Ցնցում, շոկ, թերապիա

Ցնցում, շոկ, թերապիա
Իհարկե, միանգամայն արդարացի են նրանք, ովքեր զայրանում են նոր իշխանությունների կադրային քաղաքականությունից եւ նորանշանակ կադրերի անտեղյակությունից-անգրագիտությունից։ Իրավացի են, որ երիտասարդ ու անփորձ կառավարիչների պատճառով մեր երկրում պրոֆեսիոնալիզմը կատաստրոֆիկ անկում գրանցեց ու էլի կգրանցի։ Եվ միանգամայն հասկանալի է այն մարդկանց ափսոսանքը, ովքեր ասում են՝ հներն ավելի լավ էին աշխատում, ավելի լավատեղյակ էին, ավելի օգտակար իրենց ոլորտներում։



Բայց միաժամանակ չի կարելի չարձանագրել, որ հների ժամանակ իսկապես կոռուպցիա կար, լճացում, խնամի-բարեկամական սկզբունքով հարցեր լուծելու ավանդույթ, հովանավորչություն, հորից որդուն պաշտոնների փոխանցում եւ այլ արատավոր երեւույթներ։ Իհարկե, դեռ վաղ է ուրախանալու համար, եւ չի կարելի արդեն արձանագրել, որ կոռուպցիան վերացել է ու այլեւս գլուխ չի բարձրացնելու, որ միայն արժանիներն են առաջ գնալու, եւ ճահճից մենք դուրս ենք եկել՝ անցյալում թողնելով բազում ոլորտներում արմատացած արատավոր պրակտիկան։



Բայց անառարկելի է, որ իշխանափոխությունը թարմ շունչ է բերել, հույս է արթնացրել, կոռումպացվածներին ու «հարուստ պապայի» թեւի տակ աճած մոլախոտերին ցույց է տվել իրենց տեղը՝ հասկացնելով, որ փողն ու ապահով կյանքը ժառանգաբար չեն փոխանցվում, դրա համար պետք է շատ սովորել, հավասար պայմաններում պայքարել ու ջանասիրաբար աշխատել։ Այո, որոշ դեպքերում թացը չորի հետ վառվում է՝ տուժում են նաեւ արժանի մարդիկ, իսկ անարժանները երբեմն շահում են, բայց հեղափոխությունը նաեւ նման հետեւանքներ է ունենում։ Փոխարենը խախտվել է անշարժ ճահիճը, որի մեջ օրեցօր ավելի էր թաղվում Հայաստան պետությունը։ Եվ հույս կա, որ այս ցնցումը, վերջին հաշվով, օգտակար է լինելու մեր երկրի համար։