Հաղթած նախագիծը եւս չի լուծում Ֆիրդուսի պահպանության խնդիրը

Հաղթած նախագիծը եւս չի լուծում Ֆիրդուսի պահպանության խնդիրը

Երեւանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի ժյուրին նախօրեին առցանց ամփոփիչ նիստում որոշել է Առաջին մրցանակը շնորհել ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին (Վիետնամ)։ «Նախագիծն ամենահաջողվածն է այն տեսանկյունից, որ զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը եւ տարածքում մնացած ժառանգությունը»,- հայտարարության տեքստում նշում է մրցույթի ժյուրին:

Մրցույթի համար, ընդհանուր առմամբ, ընդունվել էր 28 հայտ՝ աշխարհի 15 երկրներից, եւ ամենաշատը՝ 11 հայտ, Հայաստանից։ Ներկայացված բոլոր նախագծերը մի քանի օրից առնվազն վեց ամիս առցանց կցուցադրվեն altt33.info կայքում։ Լավագույն աշխատանքները Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կներկայացնի ՀՀ կառավարություն ու Երեւանի քաղաքապետարան՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։ 

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի կարծիքով, հայտարարված մրցույթը կարծես ճիչ լիներ՝ իշխանությունների ուշադրությունը հրավիրելու Ֆիրդուսի չլուծված խնդրի վրա․ «Բոլորին հասկանալի էր, որ առաջ գնալ գործող նախագծով՝ լրիվ կործանարար բան է, դրա համար այլընտրանքային մրցույթ հայտարարվեց։ Երեւանի կենտրոնի պարագծային կառուցապատումն իր մեջ գոյացրել է ինքնուրույն կառուցապատումներ, որոնցից մեկը Ֆիրդուսն է, որն ինքնուրույն կյանքով ապրող մի կառուցվածք է՝ շրջապատված վեստերնիզացված քաղաքով։ Այլ կերպ ասած՝ արեւելյան քաղաքի մնացորդը՝ արեւմտյան քաղաքի մեջ։ Իհարկե, սա բացահայտ սխալ էր, որ այդտեղ լինեն բարձրահարկ շենքեր, ներքին հրապարակ, որովհետեւ սա ամբողջովին հակասում է Երեւանի կառուցվածքին, հատկապես կլոր հրապարակ, որը քաղաքաշինական մեծ ազդեցություն ունի ներսում»,- ասում է Կ․ Բալյանը (խոսքը գործող՝ Նարեկ Սարգսյանի նախագծի մասին է, ինչն էլ հանգեցրեց այլընտրանքային մրցույթի)։ 

«Խնդիրը նաեւ այն է, որ Ֆիրդուսի գոյություն ունեցող նախագծից դեռ ոչ ոք չի հրաժարվել, որն անմիջականորեն կապված է Թամանյանի թմբուկի հետ․ «Սա կառուցելուց հետո այստեղ կստեղծվի մի նոր զանգված, որը կերեւա հրապարակից, եւ անմիջապես հարց կբարձրանա, որ դա փակելու ձեւը թմբուկը բարձրացնելն է։ Այսինքն՝ հիմա պետք է կատարվի սխալ, որը հետո պետք է բերի էլ ավելի մեծ սխալի, որովհետեւ այդ թմբուկի կառուցումը Թամանյանի ճարտարապետության դագաղի վերջին մեխն է լինելու։ Եվ դրա պատասխանատվությունը կընկնի ոչ միայն ճարտարապետների, այլ նաեւ իշխանությունների վրա։ Սրանք այն հետեւանքներն են, որ իր հետ կբերի գոյություն ունեցող նախագիծը»։

