Դա մոլորություն է, առողջության ապահովագրությունն ամեն ինչի դարման չէ

Դա մոլորություն է, առողջության ապահովագրությունն ամեն ինչի դարման չէ
ՀՀ 2019 թվականի բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված գումարը կավելանա 10.2 մլրդ դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ 2018-ի բյուջեով այս ոլորտին հատկացված գումարն ավելանալու փոխարեն նվազել էր, եւ առողջապահության նախկին նախարարը չէր թաքցնում իր դժգոհությունը ֆիննախից, որ փողերը կրճատել են։ Այս ավելացման արդյունքում, ինչպես նշեց նախարար Արսեն Թորոսյանը, կավելանան բուժաշխատողների աշխատավարձերը։ Օրինակ՝ պոլիկլինիկաներում 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ աշխատավարձ, բուժքույրերի համար 80 հազարի փոխարեն՝ 120 հազար, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազարի փոխարեն՝ 100 հազար դրամ:



**-Պարոն Թորոսյան, 2018-ի բյուջեի ժամանակ առողջապահության նախարարը դժգոհում էր, որ իրենց հատկացված գումարը քիչ է, եւ ուղղորդում էր ֆինանսների նախարարի մոտ, թե գնացեք իրեն հարցրեք՝ ինչու են մեզ քիչ գումար հատկացրել։ Այս անգամ ֆիննախը հեշտությա՞մբ համաձայնեց ավելացնել ձեր բյուջեն։**



-Բյուջեի ավելացումը նախատեսվել է միջնաժամկետ ծրագրերով, եւ մենք գիտեինք մեր ավելացման չափը, եւ էդ ավելացումը կառավարության որոշմամբ է նախատեսված եղել։ Եվ որեւէ հատուկ վերաբերմունք ֆինանսների նախարարությունը չունի ո՛չ մեր, ո՛չ մյուսների բյուջեներին։



**-Այս ավելացված 10.2 միլիարդ դրամն ի՞նչ ուղղություններով է բաշխվելու, այդ ամենը որտե՞ղ եւ ի՞նչ չափով է աշխատավարձերի բարձրացում ենթադրում։**



-Աշխատավարձի բարձրացում ենթադրում է 5.4 միլիարդ դրամը՝ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում, ինչպես նաեւ հիվանդանոցային համակարգում՝ արդեն ավելի շատ բուժված հիվանդների հաշվին։ Բժիշկների աշխատավարձը կախված է ուղիղ նրանից, թե իրենք ինչքան բնակիչ ունեն կցագրված իրենց։ Եվ կան բժիշկներ, որոնք կարող են ստանալ 80 կամ 100 հազար դրամ, եւ կան բժիշկներ, որոնք կարող են ստանալ 300 կամ 400 հազար դրամ, հիմնականում գյուղական բնակավայրերում։ Աշխատավարձի աճը կարող եմ տոկոսով ասել, այս տարի 15-20 տոկոսով աճել է, եկող տարի նույնպես սպասվում է էլի եւս 15-20 տոկոս աճ, որը, սակայն, պարզապես չի տրվելու, այլ դրա տակ դրվելու են ցուցանիշներ, որոնց կատարման դեպքում միայն բժիշկները ստանալու են։



**-Այսինքն՝ մենք կկարողանա՞նք մեկ-երկու տարի հետո հասնել նրան, որ բժիշկները, բուժքույրերը հիվանդի ձեռքին չնայեն։**



-Առողջության առաջնային պահպանման օղակում ես կարծում եմ, որ հիմա էլ նման երեւույթները շատ քիչ են ու հազվադեպ։ Իսկ ընդհանրապես, դրան հասնելու համար մենք պետք է բոլոր ոլորտներում ունենանք այնպիսի աշխատավարձ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կենսագործունեությունը լիարժեք ապահովել։



**-Դուք նշեցիք, որ առողջապահական ապահովագրությանն անցնելու եք 3-4 տարվա ընթացքում, մինչդեռ նախորդ նախարար Լեւոն Ալթունյանը ձգտում էր արագացված տեմպերով հասնել այդ համակարգի ներդրմանը՝ համարելով, որ առողջապահության խնդիրների լուծման բանալին դա է։ Ինչո՞վ է պայմանավորված Ձեր մոտեցումների տարբերությունը։**



-Դա մոլորություն է, մեղմ ասած։ Ապահովագրությունն ընդամենը ֆինանսավորման մեխանիզմ է, ինչպես նաեւ նույն պետպատվերը, եւ դա պանացեա չէ, այսինքն՝ ամեն ինչի դարման չէ ապահովագրությունը։ Եվ ունի բազմաթիվ նախապայմաններ, որոնք եթե դու չապահովես, պարզապես կտապալվես։



Նախապայմանները սկսվում են մեկ շնչին ընկած ՀՆԱ-ից, այսինքն՝ քիչ ՀՆԱ ունեցող երկրները չեն կարողանում ապահովագրության էֆեկտիվ համակարգ ունենալ, վերջացրած նրանով, թե ով է հոգալու չաշխատող մարդկանց աահովագրության հարցը՝ պետությո՞ւնը, թե՞ աշխատող մարդկանց վրա հավելյալ բեռ է դրվելու։ Մինչեւ էդ հարցերի պատասխանը եւ հանրային կոնսենսուսը չլինի, մենք էդ համակարգին չենք կարող անցնել։ Հետեւաբար, շտապելն այստեղ բերելու է ունքն ուղղելու փոխարեն աչքը հանելուն։ Ես ասում եմ՝ այո, դա է ապագան, բայց՝ լավ մտածված ձեւով։ Ես Վրաստանի օրինակը կարող եմ բերել, որն ուներ մեզ նման մասնավոր ապահովագրական ընկերություններով համակարգ, որը ներդրվել էր Սահակաշվիլու ժամանակ եւ որն այնքան վատ աշխատեց ու այնքան չարդարացրեց, որ նոր կառավարությունը պարզապես վերացրեց այդ համակարգը ու մտցրեց ապահովագրական ազգային հիմնադրամ՝ մեկ պետական ընկերության միջոցով։



**ՀԳ**․ Քննարկմանը մասնակցում էր նաեւ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ակտիվ հարցադրումներ էր անում նախարարին։ Նրան հարցրինք, թե ինչպես է գնահատում առողջապահության նախարարության աշխատանքը, վարած քաղաքականությունը։ «Նախ ուրախ եմ, որ բավականին աճ է տվել առողջապահության բյուջեն։ Ուրախ եմ, որ հիմնական ռեսուրսներն ուղղված են առողջության առաջնային պահպանման հատվածին, որովհետեւ առաջին օղակն այն օղակն է, որ 100 տոկոսով ընդգրկում է ամբողջ բնակչությանը։ Այդ առումով ես գտնում եմ, որ Արսեն Թորոսյանը, լինելով հանրային առողջապահության մասնագետ, բավականին լավ է պատկերացնում ուղղությունները առողջապահության։ Կարծում եմ, որ ժամանակ է պետք, որպեսզի ինքը կարողանա այս բոլոր մտահղացումները, որ ունի, ներդնել։ Ամեն դեպքում, առաջին քայլերը դրական եմ գնահատում, ինքը ճիշտ վեկտոր է վերցրել, թե որտեղ գտնել առաջնահերթությունները»,- ասաց Արա Բաբլոյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**