Հորդորել են հրաժարվել նոր գազամուղի նախագծից

Հորդորել են հրաժարվել նոր գազամուղի նախագծից
Եվրախորհրդարանի մոտ 100 պատգամավոր հորդորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումից։ Պատգամավորները, որոնք հիմնականում բնապահպանական խմբակցության ներկայացուցիչներ են, դիմել են կանցլեր Մերկելին բաց նամակով։



Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում կա 750 պատգամավոր։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նամակում ասվում է, որ Գերմանիայի դիրքորոշումն գազամուղի հարցում հակասում է Եվրոպական էներգետիկ ընկերակցության նպատակներին եւ արհամարհում է Գերմանիայի գործընկերների շահերը, միաժամանակ նաեւ Ռուսաստանին տալով լրացուցիչ ռազմավարական լծակներ ազդելու ԵՄ վրա, քանի որ «Հյուսիսային հոսք-2»-ը ավելացնում է ԵՄ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։



Նշենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ին դեմ են հատկապես Ուկրաինան Լատվիան, Լիտվան ու Լեհաստանը, որոնք սա համարում են քաղաքական մոտիվացիա ունեցող նախագիծ։ Նախագծով Եվրոպան հավելյալ մինչեւ 55 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա Ռուսաստանից նոր կառուցվելիք գազամուղի միջոցով։