Որոշակի բացթողումներ եղել են․ՊՆ փոխնախարարը՝ ողբերգական վթարի մասին

Որոշակի բացթողումներ եղել են․ՊՆ փոխնախարարը՝ ողբերգական վթարի մասին
Հայկական կողմն Ադրբեջանից գերիների փոխանակման առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ դա բացարձակ սուտ է. «Մենք նման առաջարկ չենք ստացել ու չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը, եթե Հայաստանում ռազմագերիներ չկան, ոչ էլ Արցախի Հանրապետությունում կան, մենք բավական բաց ենք աշխատում դրա հետ կապված։ Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ենթադրում եմ՝ Կարմիր խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, հասկանում է, որ դա իրենց ներքին կամ որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որի տակ որեւէ հիմնավորում չկա»։



Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական վթարին՝ Բալայանը նշեց՝ որոշակի բացթողումներ եղել են, բայց հստակ չի կարող ասել, թե որն է եղել վթարի պատճառը։



Փոխնախարարը նաեւ նշեց՝ չի բացառում, որ կվերանայվի որոշումը, ըստ որի, ՊՆ մեքենաները վարում են ժամկետային զինծառայողները. «Ժամկետային զինծառայողները, երբ որ նշանակվում են վարորդի պաշտոնում, դա չի լինում հրամանատարի կամ ստորադաս ու վերադաս պաշտոնյայի ցանկությամբ, այդ վարորդները մինչեւ բանակ զորակոչվելն անցնում են համապատասխան պատրաստություն։ Այս դեպքում եթե պարզվի, որ վարորդի մեղքով է եղել, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ այդ ծրագրերը վերանայելու հետ կապված, բայց այս վարորդը բավականին հմուտ վարորդ է եղել, մի քանի ամսից զորացրվելու էր»։



**Աննա Պապիկյան**