Գերիների հարազատների մոլորությունն ու միասնականության ուշացած կոչը

Գերիների հարազատների մոլորությունն ու միասնականության ուշացած կոչը

Երբ նոր էր ստորագրվել նոյեմբերի 10-ի հայտարարությունը եւ ընդդիմադիրները հանրահավաքներ էին անում, պահանջում Փաշինյանի հրաժարականը, պահանջում՝ զբաղվել գերիների ու անհայտ կորածների խնդիրներով, վերջիններիս հարազատները ոչ միայն չմիացան ընդդիմադիրների պայքարին, այլեւ վերջիններիս խստորեն արգելում էին խոսել իրենց որդիների խնդիրներից, համարելով, որ դրանով նրանց քաղաքական շահարկումների առարկա են դարձնում եւ «աթոռի կռիվ տալիս»: Նրանց մոլորության մեջ էին գցում նաեւ Փաշինյանն ու իր թիմակիցները, խաբելով եւ ասելով, թե ընդդիմադիրների հանրահավաքներն են խանգարում, որ գերիներին չեն կարողանում վերադարձնել: Անգամ որոշ ծնողներ վիրավորում էին ընդդիմադիրներին, արգելում միտինգներով իրենց որդիների «ճակատագրի հետ խաղալ»:

Անցել է արդեն հինգ ամիս, ոչ գերիները կան, ոչ էլ անհայտ կորած տղաներից լուր կա: Բաքվից եկած երեկվա դատարկ ինքնաթիռը, որի հետ մեծ հույսեր էին կապում գերիների հարազատները, հերթական անգամ հուսահատության է մատնել ծնողներին: Հիմա արդեն անհետ կորածների ու գերիների  հարազատներն իրենք են խնդրում մարդկանց, գնալ միանալ իրենց եւ պահանջել իրենց որդիներին վերադարձնել…Մինչդեռ այս միասնականության կոչը ինչ-որ չափով ուշացած է, միասնականությունը պետք է լիներ հենց սկզբից, ոչ թե պետք է տրվեին սուտասան իշխանավորների կեղծ մանիպուլիացիաներին: Եթե ժամանակին միասնականությամբ հեռացվեր Փաշինյանը եւ նրա փոխարեն նոր, լուրջ ու կարող բանակցող լիներ նստած այդ աթոռին, գուցե արդեն գերիների հարցը լուծված լիներ, անհետ կորածների ճակատագիրը՝ հայտնի…

Զարմանալի է նաեւ, որ ծնողներն իրենց որդիներին պահանջում են ոչ թե գերագույն գլխավոր հրամանատարից, ով թիվ մեկ պատասխանատուն է եւ թիվ մեկ մեղավորը, այլ՝ ՊՆ-ի պաշտոնյաներից: ՊՆ-ի  ո՞ր պաշտոնյայից են պահանջում իրենց որդիներին՝ նախարար կոչված Վաղարշակ Հարությունյանի՞ց, «տարած հետ բերած» ԳՇ պետի՞ց, ում պաշտոնավարման լեգիտիմությունը դեռեւս հարցականի տակ է,  թե՞ հրամանատարներից, ովքեր այնքան վճռականություն չցուցաբերեցին, որ կարողանան մինչեւ վերջ տեր կանգնել իրենց պահանջին՝ Փաշինյանի հրաժարականին: Ա՞յս մարդիկ են թուրքի հետ բանակցելու եւ գերիներ ետ բերելու, թե՞ Փաշինյանը, ով արդեն նախընտրական «տասովկեքի» մեջ է: Մի՞թե  ծնողները այդպես էլ չեկան այն համոզման, որ քանի դեռ իշխանության ղեկին այս վարչապետն է, գերիների հարցը չի լուծվելու, Հայաստանի համար ոչ մի դրական բան տեղի չի ունենալու: Փաշինյանի՝ իշխանության մնալը շարունակելու է երկիրը գլորել անդունդը, իսկ գերիներն այդպես պատանդ են մնալու թուրքի ձեռքին…