Մի՞թե զգոնության կորուստ ենք ունեցել

Մի՞թե զգոնության կորուստ ենք ունեցել
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մեկնարկը տրված է: Մամուլում ենթադրություններ են արվում, թե ո՞ր ուժերը եւ ի՞նչ հարաբերակցությամբ կստանան պատգամավորական մանդատների մեկ երրորդը: Երկու երրորդն անկասկած վերապահվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքին: Եթե իրականում այդպես էլ ստացվի, ապա կունենանք տխուր պատկեր, խորհրդարան, որտեղ ընդդիմությունը չի ունենա որոշումների վրա ազդեցության ոչ մի լծակ: Կփոխվեն դերերը, հանրապետականները կլինեն կառավարության կոշտ քննադատը, նրանց կլսեն վատ թաքցված քմծիծաղով եւ կանեն այն, ինչ նպատակահարմար կգտնեն, եւ երկիրը եւս մի որոշ ժամանակ կապրի սպասումներով, ապա կգա ժամանակը, եւ հասարակությունն իշխանություններից թերեւս ավելի խորը կհիասթափվի:



Նիկոլ Փաշինյանի այսօրվա շատ բարձր վարկանիշը երաշխիք չէ, որ վաղը նա չի դառնա քննադատության թիրախ, եթե երկրում սոցիալ-տնտեսական թռիչք տեղի չունենա: Անհնար է մարդկանց անվերջ կերակրել կոռուպցիայի դեմ պայքարի քարոզչությամբ կամ աղմկոտ բացահայտումներով, եթե դրանից կյանքը չի բարելավվում: Իսկ տնտեսական հրաշք, ինչպես ցույց է տալիս անցած կես տարվա փորձը, տեղի չի ունենում: Եւ աստիճանաբար փլուզվում են արդարացի կառավարման եւ սոցիալական բաշխման տեսլականի վրա մատուցվող պատրանքները: Չէ՞ որ մարդկանց տարիներ շարունակ ներշնչել էին, որ իսկական ժողովրդական կառավարությունը հարուստներից կխլի եւ ժողովրդին կվերադարձնի նրանից կողոպտածը, տնտեսությունը դուրս կբերի ստվերից, հարկային մուտքերը կավելանան, պետության հնարավորությունները կաճեն մի քանի տասնյակ տոկոսով եւ արդյունքում կվերադառնան ժողովրդին՝ աշխատավարձերի, թոշակների բարձրացման, գների նվազման եւ այլ բարիքների տեսքով:



Վեց ամսում այս ուղղությամբ դրական ոչինչ տեղի չի ունեցել: Ընդհակառակը, մի շարք ապրանքների գներն աճել են, իսկ կառավարությունը եկող տարվա բյուջեով աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսում: Որեւէ երաշխիք չկա, որ խորհրդարանական ընտրություններից եւ մեծամասնության կառավարության ձեւավորումից հետո իրավիճակ է փոխվելու: Հետեւաբար մարդիկ, որ գնալու են ընտրատեղամաս, իրենց պետք է նախապատրաստեն ոչ թե պատրանքների, այլ՝ ավելի լուրջ փորձությունների, որովհետեւ աշխարհում ուրվագծվում են զարգացումներ, որոնք արդեն իսկ մարտահրավեր են Հայաստանի նման շրջափակված, պատերազմի վերսկսման սպառնալիքին ենթակա, հումքային սուղ ռեսուրսների տիրապետող երկրի համար: Խոսք չկա՝ նախընտրական քարոզարշավի օրերին այդ եւ այլ լրջագույն սպառնալիքների մասին կգերադասեն լռել: Ոչ ոք հստակ չի արտահայտվի, թե ինչպես է տեսնում ԼՂ կարգավորումը, հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Չեն արվի մասնագիտական վերլուծություններ եւ գիտական հաշվարկների վրա հենվող կանխատեսումներ:



Օրինակ՝ եթե իրավիճակ չփոխվի, որքա՞ն բնակչություն կունենա Հայաստանը երկու-երեք տասնամյակ հետո: Կգերիշխի քաղաքական պոպուլիզմը, կհնչեն բարձր նոտաների կարգախոսեր՝ համազգային միասնության եւ այդ ներուժով սրբագործվելիք պայծառ ապագայի մասին: Վստահաբար կգտնվեն ուժեր, որ կզարգացնեն ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի՝ Նախիջեւանով եւ Կուր-արաքսյան հանրապետությունով հանդերձ, տեսլականը: Բայց դրանից դաժան իրականությունը դույզն իսկ չի փոխվի: Այս քարոզարշավին մեկը պետք է իրեն զոհաբերեր եւ ասեր ողջ ճշմարտությունը: Այդպես, ցավոք, չի լինի: Ոչ ոք քաղաքական ինքնասպանության չի ուզում գնալ: Թեեւ իրենց հոգու խորքում, երեւի, բոլորն էլ հասկանում են, որ այս էյֆորիան պատմա-քաղաքագիտական օրինաչափությամբ հակացուցված է աղետից հինգ րոպե պակաս ռեժիմում գոյատեւող մեր հայրենիքին: Իսկ մենք մեզ նախապատրաստում ենք հետընտրական հրաշքների: