Քվորումի խնդիր

Քվորումի խնդիր
Թեպետ Ազգային ժողովն արդեն արձակված է, սակայն այն պահպանում է իր լիազորությունները․ կարող են հրավիրվել նիստեր, ընդունվել օրենքներ եւ այլն։ Մինչդեռ երեկ քվորումի բացակայության պատճառով չկայացավ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին հանձնաժողովականներից միայն երկուսն էին ներկայացել՝ նախագահ Կորյուն Նահապետյանն ու Տաճատ Վարդապետյանը, իսկ պետաիրավականի նիստում էլ մի կերպ էին քվորում ապահովել։ Անձնական խնդիրներով բացակայում էր հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, իսկ նրան փոխարինող Ռուստամ Մախմուդյանը համոզում էր, որ պատգամավորները չլքեն քննարկումը, քանի որ նույնիսկ մեկ անձի բացակայության դեպքում քվորում չէր լինի։



Բայց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանն այնքան զբաղված էր, որ, հայտարարելով, թե կողմ է բոլոր նախագծերին, հեռացավ։ Հանձնաժողովն ուշագրավ որոշում կայացրեց՝ ընդունեց ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը, որին բացասական եզրակացություն էր տվել կառավարությունը։ Նախագծով առաջարկվում է արգելել կրոնական կազմակերպությունների տարածքում հավաքների անցկացումը, սակայն քննարկման ընթացքում հարցը նեղացվեց, եւ դիտարկեցին միայն Հայ առաքելական եկեղեցին։ Ստացվեց «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ ուղղված օրինագիծ։