Ի՞նչ է անոնսավորում Ադրբեջանը

Ի՞նչ է անոնսավորում Ադրբեջանը
ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի անցկացման օրը ռուսաստանյան «Կոմերսանտը» սենսացիոն տեղեկատվություն հրապարակեց, ըստ որի՝ այդ համաժողովին հյուրի կարգավիճակով պետք է մասնակցեր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նման նախաձեռնությամբ, ըստ լրատվամիջոցի լավատեղյակ աղբյուրի, որը ներկայացված էր իբրեւ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակ, հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որին աջակցել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Ալիեւը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն վերջին պահին հայտնի է դարձել, որ այդ նախաձեռնության դեմ կտրուկ հանդես է եկել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Որ այդ տեղեկատվությունը մոտ է ճշմարտությանը, վկայում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնակատար Հիքմեթե Հաջիեւի՝ Աստանայի գագաթնաժողովի հաջորդ օրը մամուլի համար տարածած հայտարարությունը, համաձայն որի՝ Ադրբեջանն «ուշադիր հետեւել է ՀԱՊԿ գագաթնաժողովին, ուշադրության են արժանացել գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված փաստաթղթերը եւ ամփոփիչ հայտարարությունը, այդ փաստաթղթերից մեկը դիտորդ երկրների եւ գործընկեր երկրների կարգավիճակի [մասին է»](https://haqqin.az/news/139431 ):



Թերեւս առաջին անգամն է, որ Ադրբեջանը պաշտոնական հայտարարություն է անում ՀԱՊԿ գագաթնաժողովի վերաբերյալ, ինչը վկայում է կազմակերպության նկատմամբ այդ երկրի բացառիկ հետաքրքրության մասին: Առանձնահատուկ ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի փաստաթղթերից առանձնացրել է հատկապես մեկը, այն, որ կանոնակարգում է կազմակերպության դիտորդ եւ գործընկեր անդամի իրավական կարգավիճակը: Այս հանգամանքը կարեւորվում է նրանով, որ գագաթնաժողովի ավարտին Ղազախստանի նախագահ Նազարբաեւը երկրներին կոչ է արել ուսումնասիրել կազմակերպության դիտորդ եւ գործընկեր անդամությանը վերաբերող փաստաթղթերը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմն այս իմաստով արձագանքել է Նազարբաեւի հորդորին՝ դիվանագիտական լեզվով նկատել տալով, որ դրանում շահագրգռված է: ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր անդամի ամենահավանական թեկնածու է համարվում Ադրբեջանը:



Այդ մասին ռուսաստանյան փորձագիտական հանրությունն արտահայտվել է բազմիցս: Մինչեւ վերջին պահը պաշտոնական Բաքուն փորձ էր անում տպավորություն ստեղծել, թե իր համար միեւնույն է՝ ինչ որոշում կընդունի ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովը, բայց, երեւում է, Ալիեւի նյարդերը տեղի են տվել: Եւ նա աշխատակազմին հրահանգավորել է գրեթե բաց տեքստով հայտարարել, որ Ադրբեջանը մեծ ցանկություն ունի ՀԱՊԿ-ում ստանալու դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ: Մոտ մեկ ամիս հետո ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կհավաքվեն Սանկտ-Պետերբուրգում: Ենթադրվում է, որ այդ ընթացքում կկարգավորվի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Բայց գլխավոր ինտրիգը, թվում է, դա չէ, այլ՝ թե արդյոք Ադրբեջանի նախագահը կհրավիրվի՞ Սանկտ-Պետերբուրգ: Դատելով Հիքմեթ Հաջիեւի հայտարարության տոնայնությունից՝ Բաքվում նման ակնալիքներ կան: Այս համատեքստում չափազանց ուշագրավ է ռուսաստանյան մեկ այլ լրատվամիջոցի՝ Regnum-ի մեկնաբանի ոչ պակաս սենսացիոն ենթադրությունը, թե հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահը մոտ ապագայում ԼՂ հակամարտությաան կարգավորման հատուկ ներկայացուցիչ կնշանակի: Նախկինում նման պաշտոն զբաղեցրել է Վլադիմիր Կազիմիրովը, երբ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի ձեւաչափից դուրս Ռուսաստանը ԼՂ կարգավորման գլխավոր մոդերատորն էր եւ հասավ 1994թ. մայիսյան զինադադարի հաստատմանը: