Արսեն Թորոսյանը կառավարության ամենահաջողված պաշտոնյաններից մեկն է

Արսեն Թորոսյանը կառավարության ամենահաջողված պաշտոնյաններից մեկն է

Ես իմ կյանքի ընթացքում շատ նողկալի բաներ եմ տեսել, ավելին՝ ինքս էլ շատ նողկալի բաներ արել եմ, բայց վերջին մի քանի օրերին այն, ինչ-որ կատարվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ, անցնում է նողկալիության բոլոր սահմանները։

Ժամանակին ասում էին, թե Արսեն Թորոսյանը կոմպետենտ չէ, չի տիրապետում առողջապահության ոլորտին։ Ինչպե՞ս կարող է այդ «անփորձ» ու «տգետ» մարդը նախարար լինել։ Հետո ավելացավ դասալիքի պիտակը։ Ինչպե՞ս կարող է հայոց սրբազան բանակից խուսափած մարդը նախարար լինել։

Հիմա էլ հիվանդ է, իսկ առողջական խնդիրներ ունեցողն ու ամենօրյա գրաֆիկով դեղեր օգտագործողն ինչպե՞ս կարող է առողջապահության նախարար լինել։

Էս ամենը բավական չէ, նախարարը նաև ցինիկ է։ Նա ասել է, որ եթե ձեր երեխաներին չպատվաստեք, ապա փոքրիկ դագաղիկներ ձեռք բերելու պետք կունենաք։ Ու այս ոչ կոմպետենտ ու դասալիք, հիվանդ ու ցինիկ անհատականությունն ամենառազմավարական ոլորտներից մեկի ղեկավարն է։ Շտապ հանել դուրս)))։

Ահա սրանք են այն հիմնական քննադատությունները, որոնց հասցեատերն է առողջապահության նախարարը։ Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան պարզունակ, որովհետև քաղքենի եք, տղաներ ու աղջիկներ, որովհետև կիսագրագետ եք ու երկու կոպեկից այնքան եք ոգևորվում, որ հետույքն ու երեսը իրարից չեք տարբերում։ Որովհետև դուք արժեքներ չունեք, տառաճանաչ եք, բայց այդ նույն տառերից կազմված բառերը ձեզ համար անճանաչելի են։ Որովհետև հեղափոխությունը կրկնապատկեց ձեր ատելությունը մարդու ու ամեն մարդկայինի նկատմամբ։

Ընդհանրապես սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Արսեն Թորոսյանը կառավարության ամենահաջողված պաշտոնյաններից մեկն է։ Ասվածի լավագույն վկայությունը նրա չափազանց բարձր արդյունավետությունն է։ Արսեն Թորոսյանն ու նրա նմանները մեր պետության զարգացման առաջնային լոկոմոտիվներն են, քանի որ նրանք հանդես են գալիս գիտության անունից՝ գիտություն հանուն ռեֆորմների և ռեֆորմներ հանուն գիտության սկզբունքով։

Դա մարդկային ազնիվ տեսակ է, որին բնական է, որ չէին հասկանալու, ու չէին հասկանալու հենց այդ նույն քաղքենիներն ու երկու կոպեկով տողեր սևացնողները։

Առողջապահությունը չափազանց բարդ ոլորտ է և ոչ միայն Հայաստանում։ Ընդհանրապես չափազանց բարդ է գործ ունենալ մի համակարգի հետ, որտեղ կան «կլանային» ավանդույթներ։ Կլանային եզրույթն այս պարագայում օգտագործվում է բառի ամենադրական իմաստով՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ գործ ունենք հասարակական խիստ ընդգծված ու տարբերակված շերտի հետ, որն է՝ բժիշկների հանրույթը։ Այսինքն՝ նմանատիպ համակարգերն անկախ քաղաքական վայրիվերումներից կարողանում են պահպանել իրենց ներքին խաղի կանոններն ու ավանդույթները, քանի որ պահպանողական են ու կլանային։

Միով բանիւ, առողջապահության ոլորտում ռեֆորմներ ու առհասարակ փոփոխություններ իրականացնելու համար առնվազն խիզախություն ու գիտելիքների մեծ պաշար է անհրաժեշտ։ Բնական է, որ ով փորձի արմատախիլ անել հին խաղի կանոններն ու ավանդույթները, պետք է բազմաթիվ թշնամիներ ձեռք բերի, քանի որ հին համակարգի մեջ շահեկան դիրքերում գտնվողները սվիններով են ընդունելու ցանկացած նորարարություն ու ամեն մի փոփոխություն։ Ահա այսպիսի իրավիճակում է հայտնվել Արսեն Թորոսյանը։

Արգելում է պետությունից գողանալ, ասում են՝ անփորձ է ու ոչ կոմպետենտ։ Պետությունից գողանալու համար հեռացնում է, ասում են՝ իր ընկերներին է տեղավորում աշխատանքի։ Ռեֆորմներ է իրականացնում, ասում են հոգեկանի հետ խնդիրներ ունի ու հենց այդ պատճառով էլ ազատվել է բանակից։ Հիմա էլ սկսել են նախարարի առողջության համար անհանգստանալ, ասում են՝ ախր, դուք հիվանդ եք, ինչպե՞ս եք աշխատելու այդ ծանր գործին։ Բա որ վատանա՞ք․․․

Ես չեմ հասկանում, ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ նախարարը տարիներ առաջ որպես բժիշկ մարդկանց հորդորել է պատվաստել իրենց երեխաներին, հակառակ պարագայում փոքրիկներին կարող է վտանգ սպառնալ։ Ի՞նչ վատ բան կա սրա մեջ։ Հա, մի հատ էլ սուր կատակ է արել դագաղիկների մասին։ Բայց դա կատակ էլ չէ, այլ անգրագիտությունից ու տգիտությունից ձանձրացած մարդու արձագանք։ Իբրև թե մերժում եք գիտությունը, ուրեմն գնացեք դագաղ առեք։ Ճիշտ է ասել։ Դա է չոր իրականությունը, քանի որ երեխաների մի զգալի մասը մահանում են ծնողների անգրագիտության պատճառով։

Մի խոսքով, ինչպես ասում էր դասականը, սա մանկապարտեզ էլ չէ, սա խենթանոց է։ Տղաներ ու աղջիկներ, մի՛ ոգևորվեք, Ֆեյսբուքում ու մամուլում «առնական» վերլուծաբաններ մի՛ խաղացեք, վերջին հույսի բաց նամակներն էլ ձեզ չեն օգնելու, հանգստացե՛ք։