«Շանթ»-ի Յուրան և Վահագն Մուրադյանը պատերազմի մեջ են․ ի՞նչ կապ ունի դրա հետ Աղվան Հովսեփյանը

«Շանթ»-ի Յուրան և Վահագն Մուրադյանը պատերազմի մեջ են․ ի՞նչ կապ ունի դրա հետ Աղվան Հովսեփյանը
«Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ Ղարիբյանի (Յուրա) եւ դատախազության հնաբնակներից հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանի ջրերը երկար ժամանակ է՝ մի առվով չեն հոսում։ Ղարիբյանը Մուրադյանից պարտք ու պահանջ ունի՝ 19 միլիոն դրամի կարգի։ Վեճն էլ սկիզբ է առել 2005 թվականից եւ տեւական ժամանակ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թվականի հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը Մուրադյանին է վաճառել Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։



Ղարիբյանի պնդմամբ՝ Վահագն Մուրադյանն այդպես էլ չի վճարել 19 միլիոն դրամը: Նա Մուրադյանին առաջարկել է լուծել պայմանագիրը եւ վերադարձնել անշարժ գույքը, սակայն վերջինս ոչ միայն չի լուծել եւ չի վերադարձրել գույքը, այլ նաեւ այն վաճառել է Ասատուր Կարապետյան անունով մեկին։ Ղարիբյանը հայցադիմում է ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան։ Դատարանը հայցը բավարարել է, սակայն Վահագն Մուրադյանի եւ Ասատուր Կարապետյանի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ:



Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ բողոքները բավարարվել են. վճիռը բեկանվել է եւ փոփոխվել՝ գործի վարույթը մի մասով կարճվել է, մյուս մասով՝ մերժվել: Վերաքննիչում պարտվելուց հետո էլ Ղարիբյանն է բողոք ներկայացրել վճռաբեկ դատարան, սակայն այն ետ է վերադարձվել՝ առանց վարույթ ընդունվելու։ «Շանթի» սեփականատիրոջ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ Վահագն Մուրադյանն օգտագործել է դատական համակարգը․ «Առքուվաճառքի պայմանագիրը կա, գրված է, որ նա մեկ օրում պետք է վճարի։



Օրենքով, եթե դու կադաստրում նման առքուվաճառքի պայմանագիր ես գրանցում, կադաստրն այդ տարաժամկետ վճարումը դիտարկում է որպես գրավ, եւ դու մինչեւ նոտարից հայտարարություն չես բերում, որ անհատի հետ պարտք ու պահանջ չկա, կադաստրում այդ գույքը գրավից դուրս չի գալիս, իսկ Վահագն Մուրադյանը, հենց մենք օտարում ենք, մոտիկ հարաբերություններ են եղել, չենք մտածել, որ կքցի, արագ-արագ ոմն Ասատուր Կարապետյանի վրա է գրանցում ու տենց այլ անձանց վրա փախցնում է գույքը։ Հիմա, էսօր վերջնական տեղեկանք ենք վերցրել, որ 10 տարի անց այդ հացի գործարանը Վահագն Մուրադյանի անունով է գրանցված, գործարանն աշխատեցնում է։



Առաջին ատյանը բացարձակապես մեր օգտին էր վճռել, իսկ վերաքննիչը որոշում է կայացրել՝ եթե դու պայմանագիրը լուծելու ծանուցում չես ուղարկել, այդ հիմքով պայմանագիրը չի լուծվում, բայց ամեն դեպքում հաստատված է, որ մենք գումարը չենք ստացել։ Այդ չվճարված գումարին չի էլ անդրադարձել, բայց դե ֆակտո եւ դե յուրե գումարը չի վճարվել»։ Մարտիրոսյանի խոսքով՝ Մուրադյանը չի էլ հերքում, որ գումարը չի վճարվել․ «Վերաքննիչ դատարանը մեծ հնարք է խաղացել։ 2 պայմանագիր կա, որ մեկը Ղարիբյանն է վաճառել գույքը, մեկն էլ՝ որ Մուրադյանն է վաճառել երրորդ անձի։



Այդ ամեն ինչի առոչնչությունն էինք փորձում վիճարկել, արդյունքում վերաքննիչում որոշումն այնպես կայացվեց, որ հա՛մ պիտի գույքը չվերադարձվի, հա՛մ էլ պիտի գումարը չվճարվի։ Ամեն դեպքում, զավեշտ է ստացվում»։ Ըստ նրա՝ Ասատուր Կարապետյանն էլ չորրորդ անձի է վաճառել գույքը, որը կրկին այն վաճառել է Մուրադյանին․ «Հասկանալի ա, որ սա նույն շղթան ա, այդ Ասատուր Կարապետյանը նախկինում իր աշխատակիցն է եղել»։



Ղարիբյանը նամակ է գրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ ՀՔԾ-ից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում անդրադառնալ դրան, որովհետեւ դիմումում միայն ենթադրություններ են։ Այս պահին էլ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, իսկ մյուսներից դեռ պատասխան չունեն։



Վահագն Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ինքը տարածք է գնել եւ ոչ գործարան, որի դիմաց վճարել է․ «Շատ տարիներ առաջ ես նրանից գույք եմ գնել եւ գումարը վճարել եմ, որքան պայմանագրով նախատեսված է եղել։ Ես հիմա չեմ հիշում որքան, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բացի դրանից էլ՝ դրանով կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ Նա ճիշտ կլինի ասի՝ ո՞ր պաշտոնատար անձի հետ միասին ցանկանում էր այդ գույքը հետ վերադարձնել ապօրինի կերպով, բայց ուղղակի չստացվեց»։ Մուրադյանի խոսքով՝ Ղարիբյանն իրեն չի առաջարկել լուծել պայմանագիրը, նրա նախկին գլխավոր դատախազ ընկերն է առաջարկել։ Խոսքն Աղվան Հովսեփյանի մասի՞ն է։ Մուրադյանը նշեց․ «Երեւի, չեմ կարող ասել, իրենից հարցրեք՝ կասի։ Ես օրինական կարգով գույքը գնել եմ, ո՞նց կարող ես մարդուց գույք գնել եւ գումարը չվճարել, հնարավո՞ր է գնաս նոտարական գրասենյակ, գույքը գնես, բայց չվճարես։ Նա ինձնից պահանջել է գույքը ետ վերադարձնել, դիմել է դատարան, եւ դատական կարգով որոշում է կայացվել, օրինական ուժ է ստացել։



Գումարի մի հատվածի ստացականը չկար, որը ես վճարել էի՝ համարելով, որ նորմալ անձնավորություն է, հետո ինքը գույքն էր ամբողջությամբ ետ ուզում»։ Իսկ հարցին, թե տարածքը երրորդ անձի է վաճառել, այնուհետեւ ետ է գնել, Մուրադյանը նշեց՝ որեւիցե մեկին վաճառելու հետ կապված ոչինչ չի հիշում այս պահին․ «Գույքը ես գնել եմ Վարշամ Ղարիբյանից, իսկ ես երրորդ անձի վաճառել եմ, թե չէ… կարող է չորրորդ անձի էլ վաճառած լինեմ, ի՞նչ կապ ունի դա։ Ուրեմն ես Ձեզ մի բան ասեմ, ես ասեմ, որ նյութն ամբողջական լինի․ ես Վարշամ Ղարիբյանից եւ եղբորից եմ գնել՝ Մանվել Ղարիբյանից։ Ես Մանվել Ղարիբյանից եմ գնել, ուղղակի եղբոր անունով է գրանցված եղել, ես երկու եղբայրների գումարներն էլ տվել եմ։



Հետագայում Մանվել եւ Վարշամ Ղարիբյանների հարաբերությունները վատացավ, նրանց ընկերը՝ նախկին գլխավոր դատախազը, անցել էր Վարշամ Ղարիբյանի կողմը, եւ փորձեր էին կատարում օրինական ճանապարհով գնված գույքն ինձանից խլել, որը չստացվեց։ Էսքան բան, իրականությունը դա է… Գլխավոր դատախազի ընկերոջից բան գնեմ ու գումարը չտա՞մ։ Ինքն իր եղբոր հետ կռվել էր, հետո էլ անցան իմ գույքին։ Փառք Աստծո, դատարանը չենթարկվեց, արդար վճիռ կայացրեց»։ Փորձեցինք կապ հաստատել նաեւ մյուս եղբոր՝ Մանվել Ղարիբյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։



Հիշեցնենք, որ Ղարիբյան եղբայրների հակամարտությունը երկար պատմություն ունի եւ ձգվում է տեւական ժամանակ։ Այս հակամարտությունը կապվում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի անվան հետ։ Մանվել եւ Վարշամ Ղարիբյան եղբայրները համատեղ հիմնադրել եւ կառավարել են պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը։ Նրանց էին պատկանում նաեւ «Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը: Սակայն տարիներ առաջ եղբայրների միջեւ ծագած վեճի արդյունքում նրանք սկսեցին կիսել համատեղ սեփականությունը՝ դատ ու դատաստաններ, վեճ ու կրակոցներ, կալանք եւ թշնամություն ծագեց։



Ղարիբյանների ընտանիքի որոշ անդամներ հայտարարել են, որ եղբայրների միջեւ ծավալված հակամարտությունը հրահրել է Աղվան Հովսեփյանը: Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը, եւ հենց դրանով է բացատրվում այն իրողությունը, որ իրավապահներն ամեն ինչ անում են մյուս եղբորը` Մանվել Ղարիբյանին ճնշելու համար։ Անցած տարի էլ գրվեց, որ Վարշամ Ղարիբյանը, որը հասարակական կարգը խախտելու, ոստիկանությանը չենթարկվելու համար ձերբակալվել էր, պատժից խուսափել է Աղվան Հովսեփյանի շնորհիվ։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**