Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են, հիասթափված եմ․ըմբիշ Արսեն Հարությունյան

Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են, հիասթափված եմ․ըմբիշ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․

Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է։ Գիտեմ` ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել, որպեսզի լավ ներկայանամ, ցավոք, չկարողացա նրանց հույսերը արդարացնել: Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս: Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով, բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։ Աստված առաջ, ամեն բան առջևում է, կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում։

Հիշեցնենք՝  Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտած աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) չհաղթահարեց երկրորդ շրջանի արգելքը:

Քառորդ եզրափակիչում Հարությունյանը գոտեմարտեց  ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւի հետ եւ պարտվեց 5:12 հաշվով:

Առաջին մրցափուլում Արսեն Հարությունյանը նախ մեկ միավոր վաստակեց, ապա մրցակիցը երկու միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ: Եւս երկու միավոր իր հաշվին Հարությունյանը ավելացնելուց հետո Աբդուլաեւը չորս միավորանոց հնարքով հաշիվը դարձրեց 6:3:

Երկրորդ մրցափուլում Աբդուլաեւը հարմար բռնվածքով երկու գլորումներով հաշիվը դարձրեց 10:3: Արսեն Հարությունյանը պատասխան գրոհում գցեց եւ գլորեց մրցակցին: Հաշիվը դարձավ 10:7՝ Աբդուլաեւի առավելությամբ:

Ուզբեկ ըմբիշի անկյունը բողոքարկեց, մրցավարները բավարարեցին եւ Արսեն Հարությունյանի հաշվից երկու միավոր հանեցին:

Մինչեւ գոտեմարտի ավարտն ուզբեկ ըմբիշը եւս երկու միավոր վաստակեց: Գոտեմարտն ավարտվեց Աբդուլաեւի հաղթանակով՝ 12:5:

Մեկնարկային 1/8 եզրափակիչում Հարությունյանը 13:3 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին: