Կունենա՞նք քաղաքական մարմին

Կունենա՞նք քաղաքական մարմին
Ըստ տարբեր կանխատեսումների, հաջորդ խորհրդարանն ավելի վատն է լինելու, քան գործողը։ Թեեւ առանձնապես կանխատեսելու բան էլ չկա․ անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր հաջորդ խորհրդարաններն իրենց որակական կազմով, գրագիտությամբ, գաղափարականությամբ զիջել են նախորդներին, ուստի ամենաորակյալ պառլամենտը մենք ունեցել ենք 1990-95 թվականներին, երբ նաեւ ամենամաքուր ընտրություններն ենք ունեցել։



Հետեւաբար, կա մի փոքրիկ հույս, որ մաքուր եւ արդար ընտրությունների պարագայում մեծ անկում չենք ունենա։ Համենայնդեպս, հույս կա, որ մի քանի պարամետրով կունենանք առաջընթաց։ Մեկը, անշուշտ, տարիքային առումով։ Վստահ եմ, որ կհաջողվի ապահովել սերնդափոխություն, եւ ինչպես Երեւանի ավագանու պարագայում արձանագրեցինք, այլեւս չենք ունենա հոգնած, սպիտակահեր, իրենց ակտիվ կյանքն ավարտած մարդկանց ընտրանի, որոնց համար Երեւանի ավագանու անդամի մանդատն ընդամենը մեդալի, պատվոգրի նման մի բան է՝ նախկին վաստակի ու անցած ուղու համար շնորհված։



Մյուս պարամետրը, որ կհաջողվի ապահովել, քրեաօլիգարխիկ դեմքերից ազատվելը կլինի։ Եթե խորհրդարանում չենք ունենալու Շմայս, Սնխչի, Թոխմախ, ՍԱՍ, Նովո եւ այլ մականունավորներ, արդեն կարելի է ասել՝ առաջընթաց ունենք, եւ երկրի գլխավոր քաղաքական մարմինը հիրավի քաղաքական դառնալու ճանապարհին է կանգնած։  Ազգային ժողովում այլեւս չպետք է լինեն ապաքաղաքական դեմքեր, որոնց միակ մտահոգությունը սեփական բիզնեսին տանիք կանգնելն է եւ պատգամավորական մանդատից հնարավորինս օգտվելը։ Չպետք է լինեն մարդիկ, որոնք այդ մանդատը, կարելի է ասել, «գնում են» մեկ միլիոն դոլարով։ Այո, ընտրությունը նաեւ ծախս է, նյարդային ու ծանր աշխատանք, մրցավազք ու սեւ փիառ, բայց քաղաքակիրթ կանոնների ու չափի սահմաններում։