Վերջ դնել Հայաստանը կործանող խելագարությանը

Վերջ դնել Հայաստանը կործանող խելագարությանը
Հայաստանը զենքը գնում է բացառապես Ռուսաստանից: Իսկ այլ երկրներից՝ միայն առանձին զինատեսակների փոքր խմբաքանակներ: Պատճառն այն է, որ սպառազինվելը թանկ «հաճույք» է: Մեր բյուջեն էլ այնքան անբավարար է, որ մենք ստիպված ենք պարտքով ապրել: Իսկ Մոսկվան «բարի» է՝ իր արտադրած զենքերը գնելու համար տրամադրում է վարկեր: Ավելին, դրանք մեզ վաճառում է ավելի էժան գնով, քան այլ, ոչ դաշնակից երկրներին: Էժան, բայց ոչ անվճար եւ ոչ էլ այնքան էժան, որ հարմար լիներ մեր «գրպանին»: Միաժամանակ, նա չի մերժում Բաքվին եւ վաճառում է նրան այնքան զենք, որքան որ վերջինս կցանկանա՝ դրանով իսկ ստիպելով Երեւանին նորից պարտքով զենք գնել: Արդյունքում, վերջին տարիներին Բաքուն գնել է 5 միլիարդ դոլարի սպառազինություն, մենք՝ մի քանի հարյուր միլիոնի:



Մինչդեռ, եթե Մոսկվան մերժեր Բաքվին, ինչպես անում են Արեւմուտքի երկրները, Երեւանը չէր հայտնվի պարտքերի ծանր լծի տակ, որոնք ստիպված են լինելու փակել «գույք՝ պարտքի դիմաց» գործարքով: Բացի այդ, մեզ տրամադրվող զինատեսակները ոչ միշտ են լինում ամենաարդիականը: Իսկ տրված վարկերը ծառայում են հենց Ռուսաստանին, քանի որ եթե այդ սպառազինությունները գնորդ չունենան, դրանք արտադրող ձեռնարկությունները պարապուրդի կմատնվեն եւ կսնանկանան: Վերջին այդպիսի օրինակը. մենք գնելու ենք ՍՈՒ-30 ՍՄ կործանիչներ, որոնք շուտով կհանվեն արտադրությունից, մինչդեռ Բաքվին կառաջարկվի գնել ՍՈՒ-35՝ ավելի նոր սերնդի կործանիչներ: Եվ մենք ստիպված կլինենք նորից պարտք վերցնել եւ գնել դրանք եւս, քանի որ մեր ունեցած կործանիչներն ի վիճակի չեն լինի դիմակայել ՍՈՒ-35-երին:



Ադրբեջանը հաճույքով է մասնակցում այս խաղին, որովհետեւ հավատացած է, որ ներքաշելով Հայաստանը սպառազինությունների մրցավազքի մեջ՝ թաղելու է մեզ պարտքերի մեջ, աղքատացնելու է, վատթարացնելու է հայաստանցիների սոցիալական վիճակը, ինչի հետեւանքով արագանալու է բնակչության արտագաղթը, եւ թուլանալու է մեր պաշտպանունակությունը: Եվ, ի վերջո, այնքան է հյուծելու մեզ, որ մենք հանձնվենք առանց դիմադրության: Դա է Իլհամ Ալիեւի ծրագիրը, որը նա չի էլ թաքցնում:



**Ո՞վ է տուժել, ո՞վ է շահել**



Հետեւաբար, Ադրբեջանին դուր է գալիս սպառազինությունների այս մրցավազքը: Ռուսաստանն էլ է գոհ գործերի այսպիսի ընթացքից: Նա իր ռազմական արդյունաբերության խթանումից բացի, պարտքի դիմաց ստանալու է ռազմավարական նշանակություն ունեցող եւս մեկ շահութաբեր օբյեկտ: Կշահեն շատերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, նաեւ՝ մեր բարձրաստիճան զինվորականները եւ չինովնիկները, որոնք կստանան յուրացումների, ատկատների եւ այլ շահութաբեր գործարքների հնարավորություններ: Կտուժեն միայն հայաստանցիները, որոնք ավելի կխրվեն պարտքերի մեջ եւ կզրկվեն եւս մեկ շահութաբեր ձեռնարկությունից: Փոխարենը՝ հպարտ կլինեն, որ Հայաստանը ձեռք է բերել սպառազինություններ, որոնք եթե նույնիսկ գնելու պահին դեռ չեն հնացել, շատ շուտով կհնանան ու կարժեզրկվեն:



