Ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել

Ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը նույն բժշկական կենտրոնի ՝ վերանորոգումների և մատակարարման բաժնի վարիչ Վաչե Գալստյանին կանչել է իր մոտ և նրան հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ հիվանդանոցից՝ պատճառաբանելով, որ վերջինս լավ չի աշխատում․ «Ես վերանորոգումների և մատակարարման բաժնի վարիչն եմ, պարզապես ինձ ասաց՝ դիմում գրիր, ես էլ ասացի, որ չեմ գրի։ Հարցրի, թե ինչի՞ համար, ասաց՝ լավ չես աշխատում, բայց լավ չաշխատելը հարաբերական է, և ինձ թվում է՝ ինքը չի որոշում՝ ես լա՞վ եմ աշխատում, թե՞ վատ։ Այստեղ կա մեծ կոլեկտիվ, բոլորը կարող են հաստատել, իմ լավ ու վատ աշխատելը»,- մեզ հետ զրույցում ասաց Գալստյանը։



Հարցրինք, թե որևէ ճնշումներ եղե՞լ են իր նկատմամբ, և պատրաստվո՞ւմ է դիմում գրել ու ազատվել աշխատանքից․ «Դրանից հետո էլ իրեն չեմ տեսել, չեմ գնացել, սովորաբար ես շաբաթ, կիրակի օրերին էլ էի գնում։ Իհարկե, ես դիմում չեմ գրի, շատ-շատերն են երևի այդ կերպով խաբվել ու համոզվել, ես չեմ գրի, եթե ազատում է, թող ազատի, ի՞նչ ասեմ»։



Թեմայի առնչությամբ զանգահարեցինք «Գրիգոր Լուսավորիչ» Բկ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանին, վերջինս հաստատեց, որ Գալստյանին ասել է, որ դիմում գրի ու հեռանա, իսկ որպես պարզաբանում նա կրկին ասաց, որ վերանորոգումների և մատակարարման բաժնի վարիչ կոմպետենտ աշխատող չէ, լավ չի աշխատում և չի տիրապետում իր աշխատանքային պարտականություններին․ «Նա կոմպետենտ աշխատող չէ, նրան պետք է բացատրվի իր աշխատանքային պարտականությունները»,- ասաց Հովակիմյանը։