Քննարկումներ՝ Հանրապետական գիտատեխնիկական գրադարանում

Քննարկումներ՝ Հանրապետական գիտատեխնիկական գրադարանում
Հոկտեմբերի 26-ին Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) գիտատեխնիկական գրադարանում (հիմնվել է 1962 թ.) կայացավ «Գրադարանները՝ թվային միջավայրում: Համագործակցության արդյունավետ հարթակի ձեւավորում» թեմայով քննարկում:



Քննարկմանը մասնակցում էին գիտության, կրթության, գրադարանային-տեղեկատվական եւ մշակույթի ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, մասնագետներ: Այդ թվում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնից, Մտավոր սեփականության գործակալությունից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Հայաստանի ազգային, ԳԱԱ հիմնարար գիտական, Հանրապետական գիտաբժշկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարաններից, այլ հաստատություններից:



Նիստը վարում էր գիտատեխնիկական գրադարանի ղեկավար, գիտ. թեկնածու Լեւոն Ղարիբյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՆՁԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանը՝ թեմայի արդիականության տեսանկյունից կարեւորելով գրադարանի նախաձեռնությունը:



Զեկուցման թեմաներով հանդես եկան գիտատեխնիկական գրադարանի առաջատար մասնագետներ Գայանե Հովհաննիսյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Ավետիսովան, Իվետա Միշինեւան, Լիլիթ Վարդանյանը, Նաիրա Հարությունյանը: Նրանք անդրադարձան գրադարանային ֆոնդերի համալրման խնդիրներին եւ դրանց լուծման այլընտրանքային ուղիներին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գրադարանային հավաքածուների սպասարկմանը, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի տեսանկյունից հիմնապաշարների թվայնացման խնդիրների ու բնօրինակների պահպանման անհրաժեշտությանը: Հարցեր, որոնք ունեն տեսամեթոդական եւ կիրառական կարեւոր նշանակություն:



Պետք է նշել, որ ուշադրության արժանի զեկուցումները հագեցած էին ուսումնասիրությունների հիման վրա կազմված աղյուսակային ցուցադրություններով, ճյուղային գիտությունների վերաբերյալ վիճակագրական բազմազան տվյալներով եւ վերլուծական նկարագրություններով, որոնք, մեր կարծիքով, հաստատում են գիտատեխնիկական գրադարանի ռազմավարական գործունեության, գործառույթների եւ առկա հաջողությունների մասին:



Քննարկվող թեմաների շուրջ տեղի ունեցան մտքերի փոխանակումներ եւ օգտակար առաջարկություններ: Ըստ Լեւոն Ղարիբյանի՝ գրադարանների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու, հատկապես գրականության համալրման, մատենագիտական սպասարկման եւ ընթերցանության ակտիվացման առումներով, անհրաժեշտ է հայկական գրադարանների միջեւ համագործակցության ընդլայնում: Այնուհետեւ, գրադարանային-տեղեկատվական գործունեության մեջ գրադարանավարներին հուզող «թվայնացման» եւ էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման մասին խոսեց Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով «ՀՀ հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծում ներառված փոփոխությունները: Հաշվի առնելով գիտատեխնիկական գրադարանի փորձը՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, գիտ. դոկտոր Գագիկ Սուքիասյանը հանդես եկավ գրադարանում ռազմական գրականության եւ մատենագիտության բաժին ձեւավորելու առաջարկությամբ՝ Հայոց բանակին գիտատեխնիկական գրականության ապահովման, ռազմական գործի զարգացման եւ գրադարան-բանակ համագործակցության նպատակով:



Ամփոփելով նշենք, որ քննարկված թեմաները եւ քննարկման արդյունքները գրադարանագիտական, մատենագիտական, գրքագիտական եւ փաստաթղթագիտական մտքի զարգացումներից բացի, առանցքային նշանակություն կունենան սոցիալական հաղորդակցությունների խորացման եւ ընթերցող հասարակության ձեւավորման նոր գործընթացներում:



**Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ**



_ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, գիտ. դոկտոր_