Ոչ´ սնունդ , ո´չ հագուստ, անգամ մահճակալ չունեն, որ երեխաները քնեն. հրդեհի պատճառով 3 երեխաները հայտնվել են դրսում

Ոչ´ սնունդ , ո´չ հագուստ, անգամ մահճակալ չունեն, որ երեխաները քնեն. հրդեհի պատճառով 3 երեխաները հայտնվել են դրսում
Մենք [անրադարձել](https://www.hraparak.am/posts/591f92a7e3d84d0d37fc0f44/%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9-%D5%AD%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80-%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AF-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AF%D5%A5%D5%BF%D5%A8-3-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A5%D5%B6-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D6%84-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8-%D5%BE%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B8?fbclid=IwAR053yDexIrOKFl4-4ADGH6RYik6w-PzCkKmZHpp5aFl2BMTVSpTrJlYriE) էինք Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղին կից անասնագոմում ապրող Մանվել Վարդանյանի ընտանիքի պատմությանը: Այս ընտանիքի կացարանային և սոցիալական պայմանները պարզապես սարսափելի էին, աննկարագրելի ծանր վիճակում էին բնակվում: Ընդամենը մի քանի ամիս էր Մանվելը իր 3 երեխաների հետ դուրս էր եկել անասնագոմին կից խալխլված շինությունից եւ ապրում էր վագոն-տնակում: Ինչպես ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում:



Ըստ Մանվելի՝ տնակը վերանորոգել էր, տեսքի բերել, որպեսզի ձմեռը այնտեղ ապրեին: Բայց արի ու տես բռնկված հրդեհը մի քանի րոպեում տնակը վերածում է մոխարկույտի: Մանվելը պատմում է, որ չի կարողացել թեկուզ մի զույգ կոշիկ կամ 1 հատ շոր փրկել, փրկվել են միայն երեխաները, որոնք բարեբախտաբար այդ ժամանակ տանը չեն եղել.



«Տղես դասից եկել ա, վառարանը վառել ու գնացել ա տատիկի մոտ: Ես էլ աշխատում եմ անասում պահում, մեկ էլ զանգեցի ասացին, որ տնակը վառվում ա: Եկա, տեսնեմ ողջ տնակը այրվել է, տնակում ինչ կար չկար վառվել ա: Երեխեքի շորերը, փաստաթղթերը, գրքերը,անգամ մահճակալներն ա վառվել: Ոչինչ հնարավոր չէր փրկել, միանգամից հրդեհ ա բռնկվել, փայտից տնակ էր ամբողջությամբ այրվել ա: Մի սենյակը ռեմոտն էի արել, ուզում էի տանիքն էլ փոխել, որ անձրեւոտ օրերին անձրեւաջուր չլսվեր տունը: Հիմա ոչ մի բան չունեմ, երեխեքս ոչ շոր, ոչ սնունդ, ոչինչ չունեն: Դեպքից հետո ծանոթներն են մի քանի հատ ծածկոց տվել, մի քանի կտոր երեխեքին շոր տվել, որ հանգնեն: Հիմա էլ անասնագոմի մի փոքր մասում ենք գիշերում»,-հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է 3 երեխաների հայրը:



Նա խոստովանում է, որ շատ դժվար է լինելու իր եւ երեխաների համար, առջեւում ձմեռ է, ոչ սնունդ ունեն, ոչ հագուստ, անգամ մահճակալ չունեն, որ երեխաները քնեն. «Սաղ կյանքս բանվորություն եմ արել երեխեքիս պահել եմ, ոչ մեկի մի վատություն չեմ արել, ես մենակ լինեի մի կերպ յոլա կգնայի, բա երեխեքս, ոնց եմ անելու, ոնց եմ ապրելու.....»:



Մանվելի ծնողները հիվանդ են եւ չեն կարողանում որդուն օգնել: Վարդանյանների ընտանիքը օգնության կարիք ունի: Ովքեր կցանկանան օգնել 3 երեխաներին եւ հորը, կարող են զանգահարել՝ 093 45 75 78 Մանվելին:



**Նելլի Կարապետյան**