Ճարտարապետի համար կանխատեսելի էր, որ, փաստացի, այս մրցույթի նախագծերը եւս կբերեն Ֆիրդուսի թաղամասի քանդմանը։ «Ես բոլոր նախագծերը չեմ տեսել, բայց հրապարակված նախագծերից գիտեմ, որ դրանք, փաստորեն, նորից բերում են Ֆիրդուսի եւ այդ ամբողջ միջավայրի քանդման։ Այդ նախագծերն իրենց մեջ քաղաքաշինական սխալ չեն պարունակում, բայց իրենց մեջ չեն լուծում միջավայրի պահպանության խնդիրը։ Դրանք ավելի շատ քաղաքաշինական կոռեկտ լուծումներ են։ Խոսքը գնում է ներսի՝ արեւելյան միջուկի մասին, որն այսօր մարդկանց համար որպես կենդանի միջավայր է գնահատվում։ Այս մրցույթը չէր կարող պահպանել, քանի որ տարրական իմաստով տրված չէին պայմանները։ Մարդիկ հատկապես հեռավորության վրա նախագծելիս չեն տեսնում, թե այստեղ ինչ է իրենից ներկայացնում այդ միջավայրը, նրանք միայն տեսնում են պարագիծը, որոնք երկհարկանի, 19-րդ դարի արեւմտյան ոճի շինություններ են, նաեւ՝ ժամանակակից շենքեր, թե ներսում ինչ կենդանի կյանք կա, չեն տեսնում։ Նշված մի քանի հին շինություն կամ հատված՝ վերջնական լուծումով, անտեսվում են։ Եվ մոտեցումը ստացվում է այսպես՝ սա լավն է, թե լավը չէ։ Բայց լավի ու վատի խնդիր չէ, մենք այստեղ գեղարվեստական իմաստով հուշարձաններ չենք կարող տեսնել, այստեղ խոսքը գնում է կենդանի միջավայրի մասին։ Սա պետք է մանրամասն ուսումնասիրվեր»,- ասում է նա ու հավելում, որ կա նաեւ 2-րդ խնդիրը․ դա այն մարդիկ են, ովքեր ուզում են այդտեղ մնալ-ապրել, եւ մարդիկ, ովքեր չեն ուզում․ 

«Այսինքն՝ այս նախագծերը եւս հաշվի չեն առել ոչ միայն կենդանի միջավայրը, այլ նաեւ կենդանի մարդկանց։ Ստացվում է, որպես այդպիսին՝ այս մասով հետազոտություն չի արվել։ 21-րդ դարում այս խնդիրների պատասխանը պետք է դրված լինի ճարտարապետի առաջ, եթե դրված չէ, նա հետ է ընկնում 50-100 տարի։ Իսկ գեղեցիկ լուծումներ եղան՝ հնարքներով, կոռեկտ, արդիական, բայց ոչ մեկը չի պահպանում այն, ինչ կա»։ 

Ինչ վերաբերում է հաղթող վիետնամցի ճարտարապետի նախագծին, ապա այն իսկապես զարմանալի մի նախագիծ է, կարծում է Կ․ Բալյանը, քանի որ իր մեջ, այնուամենայնիվ, հնարավորություն է ստեղծում վերոնշյալը կիրառել եւ որոշ չափով կառուցված է այդ փիլիսոփայության վրա․ «Այնուամենայնիվ, այս նախագիծն էլ է քանդում միջուկը»։

Ըստ Բալյանի, կարելի է հասկանալ հաղթող նախագծի իմաստը` քանդել, զրոյացնել վերնակուլար (ինքնաշեն, առանց ճարտարապետի կառուցված) միջավայրը եւ նրա հետքերի վրա ստեղծել նոր վերնակուլար` ճարտարապետի ցուցումներով։ Տրվելու է միջավայրի վերաստեղծման re-start․ «Արդյոք, դա իրատեսակա՞ն է, մենք այսօր նման հարմոնիկ գոյատեւելու, անհատական եւ միաժամանակ միասեռ միջավայր ստեղծելու ունակություն ունե՞նք։ Լոկ ֆուտուրիստական չէ՞ այս սրամիտ նախագիծը։ Բայց եթե քաղաքական, ինտելեկտուալ քայլ արվի, եւ թույլ տան, որ այդ նախագիծը զարգացվի, որ դրա մեջ դրվի ողջ ինֆորմացիան՝ մարդկանց, մասունքների հետ կապված, դա կլինի լուծում։ Այստեղ պետք է կարողանալ գտնել մարդկանց, ովքեր կտեսնեն հնարավորություն՝ այս նախագծի միջոցով կոտրել այս իրավիճակը, որը 20 տարի հնարավոր չէր կոտրել։ Եվ եթե այստեղ այս բանը չարվեց, նույնը կարող ենք սպասել Կոնդի դեպքում, երբ կքանդվի եւ կկառուցվի լավագույն դեպքում 3-4 հարկանի Կոնդ՝ օդափոխիչներով ու ստորգետնյա կանգառներով»։