Ալիեւը գնում է Բատկային խնդրելու

Ալիեւը գնում է Բատկային խնդրելու
Եկող շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով կմեկնի Մինսկ: Այդ մասին նոյեմբերի 12-ին Մինսկմում Ադրբեջանի դեսպան Ղանդիլովի հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք փակ հարցեր չունենք»- [ասել է նա](https://haqqin.az/news/139559 ) եւ թվարկել համագործակցության ոլորտները:



Ուշագրավ է, սակայն, որ այդ շարքում Լուկաշենկոն չի խոսել բելառուսա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ թեմայի շուրջ քննարկում տեղի է ունեցել, պարզապես այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, բայց էականը դա չէ: Ադրբեջանի նախագահը Մինսկ է ուղեւորվում ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովից հետո եւ կազմակերպության՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք խորհրդաժողովից առաջ, այսպես ասած՝ միջանկյալ մի ժամանակահատվածում, երբ քննարկվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման եւ կազմակերպության դիտորդ եւ գործընկեր անդամի կարգավիճակի հետ կապված հարցեր եւ ակնհայտ է, որ համաձայնություններ ձեռք բերելու հավանականությունը շատ քիչ է: Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը «Կոմերսանտը» գրեց, թե միջոցառմանը հյուրի կարգավիճակով պետք է ներկա գտնվեր նաեւ Ադրբեջանի նախագահը, սակայն Հայաստանը կտրուկ առարկել է, եւ դա տեղի չի ունեցել: ՀԱՊԿ առաջնորդների հաջորդ հավաքին մնացել է մեկ ամսից պակաս ժամանակ, եւ այդ ընթացքում դիվանագիտական աշխատանքները, հասկանալի է, չեն դադարի: Ի՞նչ զարգացումներ են սպասվում, եթե Ադրբեջանի նախագահը որոշել է իրավիճակն անձամբ քննարկել Բելառուսի առաջնորդի հետ, որը հետխորհրդային քաղաքական, ռազմական եւ տնտեսական կառույցներում համարվում է Ադրբեջանի ամենաեռանդուն լոբբիստներից մեկը՝ այդ հարցում զիջելով, թերեւս, միայն Ղազախստանի նախագահ Նազարբաեւին:



Իսկ որ Ալիեւը Մինսկ է ուղեւորվում շատ լուրջ օրակարգով՝ կասկածել պետք չէ: Որքան կարելի է հասկանալ ռուս-ադրբեջանական փորձագիտական անդրադարձումներից՝ Աստանայում բաց է մնացել նաեւ մի ոչ պակաս կամ, թերեւս, ավելի կարեւոր հարց՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում հարկ կլինի ունենալ բոլոր անդամ երկրների՞, թե՞ մեծամասնության համաձայնությունը: Ահա այս հարցի համար է, ամենայն հավանականությամբ, Մինսկ շտապում Ադրբեջանի նախագահը, որտեղ փորձելու է Բատկային համոզել, որ պնդի երկրորդ տարբերակը: Բելառուսսի նախագահը հայտնի է որպես չափազանց պրագմատիկ գործիչ: Ի՞նչ է նրան առաջարկելու Իլհամ Ալիեւը: Պարբերաբար Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ծագում են նավթային մատակարարումների հարցով տարաձայնություններ: Հնարավոր է՝ Ալիեւը Բատկային խոստանա ադրբեջանական էժան նավթ կամ տնտեսական այլ պրեֆերանցիա: Բայց այդ դեպքում Բելառուսը խնդդիրներ կունենա արդեն Ռուսաստանի հետ:



Բացառված չէ, որ Ալիեւը Լուկաշենկոյի մոտ է շտապում, որպեսզի վերջինս փորձի միջնորդություն անել Ռուսաստանի նախագահի մոտ: Հայաստանին, ամեն դեպքում, սպասվում է դիվանագիտական փորձություն. ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները փորձելու են Երեւանին համոզել, որպեսզի չառարկի ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ շնորհելուն: Դա հասարազոր կլինի ԼՂ խնդիրը եվրասիական «ընդհանուր տան սկզբունքներով կարգավորելու» գործընթացի մեկնարկին: Հայաստանը պետք է կարողանա չեզոքացնել այդ ծանր մարտահրավերը: