Առաջիկայում մեր գործը կեղծ մարգարեներին բացահայտելն է

Առաջիկայում մեր գործը կեղծ մարգարեներին բացահայտելն է
ՀՀ նախկին իշխանությունների հուղարկավորումը պատմության «գրկում», հոգեբանական ու գաղափարական առումներով նաեւ, երկար կտեւի։ Հարցն այդ մեռելների ուրվականներից հետապնդվելու վախը չէ միայն։ Հոկտեմբերի 27-ն ու Մարտի մեկն արագ բուժվող վերքեր չեն, ինչքան էլ ժամանակը դրանք բալզամի։ Նախկին իշխանությունների եւ նախկինում ՀՀ-ում տիրող քաղաքական մտածելակերպ ձեւավորողների տված վնասները մեր պետությանն ու ժողովրդին ավելի մեծ են, քան վերոհիշյալ դեպքերի ողբերգականությունը։ Ստեղծված իրավիճակը իշխանության ձգտող հին ու նոր քաղաքական ուժերին հասկացնում է, որ այսուհետ իշխանության մեջ կոնֆետ չեն բաժանելու։ Հայ ժողովուրդն իր ապագան կազինոներում խաղադրույք դարձնողներին այլեւս չի վստահի։ Մեր ժողովուրդն իր ապագան նաեւ չի կարող վստահել գաղափարական ցուցամոլներին, որոնց պակասը մեր քաղաքական հրապարակը, ցավոք սրտի, չի զգում։ Այսօր, երբ Հայաստանի քաղաքական աուրան պայծառանալու կարիք ունի, հայ մտավորականությունն առաջինը պետք է մոտենա ազատ խոսքի ամբիոնին։



Պատմության մեջ տարբեր ազգեր տարբեր մոտեցումներ են ցուցաբերել ազգային պետականաշինության հարցերին։ Սկսած Հռոմեական կայսրությունից մինչեւ Օսմանյան, նաեւ այսօրվա Թուրքիան ու Ռուսաստանի Ֆեդերացիան տարածքային ու մշակութային զավթողական քաղաքականության շնորհիվ են իրենց պետականության ամրապնդման հարցերը լուծել։ Այսօր զտարյուն ռուսի կամ թուրքի գրեթե չես հանդիպի։ Այդ պետություններում ազգի կենսաբանական բնութագիրը երկրորդական պլանում է եղել։ Ամենաշատը սլավոնական ազգերին է հատուկ եղել պետականաշինության այս ձեւը։ Ռուսաստանը 20-րդ դար մուտք գործեց այդպիսի քաղաքական նկրտումներով։ Նրա կողմից ԽՍՀՄ-ի ստեղծումը հողը գյուղացիներին ու գործարանները բանվորներին տալու նպատակով չէր արված։ Արեւմուտքի ու Եվրոպայի կողմից Ռուսաստանին հայտարարված սառը պատերազմը Ռուսաստանին ստիպեց 70 տարի անց իր կերածը հետ տալ։ Նախկին ԽՍՀՄ կազմում եղած հանրապետություններից քչերին հաջողվեց Ռուսաստանի ամենակուլ երախից խույս տալ՝ առանց մեծ կորուստների։ Ռուսաստանը հայկական հողերը հայերից Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքով ինչպես խլել էր, այնպես էլ շարունակում է խլել՝ Հայաստանում ինչքան ուզում ես Հելոուին խաղացրու։ Չունենալով մի կարգին պետ ու պետություն, չունեցանք նաեւ քաղաքական տեսողություն։



Ելնելով այս իրողությունից՝ հայ մտավորականությունն ու մեր քաղաքական աշխարհազորն այսօր պետք է որոշի՝ ում աչքերով ու ակնոցներով պետք է նայենք առաջ։ Արցախյան հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցելու գործում մեր խոսքն արդեն էական չէ։ Ռուսաստանին իր նպատակներից մի շիշ հայկական կոնյակով չես շեղի։ Նա մեզնից բեթար քաղաքականապես հարիֆ Ադրբեջանին այնքան է զինել, որ մեր եղբայրական ընկուզենիները մնացել են զրահատեխնիկայի անիվների տակ եւ, ցավոք սրտի, ապրիլյան պատերազմում եղեռնված հայ զինվորների արյան մեջ։ Ռուսաստանն Արցախով մեր կոկորդից է բռնել, գրավյալ տարածքները վերադարձնելու խոստումներով՝ Թուրքիային իրեն բարեկամ սարքել։ Այնպես որ, այս գործը մի երես ունի յոթ աստառ։



Հայ-ադրբեջանական բարեկամությունը կփրկեր Հովհաննես Թումանյանը, սակայն նրան կարդացող չեղավ՝ մեր քաղաքական գործիչների համար Մաքիավելին ավելի իմաստուն էր գտնվել։ Մեր նախկին երեք թագակիրները զբաղվեցին Հայաստանի պետականության թուլացումով․ գրպանելով երկրի տնտեսությունը՝ նրանք ծառայեցին Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերին։



Եկեք, եկեք, Հայաստանում մնացած խեղճուկրակ, թզբեհ քաշող հայեր, եկեք տեսնենք՝ ուրիշ ի՞նչ խաղ կարող ենք խաղալ մեր գլխին։ Արդեն օրեր հետո մեր ձեռքը կտան բախտորոշ ընտրաթերթիկները։ Ի՞նչ ենք անելու, «գիր-ղո՞ւշ» ենք գցելու, թե՞ մեր պապենական «խեր, շառ, Աստվածն» ենք վանկարկելու։ Ընտրաձայների համար փող չի լինելու՝ էս էլ մեր գլխից կտրվեց։ Հայաստանի փողերը շրջանառվում են նախկին քաղաքական գործիչների բիզնեսներում։ Մենք ինչքան էլ խելոք լինենք, եւ մեր գործարար դաշտն ինչքան էլ օրինական լինի, զրոյից ոչինչ չենք կարող ստեղծել։ Արտասահմանյան ներդրումներն առկախվել են մեր քաղաքական «հաջողություններից»։ Հայաստանի ընդերքն ու ազգային մյուս հարստությունների ստվերային աճուրդը, ասում են, ավարտվել է։ Այդ աճուրդում այնքան գցվածներ ու քաշվածներ կան, որոնց հարցերի լուծումով միայն եթե գալիք իշխանությունները զբաղվեն, ապա մեր Նիկոլն էլի թրաշվելու ժամանակ չի գտնի։ Ուզենք, թե չուզենք՝ խոպանի ճամփան պետք է մոռանանք, Հայաստանում այնքան ռեմոնտի գործ կա՝ непочатый край։



Ժամանակն է մեր իշխանություններից, մեր սեփական երկրում մեր խոպանչու կարգավիճակը փոխելու ակնկալիք ունենալ։ Թույլ չպետք է տանք, որ մեզ առանց գրանցելու աշխատեցնեն՝ զրոյացնելով մեր իրավունքներն ու մեզնից կորզելով ծերության թոշակները։ Առիթից պետք է օգտվենք՝ Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքը դժոխքի վերածած կուսակցություններին գրիչի մեկ շարժումով գրողի ծոցն ուղարկելու, թե չէ սաղ տարին ճանապարհներ փակելով զբաղվելն էլ մի բան չէ։



Քրիստոսն ասում էր՝ կգան կեղծ մարգարեներ։ Մեր գործն առաջիկա ամսին պետք է լինի նաեւ ժողովրդի առջեւ մերօրյա քաղաքական կեղծ մարգարեների իսկական դեմքերը բացահայտելն ու նրանց մարգարեության նպատակների լուսաբանումը։ Մեր երկրում Մարտի մեկն ու ամայացած հարյուրավոր գյուղերը բավական են, որպեսզի ժողովուրդն այս անգամ էլ «հույսեր փայփայի», որ իր երկրի իշխանություններն իրենց կազինոներից ժողովրդին ավելի շատ կսիրեն։ Մի խոսքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական անցյալից պոկվելու համար։ Իսկ դրա համար պետք է դադարենք երազելուց։ Մեր հեղափոխությունն այնքան բան է արդեն մեր երկրի համար արել, մենք այնքան քաղաքական գործիչների ենք հասցրել ճանաչել, որ ինչքան էլ կասկածենք, հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժերին չվստահելու հիմքեր չկան, եւ մենք՝ հանուն մեր երկրի, չենք կարող չուղղորդվել փորձած թանի ու անփորձ մածունի մասին ժողովրդական ասացվածքի տրամաբանությամբ։



Ամենակարեւորը՝ պետք է հիշենք, որ պետականանպաստ ու ժողովրդասեր իշխանություն ունենալուց հետո միայն մենք կարող ենք մեր երկրի գերակա խնդիրների լուծումներին անցնել թե՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, թե՛ մեր առօրյա կյանքում։ 30 տարի է, ինչ մեր պետությունն իր կայացման փուլում է։ Եկեք մեզ հավաքենք ու սթափվենք՝ մեր երեխաների աչքերը մեր խոստացած պայծառ ապագայի ճամփին են։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_