Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոնը» լքելու և Հանրային տեղափոխվելու մասին

Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոնը» լքելու և Հանրային տեղափոխվելու մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Պետրոս Ղազարյանը կարող է տեղափոխվել Հանրային հեռուստաընկերություն, այդ մասին նաև հայտարարեց Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ **«Հրապարակի»** հետ նախորդ զրույցում մեր կողմից հնչեցրած մի քանի հարցերին պատասխանելով՝ Պետրոս Ղազարյանը նշել էր, որ ավելի մանրամասն կարող է ասել 2 օր անց, ուստի նրա հետ ևս մեկ անգամ կապ հաստատեցինք՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար․



**- Պարոն Ղազարյան, արդեն հստա՞կ է, որ տեղափոխվում եք Հանրային հեռուստաընկերություն, և ի՞նչ պաշտոն պետք է զբաղեցնեք այնտեղ։**



**-**Այո, հիմա այդ պրոցեսում եմ, տեղափոխվում եմ, հիմա քննարկում ենք այդ բոլորը, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունից դուրս եմ եկել, այսօր վերջին աշխատանքային օրս է, մնացածն այնտեղ քննարկելու ենք։



**- Ինչո՞ւ որոշեցիք լքել «Կենտրոնը», չէ՞ որ Գագիկ Ծառուկյանից հետո Դուք էիք հեռուստաընկերության դեմքը, և Ձեր «Ուրվագիծ» և «Հայկական ուրբաթ» հաղորդումները բավականին մեծ լսարան ունեին։**



-Ես այնտեղ 17 տարի աշխատել եմ, համաձայնեք, որ 17 տարին մեկ տեղի համար չափազանց շատ է, լճանում ես, հոգնում ես, թարմություն, իմպուլս ես ուզում, 17 տարին մի փոքր շատ չէ՞, համաձայն չե՞ք։



**- «Կենտրոնի» սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, Հանրայինն էլ պետական միջոցներից է ֆինանսավորում, ի՞նչ եք կարծում այս տեղափոխության մեջ ենթատեքստ չի՞ կարելի փնտրել (պատասխանելով մեր այն հարցին, թե լարվա՞ծ են իր և ԲՀԿ հարաբերությունները՝ Ղազարյանը ասել էր՝ «Ես կուսակցական չեմ, ինչպե՞ս կարող եմ տարաձայնություններ ունենալ, եթե տարակարծություններ լինեին, չէի մասնակցի Ավագանու ընտրություններին։ Ես հիմա իրենց ցուցակում չեմ, ինչ իմանամ՝ իրենք ինչ են որոշում)։**



-Դուք ինչ ուզում եք փնտրեք, դա Ձեր իրավունքն է, Հանրային հեռուստաընկերությունը չունի սեփականատեր և պետք է սպասարկի հասարակական շահը, այդ առումով, ես կարծում եմ, շատ ճիշտ տեղ է։ Թե ոնց է եղել, հազար վերլուծություն կարելի է անել, իսկ եթե ինչ-որ բաներ էլ այնպես չեն, կշտկենք, դա ի՞նչ խնդիր է։ Ես դա էի ասում, որ աշխատանքի շատ մեծ դաշտ կա»։



**- Հնարավո՞ր է, որ Ձեզ կրկին տեսնենք քաղաքական պայքարում՝ նկատի ունենալով, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակով թեկնածու էիք։**



-Դե եթե ես գնում եմ Հանրային հեռուստաընկերությունում աշխատելու, ինձ թվում է՝ այդտեղից տրամաբանականորեն բխում է, որ չեմ մտնելու քաղաքականություն որևէ ցուցակով։



**- Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ձեզ առաջարկեն ընդգրկվել իրենց նախընտրական ցուցակում, ի՞նչ որոշում կկայացնեք։**



-Ես ինձ հիմա ավելի շատ տեսնում եմ ժուռնալիստիկայի մեջ, ես սիրում եմ, ես ինձ լավ եմ զգում այդ դաշտում, մանավանդ հիմա քաղաքականությունը ավելի բաց է դարձել, ավելի մրցակցային է դարձել, ընտրություններ չեն կեղծվում, և լրագրողի համար աշխատանքային դաշտը շատ մեծ է։ Առաջ մի տեսակ դատապարտված էինք, ով ինչ խոսում էր, մեկ է վերջում հաղթում էր հանրապետականը, հիմա այդպես չէ, հիմա մրցակցային է։



**- Հայտնի՞ է՝ Հանրայինում ինչ ձևաչափի հաղորդում եք ունենալու։**



-Այսպես ասեմ, նախնական հայտնի է, բայց քանի որ դեռ քննարկման փուլում են աշխատանքները, չէի ուզենա ասել, որ մի քանի օրից զանգահարեք, դա էլ կասեմ, հիմա աշխատանքային փուլ է, քննարկում ենք, բայց հավանաբար մինչ ընտրությունները կլինեմ եթերում։



**Կորյուն Սիմոնյան**