Քյոխվայական դարաշրջանն Աչաջրում շարունակվում է

Քյոխվայական դարաշրջանն Աչաջրում շարունակվում է
Աչաջրում հեղափոխությունից հետո իրավիճակը չի փոխվել, գիտելիքը տեղ չունի, տեղ ունեն ծանոթ-բարեկամ կապն ու հովանավորչությունը։ Այս տխուր եզրահանգմանն է եկել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի 32-ամյա շրջանավարտ Նաթելա Նազինյանը։ Նա բուհի տուրիզմի ֆակուլտետում երեք լեզու է սովորել՝ ֆրանսերեն, իտալերեն եւ ռուսերեն, հավատացել է, որ նոր ժամանակում կարելի է առանց արտագաղթելու կամ Երեւան տեղափոխվելու էլ աշխատանք ունենալ հարազատ գյուղում։ Հոկտեմբերի 30-ին Աչաջրի գյուղապետարանում համայնքային ծառայողի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվել։



Նա չի հուսահատվել եւ որոշել է մասնակցել՝ անգամ իմանալով, որ հզոր մրցակից ունի՝ ԱԱԾ աշխատակցի մայր, 61 տարեկան Կարինե Աբազյանը, որն անհիշելի ժամանակներից գյուղապետարանում է աշխատում։ Բայց եղավ ինչպես միշտ։ Նաթելային կտրել են՝ պատճառաբանությամբ, որ համայնքային ծառայողի մասին օրենքն անգիր է ասում։ «Հանձնաժողովում գյուղապետն էր, մարզպետարանից երկու ներկայացուցիչ, ավագանուց երկու ներկայացուցիչ։ Երկուսս էլ նույն միավորները հավաքեցինք, մարզպետարանի աշխատողները բավարարված էին, ինձ «5» նշանակեցին, բայց ավագանիներից մեկը՝ Կորյուն Վարդապետյանը, «4» դրեց, ասեց՝ օրենքը բառ առ բառ ես պատասխանել, պիտի քո բառերով ներկայացնես։ Բա ես ի՞նչ իմանամ, կարող ա իմ բառերով ներկայացնեի, մեկ էլ ասես՝ տհենց չի, սխալ ա, օրենքը պիտի բառ առ բառ արտասանես։ Ու տենց ինձ ասեցին՝ ազատ ես»,- պատմում է Նաթելան։ Նա վստահ է, որ հիվանդանոցի տնօրեն Կորյուն Վարդապետյանը հատուկ է «օգնել» ԱԱԾ աշխատակցի մորը։ «Նա հիվանդ կին է, 90-ական թվերից աշխատել է, ու ուզում են, որ մինչեւ վերջ այդտեղ մնա»,- ասում է Նաթելա Նազինյանը։ Ավագանու անդամ, հիվանդանոցի տնօրեն Կորյուն Վարդապետյանը վստահեցնում է, որ Նաթելա Նազինյանին «4» է դրել, որովհետեւ Կարինե Աբազյանի տրամաբանությունն իրեն ավելի է դուր եկել։



«Ես չգիտեմ, թե իր տղան որտեղ է աշխատում, ուղղակի, որ նա երկար տարիների աշխատող է, իր պատասխանն ինձ տրամաբանորեն ավելի է դուր եկել։ Իսկ Նաթելան իմ մորքուրի հարսն է, օտար չէ»,- ասաց տնօրենը։ Նաթելան երիտասարդ մասնագետ է, ինչպե՞ս եք վարվում երիտասարդ մասնագետների հետ։ «Ես վիրավորե՞լ եմ Նաթելային, ինչ է։ Այդ կինը (Կարինե Աբազյանը) մոտ 20 տարի աշխատել է այդ պաշտոնում, հինգ տարին մեկ լիցենզավորվել է, եթե վատ աշխատող լիներ, չէր լիցենզավորվի»։ Նաթելա Նազինյանը բողոքել է մարզպետին, պահանջել, որ նորից մրցույթ անցկացնեն՝ հանձնաժողովի ավելի մեծ կազմով, եւ այնպիսի մրցույթ, որ ինքն ու համայնքի հին աշխատող՝ ԱԱԾ-ականի մայրը միասին քննվեն, որ ինքը տեսնի, թե ով է ավելի լավ պատասխանում հարցերին։ Նրան հրահանգել են բողոքը ներկայացնել գրավոր։ Պատասխանին դեռ սպասում է։ Աչաջրի գյուղապետ Կարեն Ղալթախչյանը, որը հանձնաժողովի նախագահն է եղել, վստահեցնում է, որ մրցույթն արդար է անցել։



«Ուղղակի հանձնաժողովի անդամներից Կորյուն Վարդապետյանը Նաթելա Նազինյանին «4» է նշանակել եւ ասել, թե ինչի համար՝ օրենքն անգիր անելու։ Ես երկուսին էլ «հինգ» եմ դրել։ Կարինեն իմ հին աշխատողն ա, ԱԱԾ աշխատողի մայր լինելն ինձ համար նշանակություն չունի, մնացածի համար չեմ կարող ասել, կարող է եւ ինչ-որ նշանակություն ունեցել է, բայց ո՛չ ինձ համար»,- ասաց Աչաջրի գյուղապետը՝ վստահեցնելով, որ հաճույքով նոր մրցույթ կկազմակերպի, եթե այդպես որոշեն։ Ի դեպ, նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների աշխատողները, քաղծառայողները մրցույթով չեն անցնում, այլ առայժմ ուղիղ նշանակումներով, բայց գյուղերում համայնքային ծառայության մասին օրենքը դեռ գործում է։ Ըստ գյուղապետի՝ երկու մասնակիցներն էլ 20 հարցից 19-ին ճիշտ են պատասխանել, իսկ բանավոր քննության ժամանակ երկու հարց տվել են Կարինե Աբազյանին, երեքը՝ Նաթելային։ Կարինե Աբազյանի որդին՝ ԱԱԾ աշխատակից Վահե Գասպարյանը, հրաժարվեց մոր հեռախոսահամարը տրամադրել՝ ասելով, որ նա վատառողջ կին է, կարիք չկա նրան հարցադրումներով դիմել, ու ինքը վատ զգա։ Ճի՞շտ է, որ Դուք միջամտել եք, որ Ձեր մորը հաղթող ճանաչեն։ Հարցին Վահե Գասպարյանը հարցով պատասխանեց․ «Ձեզ ի՞նչ է թվում, այսօրվա պայմաններում նման բան հնարավո՞ր է»։ Այլ հարցերի նա չպատասխանեց՝ ասելով, որ հետո կզանգի, սակայն չզանգեց։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**