Բարեկամության կո՞չ, թե՞ թուլամորթության քարոզ

Բարեկամության կո՞չ, թե՞ թուլամորթության քարոզ
Ադրբեջանում պետական մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացվում: Դաստիարակվում է ագրեսիվ սերունդ, որի համար հայը պատմական թշնամի է, Հայաստանն ու Արցախը` ադրբեջանական տարածքներ: Խիստ գրաքննության պայմաններում ադրբեջանական հասարակությունը չունի հնարավորություն առերեսվելու պատմական իրողություններին, եւ ժամանակն այս հասարակության համար ստեղծել է կարծրատիպեր, որտեղ հայը թշնամի է, հային սպանելը` հերոսություն: Պետական միջոցներով թե՛ իրենց երկրում, թե՛ արտասահմանում հրատարակվում են հարյուրավոր գրքեր, որտեղ հորինվում ու սրբագրվում է պատմական անցյալ չունեցող երկրի պատմությունը: Փորձ է արվում ներկայացնելու Ադրբեջանի ու ադրբեջանական մշակույթի «հազարամյակների» պատմությունը, եւ, մեծամասամբ, միջազգային հանրությունը, բախվելով հայկական կողմի լռությանը, հավատում է դրան ու ընդունում անգամ հարյուր տարվա պատմություն չունեցող այս երկրի «դարերի» պատմական ուղին, իսկ հայերս այս պատմության մեջ ներկայանում ենք որպես զավթիչներ, քոչվորներ ու ահաբեկիչներ:



Միջազգային մակարդակով կատարվող ադրբեջանական այս քարոզչության ու պատմության կեղծման դեմ հայկական կողմը պետական մակարդակով բավարար քայլեր չի ձեռնարկում: Խոսքն ամենեւին թշնամանքի քարոզին թշնամանքով պատասխանելու մասին չէ, այլ Հայաստանի պատմության ու մշակույթի մասին ուսումնասիրությունների հրատարակումն ու տարածումը, ադրբեջանցի «պատմաբանների» կողմից տարածվող զեղծարարությունների բացահայտումը: Պետական մակարդակով պետք է քայլեր նախաձեռնվեն միջազգային հանրությանը պատմական իրողությունները ճշգրիտ ներկայացնելու ուղղությամբ: Մեր համապատասխան գերատեսչություններն այս ուղղությամբ բավարար ու տեսանելի քայլեր չեն իրականացնում, եւ այս բարդ ու պատասխանատու գործը մեծամասամբ դրված է նվիրյալ անհատների ուսերին:



Փոխարենը Հայաստանում ազատորեն հանդես են գալիս արտասահմանյան տարբեր կազմակերպություններից ֆինանսավորվող խմբեր, որոնք հայրենիքի ընկալման ու ազգային գաղափարախոսության բացակայության հիմքի վրա փորձ են անում հանդուրժողականության եւ բարեկամության քարոզներ իրականացնել հանրության շրջանում եւ հանձին ադրբեջանցու` ստեղծել ոչ թե հակառակորդի կամ թշնամու, այլ բարեկամի կերպար: Այնինչ սրանով մենք ոչ թե առերեսվում ենք իրականությանը, այլ կտրվում նրանից, անպաշտպան մնում սպասվող վտանգների դեմ, եւ այս պարագայում հանդուրժողականությունը ոչ թե դառնում է ուժի նշան, այլ` թուլության: Այժմ պետական մակարդակով այս հարցը ոչ միայն չի կանխարգելվում, այլեւ ակնհայտորեն խրախուսվում է: Իրականացվող այս քայլերը պառակտում են մեր ուժերն ու թուլացնում հակառակորդի դեմ ինքնապաշտպանության ոգին:



Հակառակորդին բարեկամի աչքով նայող մարդը չի կարող հարկ եղած դեպքում դեմ դուրս գալ նրան եւ պաշտպանել սեփական ընտանիքն ու հայրենիքը: Սա ոչ թե բարեկամության քարոզ է, այլ` թուլության ու թուլամորթության, որը հարվածում է մեր պետականության ողնաշարին ու թուլացնում վաղվա զինվորի մարտական ոգին ու պատրաստակամությունը: Իսկ այս թուլամորթության արշավն այժմ հանրության շրջանում իրականացվում է սեռական փոքրամասնությունների ակտիվիստների ու նրանց իրավապաշտպան կառույցների կողմից: Հայաստանում հետեւողականորեն ԼԳԲՏ համայնքի իրավունքների ամրապնդմամբ ու պաշտպանությամբ զբաղվող Լարա Ահարոնյանը, ով ընդգրկված է «ՔՊ» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, հայ-ադրբեջանական «բարեկամության» քարոզի ջատագովներից է: Նա իր ֆեյսբուքյան էջում մեծ խանդավառությամբ դրական արտահայտվեց հայ աղջկա ու ադրբեջանցի երիտասարդի թբիլիսյան համատեղ լուսանկարների մասին: Իսկ խնդիրն ամենեւին նրանց համատեղ լուսանկարը կամ շփումը չէ, այլ դրա քողի տակ տարածվող «բարեկամության» քարոզն ու «բարի» ադրբեջանցու կերպարի ստեղծումը: Ոչ ոք չի ժխտում, որ ադրբեջանցին զոհն է սեփական իշխանությունների վարած քաղաքականության, սակայն նրանց գիտակցության մեջ օր օրի ներարկվող թշնամանքի ու ատելության դիմաց հանդես գալ համերաշխության ու բարեկամության քարոզներով եւ փորձ անել ստեղծելու «բարեկամ» ադրբեջանցու կերպար, մեղմ ասած՝ անբարոյականություն է, այն դեպքում, երբ այդ նույն ադրբեջանցին պատրաստ է կացնահարել ու մորթել հայ տեսակդ:



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**