Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետն եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու

Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետն եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր պաշտոնավարման 11-րդ օրը քաղաքապետարանում հանդիպեց լրագրողների հետ եւ մեկ ժամից ավելի պատասխանեց նրանց հարցերին։



Մեսչյանն այս պաշտոնում իր ամենակարեւոր աշխատանքներից մեկն է համարում վերջնականապես գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ստեղծումը, որպեսզի, եթե վաղն անգամ իր փոխարեն մեկ ուրիշը գա, աշխատի արդեն որոշակի մշակված գործառույթով․ «Գլխավոր ճարտարապետը պետք է ունենա որոշակի գործիքակազմ, որպեսզի կարողանա լիակատար կատարել իր աշխատանքը, ամենակարեւոր գործիքներն էլ, որ անհրաժեշտ են գլխավոր ճարտարապետին՝ կարգավորելու քաղաքային ճարտարապետությունը, գրեթե բացակայում են, այն դեպքում, որ բոլոր բաժինները կան՝ ե՛ւ վերահսկողության, ե՛ւ քաղաքաշինության, նաեւ՝ տարբեր գերատեսչություններ։ Հիմա եկավ ժամանակը, որ ստեղծվի մի սիստեմ, որ բոլորն աշխատեն միասին, այդ պուճախային աշխատանքի վերջը եկավ»։



Երեւանի մեծագույն պրոբլեմներից մեկն ապօրինի շինարարությունն է եւ հողազավթումները, ու քանի որ այս շղթայում տասնյակ մարդիկ են պատասխանատու, ապա, ըստ նրա, շատ դժվար է գտնել մեկին, ով ասի՝ ես եմ մեղավոր․ «Ես ուզում եմ դիմել մեր բնակիչներին՝ ապօրինի շինարարությանը՝ վե՛րջ, հողազավթմանը՝ վե՛րջ, չի՛ լինելու անօրինականություն, մի՛ ստեղծեք ձեզ համար պրոբլեմներ, դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ՝ եթե որոշեք իրականացնել ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով, բոլոր հնարավոր տարբերակներով կփորձենք հեշտացնել ձեր կյանքը, ոչ մի պրոբլեմ չեք ունենա։ Մի՛ գնացեք այն ճանապարհով, որ հետագայում ե՛ւ դուք, ե՛ւ մենք, ե՛ւ Երեւանը ունենանք խնդիրներ։ Նրանք, ովքեր այսօր պատրաստվում են սկսել ապօրինի շինարարություն, մի՛ արեք դա, ունենալու եք լուրջ խնդիրներ։ Խոստանում եմ ձեզ, գիտեմ, որ հիմա ահռելի քանակով մարդկանց մոտ ես սարսափելի վատամարդ եմ դուրս գալիս, կներեք, բայց մի կերպ կդիմանամ, որովհետեւ այն, ինչ հիմա ասում եմ, գործելու է ի շահ Երեւանի»։



Մեսչյանն ընդգծում է՝ լավ ժառանգություն չի ստացել նախորդներից, իսկ վերջին շրջանում տրվել են այնպիսի ճարտարապետական նախագծերի թույլտվություններ, որ ապշեցուցիչ են։ Ըստ այդմ՝ խնդիրն այն է, որ այսօր ինքն իրավասություն չունի արդեն հաստատված նախագծերն ինչ-որ ձեւով կարգավորելու կամ կասեցնելու։ Բայցեւայնպես, փորձում է ինչ-որ բան անել տրամաբանության սահմաններում եւ դրա համար հանդիպումներ է ունեցել ճարտարապետների, կառուցապատողների հետ։ «Կան բազմաթիվ ծրագրեր, փորված հիմքեր, հողային աշխատանքներ, որոնք ես կասեցրել եմ, մինչեւ գտնվեն տրամաբանական լուծումներ: Ցանկացած կառուցապատող քաղաքին ու բնակիչներին պետք է ցույց տա որոշակի վերաբերմունք: Օրինակ, Ստանիսլավսկու անվան թատրոնի հարակից տարածքում այսօր մեծածավալ շինարարություն է, եւ ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը, համաձայն որի՝ պետք է իրենց միջոցներով բարեկարգվի նաեւ թատրոնի ճակատային մասը»,- շեշտում է Մեսչյանն ու հավելում, որ այն մարդկանցից չէ, որոնք Երեւանի մասին խոսում են ողբերգական տոնով, մենք ունենք հրաշալի քաղաք, բայց ունենք նաեւ պրոբլեմներ, որոնք լուծելու համար ժամանակ է պետք։



Երեւանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, այդ կարգավիճակը քաղաքի գլխավոր ճարտարապետին կտա գործելու այն լծակները, որ հիմա չունի։ Մեսչյանը նկատում է՝ երբ գլխավոր ճարտարապետը դառնում է հլու հնազանդ, դրանից վատ բան չկա, իսկ մեր գլխավոր ճարտարապետները գրեթե միշտ ենթարկվել են քաղաքապետերի կամքին։ Այսուհետ այդպես չի լինելու, իր՝ այս պաշտոնին գալու պայմաններից մեկն էլ այն է եղել, որ ինքը պետք է ունենա ազատ գործիքակազմ, այլ կերպ ասած՝ ազատ գործելու հնարավորություն։



Անդրադարձ եղավ նաեւ «Հին Երեւան» ծրագրին․ Մեսչյանը նկատում է, որ այն կարելի էր հիանալի ձեւով կազմավորել Կոնդում, թեպետ էլի ուշ չէ։ Որից հետո պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի հուշարձան «Հին Երեւան» ծրագրի մեջ չի քանդվելու, դա վերաբերում է ե՛ւ Արամի 23-ին, ե՛ւ բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում․ «Քանի դեռ ես կլինեմ Երեւանի գլխավոր ճարտարապետը, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Եվ ամենակարեւորը՝ այն կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որեւիցե հուշարձան, նրանք պարտավոր են վերակառուցել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ Սա այն է, որ չի եղել եւ այսուհետ լինելու է անպայման»։



Նա ցավով նշեց, որ գրեթե անհնար է գնված հողատարածքներում որեւէ շինարարության արգելումը, բայց պետք է գտնել միջանկյալ մի լուծում, որ ե՛ւ կառուցապատողը չտուժի, ե՛ւ բնակիչները գոհ լինեն։ Այնուհանդերձ, այս պահին քաղաքի կենտրոնի բոլոր խոշոր շինարարությունները կանգնեցրել է, մինչեւ հանգեն որոշակի տրամաբանական լուծումների․ «Հնարավոր չէ ամբողջ քաղաքը բերել մի տրամաբանական վիճակի, որի մասին մենք բոլորս մտածում ենք, բայց թաղամաս առ թաղամաս բոլոր հարցերը, նույնիսկ գազի խողովակներից սկսած՝ կփորձենք լուծել»։



Ինչ վերաբերում է Արամի 23-ի շենքին, Մեսչյանն ասում է, որ ընդունել է շենքն այն վիճակում, ինչպես որ արդեն կար․ «Շինարարական աշխատանքների պատճառով հողային աշխատանքներ են կատարվել՝ գումարած ծանր տեխնիկա։ Այնտեղ մի պատ կա, որ առավել վտանգավոր վիճակում է, եւ այն ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել․ այդ պատը կամրացվի, որից հետո կսկսվեն նաեւ վերակառուցման աշխատանքները։ Ես եղել եմ այնտեղ, տեսել եմ իրավիճակը ու եթե ասում եմ, որ այդ կառույցը չեմ քանդելու, ուրեմն չի քանդվելու»։



Ինչ վերաբերում է վարչապետի դիտարկմանը, թե 2 մետր այն կողմ պետք է տեղափոխվի, Մեսչյանն ասաց, որ վարչապետի այդ խոսքը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ նրան, հավանաբար, ճիշտ չեն ներկայացրել իրավիճակը։ «Վարչապետն ունի մի մեծ պրոբլեմ՝ ինքն ուղղակի ամեն ինչ չի կարող իմանալ, եւ նա ստանում է այն ինֆորմացիան, որ իրեն ասում են իր խորհրդականները։ Ըստ երեւույթին, տեղի է ունեցել թյուրիմացություն, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ 2-3 մետր այն կողմ տեղափոխել, դա նշանակում է հուշարձանի արժեքային համակարգը հավասարեցնել զրոյի։ Ես ձեզ ասում եմ՝ ոչ մի հուշարձան չի քանդվելու, եթե ես վերցրել եմ Երեւան քաղաքի ճարտարապետության պատասխանատվությունը, ուրեմն վերջնական պատասխանը տալիս եմ ես։ Չի տեղափոխվելու եւ չի քանդվելու, այն պետք է վերականգնվի, եւ կառուցապատողը, որ այնտեղ շինարարություն է անում, իր միջոցներով պետք է այդ կառույցը ենթարկի ռեստավրացիայի։ Սա իմ անձնական պահանջն է»,- շեշտեց Մեսչյանը։



Դիմելով սրճարանների սեփականատերերին՝ Արթուր Մեսչյանը հորդորեց նրանց մինչեւ գարուն կամովին վերադարձնել բոլոր այն կանաչ տարածքները, որոնք ապօրինի զբաղեցվել են, իսկ գործունեությունը շարունակել միայն սեփականության կամ վարձակալության իրավունքով տրված տարածքներում, հակառակ դեպքում արդեն խնդիրներ կունենան։ Նա նաեւ ընդգծեց, որ հստակ մոտեցում պետք է որդեգրեն տարիներ շարունակ անավարտ մնացած շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ:



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**