափոխություն պետք է լինի։ Ես երևի շատ ծեր եմ և հին։ Ինձ ասում է՝ Դուք իրավունք չունեք անչափահաս երեխաներին հանեք փողոց։ Ասում եմ՝ ես չեմ հանել, և հարց եմ տալիս՝ եթե դա կարելի էր անել ապրիլ-մայիսին, կարծիք արտահայտել, և փնովվեցին էն տնօրենները, որոնք դարպասները փակեցին․․․ Իսկ մենք ասել ենք՝ ազատ եք ձեր կարծիքն արտահայտել, երբ որ կրծքի երեխայով էին դուրս գալիս ցույցերի, դա կարելի էր, իսկ հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, ոչինչ չի կարելի, անգամ չի կարելի կարծիք արտահայտել։ Ի՞նչ է նշանակում՝ ծնողներին զանգում են Աբովյանի քննչականից և սպառնում են՝ հլը դու տես, քո հայրն էլ գործից կազատվի, ձեր կնոջ կապերը քաշեք, ի՞նչ իրավունք ունի տենց բաներ կազմակերպի։



**-Դուք ասացիք, որ Ձեր եղբորը գիշերը հրավիրել են ԱԱԾ։ Ինչի՞ համար**։



-Այո, իմ եղբորը ԱԱԾ-ից կանչել են, ասել են՝ դուք հետևանքների մասին չե՞ք մտածում, ձեր վրա դատական գործ կբացենք, էս կանենք, էն կանենք։ Այսինքն՝ էն ռեպրեսիվ մեխանիզմները, որը սովորաբար նախկին իշխանություններն օգտագործում էին։ Մեր բոլոր հեռախոսները ձայնագրվում է, էստեղի ՔՊ-ի շտաբը ինչ-որ ստորագրահավաք է իրականացնում արդեն իմ «չարաշահումների» մասին․․․ Էն թեկնածուն՝ Ուդումյանը, որ եկել էր ընտրություններին, անգամ միայնակ վախեցել էր գալ, չեմ իմանում՝ ուտելո՞ւ էինք, սպանելո՞ւ էինք նրան։ Ինքը եկել էր ՔՊ-ի տղաների ուղեկցությամբ, մեկը բարձրացավ վերև, իրեն տեղավորեց, հետո ՔՊ-ի տղաները, տեսնելով, որ ոչ մի սպառնալիք չկա, թողել, գնացել են, բայց ակտիվ հետևել են էս ամեն ինչին։



_Մենք զրուցել ենք նաև Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի հետ և լսել ենք նրա պարզաբանումները ևս։ Նրա հետ զրույցին կարող եք ծանոթանալ _[_այստեղ_](https://www.hraparak.am/posts/5be99033cdd1fe19e00f6671/%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%B9%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A8-%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%B8%D5%BE)_։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**