**Ո՞ւմ է պետք այս խելագարությունը**



Արդյոք հայաստանցիներին պե՞տք է սպառազինությունների մեզ պարտադրված մրցավազքը: Չէ՞ որ արդեն իսկ ունեցածը բավարար է, որ մենք ոչնչացնենք Ադրբեջանի գլխավոր տնտեսական եւ նավթագազային օբյեկտները: Նաեւ փլուզենք Մինգեչաուրի ՀԷԿ-ի ամբարտակը, ինչից հետո կառաջանա ահռելի մի ջրհեղեղ, որն ամեն ինչ սրբելով՝ Ադրբեջանի մի ծայրից կարող է հասնել մինչեւ մյուսը՝ Բաքու: Հակառակորդն էլ սպառնում է, թե կոչնչացնի մեր ատոմակայանը։ «Թշնամական կողմը պետք է մտածի այն մասին, որ Հայաստանի տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ դարեր շարունակ կյանք չի լինի»,- ասված է այս տարվա հուլիսին արված Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ: Ո՞ւմ է պետք այս խելագարությունը․ Հայաստանին, կարծում ենք, այն այլեւս պետք չէ: Մի՞թե մեր երկրի նոր ղեկավարը կարիք ունի հների նման շեղել ժողովրդի ուշադրությունը՝ իր աթոռն ու թալանելու իրավունքը պահպանելու համար:



**Ի՞նչ է պետք անել, որ Ալիեվի ծրագիրը չունենա կրկնակի արդյունք**



Ժամանակն է, որ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով զենքի վաճառքի արգելանք դնել հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի վրա՝ պարտավորվելով, որ մենք եւս այլեւս չենք սպառազինվի: Եվ այլեւս պարտադրված չենք լինի զենք գնել՝ պարտքերի մեջ թաղվելու հաշվին: Բացի այդ, արդեն իսկ գործում են Ռուսաստանի որոշ ընկերությունների հանդեպ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները: Դրանց թվում է նաեւ «Ռոսօբորոնէքսպորտը», որից մենք գնում ենք սպառազինությունները: Ադրբեջանը, չցանկանալով ընկնել ԱՄՆ պատժամիջոցների տակ, ՌԴ-ից այլեւս զենք չի գնում: Առավել եւս, որ ինչ հնարավոր էր ձեռք բերել այդ երկրից, նա արդեն իսկ գնել է: Բաքուն շարունակում է սպառազինությունների մրցավազքը՝ զենք գնելով Բելառուսից, Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից: Իսկ Հայաստանն այդպիսի հնարավորություն չունի եւ ստիպված է լինելու «բարձրտեխնոլոգիական զենքի» գնումներ կատարել «Ռոսօբորոնէքսպորտից», ինչի հետեւանքով հնարավոր է հայտնվի ԱՄՆ պատժամիջոցների թիրախում: Եվ ոչ միայն Հայաստանը, այլեւ նրա ղեկավարները, որոնք կարտոնեն այդ գործարքները։



Իլհամ Ալիեւի ծրագիրը կգերակատարվի՝ ունենալով կրկնակի արդյունք։



**Ինչ է ասում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Ջորջ Քենթը**



Այս թեմայի շուրջ մենք հարցեր ուղղեցինք անցած շաբաթ Հարավային Կովկաս՝ այդ թվում նաեւ Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ հարաբերությունների համակարգող Ջորջ Քենթին:



«Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի հետ կապված հարցերը, կարծում եմ, պետք է ուղղել ռուս, այլ ոչ թե ամերիկացի դիվանագետներին: Հակամարտության մարդասիրական ազդեցության հարցում Ձեզ հետ համաձայն եմ: Անկախ նրանից՝ մենք լրագրող ենք, դիվանագետ, թե շարքային քաղաքացի, այդ նկատառումը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նա: «Ես գիտեմ, որ մեծ թվով հայեր եւ մեծ թվով ադրբեջանցիներ ուղղակիորեն տուժել են այդ հակամարտությունից: Նրանք ամեն ինչ կորցրել են եւ ստիպված են եղել նորից սկսել իրենց կյանքը: Երեւանի փողոցներից մեկում ես առիթ եմ ունեցել հանդիպելու Հալեպից եկած մարդկանց, ովքեր ամեն ինչ կորցրել ու այստեղ նոր կյանք են սկսել: Եվ այդ պատճառով նախորդ հարցին արձագանքելիս ես խոսեցի Իրանի կողմից ձեւավորվող մարտահրավերների մասին, որոնց արդյունքում Սիրիայում տուժում են անմեղ քաղաքացիներ»,- շարունակեց ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը: «Հոկտեմբերի 13-ին ես գտնվում էի Վրաստանի եւ Հարավային Օսիայի սահմանի շփման գոտում եւ այնտեղ հանդիպեցի մարդկանց, ում տները 2008-ին հրդեհվել էին ռուսական միջամտության արդյունքում: Կարծում եմ, որ պաշտոնյաներին անհրաժեշտ է շփվել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են այս իրավիճակներից, որպեսզի նրանց համար առավել հստակ եւ պարզ լինի այն հանգամանքը, որ մենք՝ բոլորս, ընդհանուր պատասխանատվություն ունենք այս ամենի մարդասիրական հետեւանքների համար եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել՝ առանց վախի: Եվ մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ գտնելու խաղաղ կարգավորում»,- եզրափակեց Ջորջ Քենթը:



**Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ**