Ռուսաստանի ՄԻՊ-ը մեղադրում է Հայաստանին

Ռուսաստանի ՄԻՊ-ը մեղադրում է Հայաստանին
Ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների կրճատումը արտասահմանյան պետությունների տարածքում գործող դպրոցներում հանդիսանում է մարդու իրավունքների խախտում, որով տեղի ռուսալեզու բնակչությունը զրկվում է մայրենի լեզվի պահպանության եւ էթնո-մշակութային ինքնությունը պահպանելու իրավունքից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան։



«Մի շարք պետություններում ռուսաց լեզվի ուսուցման կամ ռուսաց լեզվով դպրոցական ուսուցման կազմակերպման արգելքը դարձել է լրջագույն խնդիր եւ դա հանդիսանում է այն մարդկանց իրավունքների խախտում, որոնց համար ռուսերենը մայրենի լեզու է։ Դրանք Մերձբալթյան երկրներն են՝ Հայաստանը, Ղրղզստանը եւ այլ երկրներ, որտեղ ապրող ռուսալեզու բնակչությունը զրկված է երեխաներին ռուսերենով կրթություն ապահովելու հնարավորությունից»,- ասել է Մոսկալկովան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Օմբուդսմենը նաեւ հավելել է, որ ներկայումս պետք է դիտարկել դեսպանատներին կից դպրոցների ընդլայնման հարցը։ Մոսկալկովան ասել է, որ պետք է պայքարել հանուն ռուսաց լեզվի ոչ թե զուտ լեզվի համար, այլ հանուն այն մարդկանց, ովքեր իրավունք ունեն պահպանելու լեզուն եւ մշակույթը, ռուսական ինքնությունը եւ տալ հնարավորություն մարդկանց ռուսաց լեզվով ստանալու կրթություն։